Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
խորհուրդներ դիմորդներին

Հարցեր, որոնց պատասխանները պետք է իմանաք մինչ հարցազրույցի գնալը

03.12.2023 | 8164 դիտում

Հարցազրույցը հավաքագրման այն փուլն է, որի ընթացքում գործատուն պետք է վերջնականորեն որոշի, թե արդյոք դուք եք հենց այն մասնագետը, որին հարկավոր է վերցնել աշխատանքի։ Որքան լավ նախապատրաստվեք հարցազրույցին, այնքան ավելի վստահ և ճիշտ կներկայանաք, որի արդյունքում, գուցե ստանաք աշխատանքի առաջարկ։ 

 

Հարցազրույցի ընթացքում գործատուն նախ և առաջ հաշվի է առնում ձեր մասնագիտական որակների և հմտությունների համապատասխանությունը աշխատանքի պահանջներին։ Դեմ առ դեմ շփումը հիանալի հնարավորություն է ձեր հաղորդակցական հմտությունների վերաբերյալ պատկերացում կազմելու համար։ Եվ իհարկե, գործատուի ուշադրությունից չի վրիպի նաև այն հանգամանքը, թե արդյոք բավականաչափ ոգևորված եք տվյալ կազմակերպությունում և տվյալ հաստիքում աշխատելու հեռանկարով։

 

Այս ամենը ձեր մասին տալիս է այն տեղեկատվությունը, որի հիման վրա գործատուն պետք է որոշում կայացնի։ Իսկ այդ տեղեկատվությունը ձեր մասին տալիս եք դուք՝ պատասխանելով հնչող հարցերին։ Հետևաբար, անհրաժեշտ է կենտրոնանալ և հաշվի առնել, թե ինչ հարցեր կարող են հնչել, և որ պատասխաններն են ավելի արդյունավետ ներկայացնում ձեզ։ 

 

 

Այս գործում ձեզ աջակցելու նպատակով այսօրվա մեր բլոգում առանձնացրել ենք 5 հարց, որոնց պատասխանների մասին պետք է մտածեք նախքան հարցազրույցի գնալը։ Ներկայացրել ենք նաև, թե ինչպես պատասխանել դրանց։


Որո՞նք են ձեր կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակները

Այս հարցի միջոցով հավաքագրման մասնագետները ցանկանում են պարզել ձեր հավակնությունների մակարդակը և հասկանալ, թե  արդյոք տվյալ ընկերությունը և աշխատանքը համապատասխանում են այն ամենին, ինչին դուք ցանկանում եք հասնել ձեր մասնագիտական զարգացման ճանապարհին։

 

Ինչպե՞ս պատասխանել։ Նշեք, թե, ինչպես եք պատկերացնում ձեր աշխատանքով կազմակերպության գործունեության խթանումը երկարաժամկետ հեռանկարում և բացատրեք, թե ինչպես դա կնպաստի նաև ձեր անձնական նպատակների իրականացմանը։

 

Ինչո՞ւ եք ցանկանում հեռանալ ձեր ներկայիս աշխատանքից

Տալով այս հարցը՝ զրուցակիցը ցանկանում է տեսնել ձեր վերաբերմունքը ներկայիս գործատուի նկատմամբ․ արդյո՞ք հարգում եք վերջինիս և արդյոք այս նոր կազմակերպությունում ձեզ ավելի լավ կզգաք։

 

Ինչպե՞ս պատասխանել։ Ձեր գործատուի սխալների և բացասական կողմերի վրա կենտրոնանալու փոխարեն, նախ անդրադարձեք այն ամենին, ինչը գնահատում եք ներկայիս աշխատավայրում։ Օրինակ, կարող եք նշել, որ այն ձեր հմտությունները կատարելագործելու և որպես մասնագետ ավելի լավը դառնալու գործում մեծ նշանակություն է ունեցել։ Այնուհետև խոսեք այն մասին, թե ինչ ակնկալիքներ ունեք նոր աշխատանքից, ինչպիսի հնարավորություններ այն կբացի ձեր առջև, որոնք կարող եք ակնկալել այս նոր աշխատավայրում։

 

 

Որո՞նք են ձեր ուժեղ և թույլ կողմերը

Հավաքագրման մասնագետը, ով թեկնածուին տալիս է այս հարցը, ակնկալում է, որ կիմանա ոչ միայն այն մասին, թե դուք ինչն եք կարողանում լավ անել, այլև այն, թե արդյոք կարող եք բացահայտել ինքներդ ձեր այն կողմերը, որոնց վրա աշխատելու կարիք ունեք։ Սեփական թույլ կողմերի մասին հստակ պատկերացում կազմելը նաև հուզական բարձր ինտելեկտ ունենալու մասին է վկայում, իսկ վերջինս ժամանակակից աշխատաշուկայում կարևորագույն և պահանջված հմտություններից մեկն է։

