Get our free app. It won't take up space on your device
Խորհուրդներ դիմորդներին

Ընկերության հեղինակությունից մինչև մասնագիտական աճի հնարավորություններ․ ինչի ուշադրություն դարձնել աշխատանքի անցնելուց առաջ

4/19/2023 | 2213 views

Դուք դիմել եք աշխատանքի, հաջողությամբ հաղթահարել հավաքագրման բոլոր փուլերը, ստացել բաղձալի աշխատանքի առաջարկը և այժմ մեծ ոգևորությամբ պատրաստվում եք ջանքեր չխնայել հաջողելու համար։ Սակայն մինչ բուն աշխատանքային գործընթացին անցնելը, կարևոր է նկատի ունենալ մի քանի գործոններ, որոնք, թեև սկզբում կարող են այնքան էլ ակներև չթվալ, սակայն հետագայում գուցե որոշիչ նշանակություն ունենան ձեր աշխատանքում։

Որքան էլ հաստիքի անվանումը, աշխատանքի հայտարարության մեջ թվարկված պարտականությունները և առաջարկվող աշխատավարձը ձեզ բավարար թվան, այնուամենայնիվ ճիշտ որոշում կայացնելու համար անհրաժեշտ է հաշվի առնել նաև մի շարք այլ գործոններ, ինչպիսիք են, օրինակ, ընկերության արժեհամակարգը, աշխատանքային միջավայրը, մասնագիտական աճի հնարավորությունները և այլն, որոնք ձեր կարիերայի այս կամ այն փուլում ունենալու են իրենց կարևոր ազդեցությունը։ 

 

Ընկերության հեղինակություն

Բարձր հեղինակություն ունեցող ընկերությունները ստեղծում են այնպիսի աշխատանքային միջավայր, որն առանձնանում է դրական մշակույթով, թիմակիցների աշխատանքը և աճը գնահատող ղեկավար կազմով և, որպես արդյունք, գոհ և երջանիկ աշխատակիցներով։ Փորձեք հասկանալ, թե ընկերությունը ոլորտում ինչ հեղինակություն ունի․ արդյո՞ք հարգված գործատու և գործընկեր է կամ համարվո՞ւմ է ոլորտի առաջատարներից մեկը։ 

Ուսումնասիրելով ընկերության հեղինակությունը՝ կարող եք պատկերացում կազմել ձեր կարիերայի առաջխաղացման հնարավորությունների մասին և հասկանալ՝ արդյո՞ք դրանք համապատասխանում են ձեր մասնագիտական նպատակներին և ակնկալիքներին։

Ընկերության հեղինակության մասին պատկերացում կազմելու համար օգտվեք բաց աղբյուրներում առկա տեղեկատվությունից՝ նախ ուսումնասիրելով վերջինիս կայքը և էջերը սոցցանցերում՝ ուշադրություն դարձնելով, թե ինչպիսի արձագանքներ կան ընկերության մասին։ Փնտրեք տեղեկատվություն լրատվական կայքերում, պարզեք, թե ինչ է գրում մեդիան ընկերության մասին․ արդյո՞ք այն հանդես է գալիս որպես սոցիալապես պատասխանատու համբավ ունեցող ընկերություն, թե՞ մասնակցություն ունի չարաշահումների հետ կապված դատական գործընթացներում։

 

 

Ընկերության արժեհամակարգ

Որպեսզի աշխատանքը ձեզ գոհացնի, ընկերության արժեհամակարգը պետք է համապատասխանի ձեր սեփական արժեքներին և աշխատելաոճին: Միգուցե ընկերության համար հիմնարար արժեք է թիմային գործունեությունը, մինչդեռ դուք անհատական աշխատանքն ավելի արդյունավետ եք համարում։

Սովորաբար ընկերություններն իրենց կայքերում ունենում են իրենց առաքելությունը, տեսլականը և արժեհամակարգը։ Եթե այնուամենայնիվ դրանք չգտնեք, հարցազրույցի ավարտին բաց մի թողեք հարցեր տալու ձեր հնարավորությունը և հետաքրքրվեք ընկերության հիմնարար արժեքներով։ Ընկերության արժեքների մասին պատկերացում կազմելով՝  կհասկանաք, թե արդյո՞ք կիսում եք դրանք և տեսնում եք ինքներդ ձեզ նախանշված ճանապարհով ընկերության հետ միասին ընթանալիս։ Եթե այո, ապա հավանականությունը մեծ է, որ մոտիվացված կլինեք ձեր աշխատանքում, ինչը թե՛ ձեր և թե՛ ընկերության հաջողության գրավականն է։ 


 

Աշխատանքային ժամեր և ձևաչափ 

Մինչ աշխատանքի անցնելը կարևոր է հստակեցնել աշխատանքային պայմանները՝ կապված արձակուրդ մեկնելու, ընդմիջումների, արտաժամյա աշխատանքի վարձատրման կարգի հետ: Պակաս կարևոր չէ նաև աշխատանքի դադարեցման պայմանների վերաբերյալ տեղեկացվելը, օրինակ, ո՞րքան ժամանակ առաջ պետք է իրազեկեք գործատուին աշխատանքից դուրս գալու ձեր որոշման մասին։

Հատկապես Covid-19 համավարակից հետո շատերը գերադասում են աշխատել տնից կամ հիբրիդային ձևաչափով։ Պայմանավորված ամենատարբեր հանգամանքներով (աշխատավայր հասնելու համար շատ ժամանակ տանող երթևեկություն, տնից առավել արդյունավետ աշխատելու կարողություն և այլն)՝ կարող եք գերադասել հեռավար կամ հիբրիդային աշխատանքը, ինչի հնարավորությունը պետք է քննարկեք մինչև աշխատանքի անցնելը կամ նույնիսկ՝ մինչև հաստիքի համար դիմելը։

 

 

Մասնագիտական աճի հնարավորություն

Փորձեք պարզել, թե տվյալ աշխատավայրում մասնագիտական աճի և զարգացման համար անհրաժեշտ ինչպիսի պայմաններ կան։ Պարզեք, թե արդյո՞ք հնարավորություն կունենաք ձեռք բերել նոր գիտելիքներ և հմտություններ: Մասնագիտական աճի հնարավորություն ընձեռող աշխատանք ունենալը հատկապես կարևոր է ձեր կարիերայի առաջին տարիներին։  Այս շրջանում շատերն ընդունում են համեմատաբար ցածր վարձատրվող աշխատանքի առաջարկը, որը, սակայն, փորձառություն ձեռք բերելու հնարավորություն է տալիս։

Բազմաթիվ ընկերություններ առաջարկում են անվճար ուսուցում կամ վճարում են որոշակի դասընթացների համար՝ որպես ձեր մասնագիտական զարգացման խրախուսման միջոց։ Այս մասին տեղեկատվություն կարող եք գտնել ընկերության կայքում կամ տեղեկանալ հարցազրույցի ընթացքում։

 

Աշխատանքային միջավայր և գործընկերներ 

Գաղտնիք չէ, որ երբեմն մարդիկ դուրս են գալիս աշխատանքից վատ, այսպես կոչված «թունավոր» (toxic) միջավայրի պատճառով: Չկա ոչ մի կատարյալ մեթոդ, որը կօգնի ձեզ գնահատել ապագա աշխատավայրում տիրող մթնոլորտը, սակայն, հիմնվելով թեկուզ միայն հավաքագրման կամ հարցազրույցի գործընթացի վրա, կարող եք որոշակի պատկերացումներ կազմել։ Ուշադրություն դարձրեք, թե ձեզ հավաքագրող աշխատակիցները բարեհամբո՞ւյր էին, ինչպիսի՞ հարցեր էին նրանք տալիս, ինչպիսի՞ վերաբերմունք էին ցուցաբերում ձեր և միմյանց նկատմամբ։

Փորձեք խոսել ընկերության ներկա կամ նախկին աշխատակիցների հետ։ Հարցրեք նրանց՝ արդյո՞ք  աշխատակիցները հաճախ են փոխվում, ո՞րն է նրանց հեռանալու պատճառը, ի՞նչ քայլեր է ձեռնարկում ընկերությունն այդ միտումները նվազեցնելու ուղղությամբ և այլն։

 

 

Աշխատանք - անձնական կյանք հավասարակշռություն (work-life balance)

Երբեմն աշխատանքը պահանջում է մեծ ջանքեր և այն լիարժեք կատարելու համար անհրաժեշտ է լինում արտաժամյա աշխատել։ Շարունակաբար կրկնվող նման աշխատանքային առօրյայի արդյունքը կարող է լինել գերհոգնածությունը, ինչն էլ ժամանակի ընթացքում կարող է հանգեցնել արդյունավետության անկման, մտավոր և ֆիզիկական առողջության խնդիրների։ 

Հաճախ դուք ընտրելու հնարավորություն ունեք․ աշխատել սահմանված ժամանակից ավելի և բարձր վարձատրվել, թե՞ ընտրել այնպիսի աշխատանք, որի դեպքում կկարողանաք բավարար ժամանակ հատկացնել ինքներդ ձեզ, ձեր ընտանիքին և ընկերներին։ Հավելենք, որ աշխատանքի և անձնական կյանքի միջև հավասարակշռությունը պահպանելն առավել կարևոր է դառնում, եթե դուք աշխատող ծնող եք: 

Հարցրեք գործատուին, թե արդյո՞ք հաճախ է լինում արտաժամյա աշխատելու անհրաժեշտություն և ինչպե՞ս է ընկերությունն աջակցում աշխատանք - անձնական կյանք բալանսի պահպանման հարցում։

 

Այսպիսով, աշխատանքի առաջարկն ընդունելուց առաջ ուշադրություն դարձրեք վերոնշյալ գործոններին։ Ժամանակ մի տնտեսեք կազմակերպության վերաբերյալ տեղեկատվություն որոնելու գործում։ Աշխատանքի պայմանները քննարկելիս մի երկմտեք և բարձրաձայնեք ձեզ հետաքրքրող բոլոր հարցերը։ Հիշե՛ք, ի վերջո, լավագույն որոշումները կայացվում են տեղեկացված լինելու և բոլոր գործոնները համակողմանի կշռադատելու հիման վրա։

You may like