 

Ինչպե՞ս պատասխանել։ Ամենակարևոր խորհուրդը, թերևս այն է, որ չփորձեք հարցը շրջանցել՝ տալով այնպիսի տարածված պատասխան, ինչպիսին է, օրինակ, «Ես չափազանց պրեֆեկցիոնիստ եմ» տարբերակը: Հիշեք, որ ոչ ոք կատարյալ չէ և բոլորն էլ ունեն թե՛ ուժեղ և թե՛ թույլ կողմեր։ Փոխարենը նշեք որևէ հմտություն, որի կատարելագործման ուղղությամբ աշխատում եք և ջանքեր եք ներդնում։ 

 

Այստեղ կարևոր է գործնական քայլերի մասին խոսելը և ոչ թե պարզապես գիտելիքների կամ հմտությունների բացերն արձանագրելը։ Նշեք, օրինակ, որ նախատեսում եք համապատասխան դասընթաց անցնել, որի արդյունքում ձեռք կբերեք անհրաժեշտ հմտությունները։

 

 

Պատմեք աշխատավայրում մի իրավիճակի մասին, որը այնպես չի ընթացել, ինչպես դուք կցանկանայիք

Նման հարց տալն ունի շատ հստակ նպատակ՝ պարզել, թե ինչպես եք դուք վարվում սթրեսային իրավիճակներում և ինչպես եք լուծում անսպասելիորեն առաջացած խնդիրները։

 

Ինչպե՞ս պատասխանել։ Այս պարագայում ձեզ անհրաժեշտ կլինի կոնկրետ օրինակի միջոցով նկարագրել, թե ինչպես եք վարվել նմանատիպ իրավիճակում։ Այս հարցին նախապատրաստվելը շատ կարևոր է, չէ՞ որ հարցազրույցի ընթացքում միգուցե մի քանի վայրկյանում չկարողանաք հարմար և դիպուկ իրավիճակ մտաբերել և արդյունքում չպատասխանեք այս հարցին, որով գործատուն գնահատելու է ձեր կարևորագույն հմտություններից մի քանիսը։

 

Հիշեք մի դեպք և պատմեք, թե ինչպես եք կարողացել օգտագործել ձեր խորաթափանցությունը և խնդիրներ լուծելու հմտությունները՝ իրավիճակը հանգիստ և արդյունավետ կառավարելու համար:

 

 

Ի՞նչն է ձեզ ամենաշատը գրավում և հետաքրքրում այն աշխատանքում, որին դիմել եք

Ցանկացած կազմակերպության համար կարևոր է իմանալ, թե արդյոք դուք իսկապես հետաքրքրված եք աշխատանքով և պատրաստ եք ներդնել ձեր ջանքերը լավագույն արդյունքի համար։ Գործատուն պետք է վստահ լինի, որ հենց դուք եք այն մասնագետը, ում հետ հնարավոր է երկար և արդյունավետ ճանապարհ անցնել։

 

Ինչպե՞ս պատասխանել։ Այս հարցին լավ պատասխանելու համար հարկավոր է, որ դուք հստակ պատկերացում ունենաք ոչ միայն աշխատանքի բնույթի մասին, այլև ընդհանուր առմամբ ընկերության գործունեության վերաբերյալ։ Ձեզ համար օգտակար կլինի ևս մեկ անգամ աշխատանքի նկարագրությունը և պահանջները վերանայելը, ինչը կօգնի  առանձնացնել հատուկ կետեր, որոնք ձեզ ամենաշատն են ոգևորում և հետաքրքրում:

 

Իսկ իմանալու համար, թե կազմակերպության և աշխատանքի հետ կապված կոնկրետ ինչ է հարկավոր ուսումնասիրել, ընթերցեք մեր այս բլոգը։

 

Այսպիսով, այսօրվա մեր քննարկած հարցերը կբարձրացնեն աշխատանքի որոնման գործում հաջողության հասնելու ձեր հնարավորությունները՝ օգնելով ներկայանալ ավելի պատրաստված և խուսափել հարմար պատասխան չունենալու պատճառով գործատուի մոտ վատ տպավորություն թողնելուց։

 

Կհետաքրքրեն նաև