Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
խորհուրդներ դիմորդներին

10 հարց, որոնց պետք է պատասխանեք աշխատանքը փոխելուց առաջ

11.11.2023 | 6944 դիտում

Աշխատանքի փոփոխությունը մասնագիտական ճանապարհի ամենակարևոր և պատասխանատու պահերից մեկն է։ Գուցե արդեն ձանձրացել եք կամ դժգոհ եք ներկայիս աշխատանքից, փնտրում եք նոր զբաղվածություն, որտեղ ձեր հմտություններն ավելի լավ կօգտագործեք կամ պարզապես ցանկանում եք ունենալ ավելի բաձր աշխատավարձ կամ ճկուն գրաֆիկ առաջարկող պաշտոն․ որն էլ լինի նոր աշխատանք փնտրելու պատճառը, պետք է հաշվի առնեք տարբեր գործոններ, նախքան այս կարևոր որոշումը կայացնելը:

 

Մեր այսօրվա բլոգում կանդրադառնանք այն հարցերին, որոնց մասին պետք է մտածեք նախքան աշխատանքը փոխելը: 

 

Ինչո՞ւ եմ ցանկանում փոխել աշխատանքս

Նախքան նոր աշխատանքի անցնելը, հասկացեք ձեր որոշման հիմքում ընկած դրդապատճառները: Ձեր մտադրությունները հասկանալը կարող է նաև բացահայտել, թե արդյոք դեռևս կարող եք շարունակել ձեր ընթացիկ աշխատանքը: Օրինակ, եթե ձեր աշխատանքից ձանձրանում եք, փորձեք ավելի ստեղծագործական մոտեցումներ ավելացնել առօրյա գործառույթներում։ Իսկ միգուցե փնտրու՞մ եք նոր մարտահրավերներ, ավելի լավ վարձատրություն, այլ աշխատանքային միջավայր կամ այլ պաշտոն: Նպատակը, հանուն որի ցանկանում եք նոր աշխատանք գտնել, կմոտիվացնի ձեզ աշխատանք փնտրելիս և նոր աշխատավայրում հնարավոր դժվարությունները հաղթահարելիս։

 

 

Որո՞նք են կարիերայի հետ կապված իմ երկարաժամկետ նպատակները

Հաշվի առեք ձեր գլխավոր նպատակները՝ կապված կարիերայում առաջընթացի հետ: Արդյո՞ք հնարավոր աշխատանքի փոփոխությունը համահունչ է ձեր երկարաժամկետ նպատակներին: Գնահատեք, թե ինչպես է նոր աշխատանքը նպաստելու ձեր մասնագիտական աճին և արդյոք այն կօգնի իրականություն դարձնել ձեր մասնագիտական ակնկալիքները և տեսլականը։

 

Ուսումնասիրե՞լ եմ աճի հնարավորությունները իմ ներկայիս աշխատավայրում

Մտածեք ձեր ներկայիս աշխատանքում առկա հնարավորությունների մասին։ Արդյո՞ք աշխատավայրում կան աճի այնպիսի հնարավորություններ, որոնք դեռ չեք օգտագործել: Միգուցե արդյունքում փոխեք ոչ թե գործատուին, այլ աշխատանքը նույն կազմակերպության ներսում։ Երբեմն դերերի կամ պարտականությունների փոփոխությունը կարող է ապահովել այն առաջընթացն ու ցանկալի արդյունքը, որը դուք փնտրում եք՝ առանց աշխատավայրը փոխելու:

 

Որքանո՞վ է ընկերության մշակույթը համապատասխանում իմ արժեքներին

Եթե վստահ եք, որ ձեր առաջընթացի համար հարկավոր է փոխել գործատուին, ապա հաշվի առեք, որ ընկերության մշակույթը առանցքային դեր է խաղում աշխատավայրին հարմարվելու և արդյունավետ գործունեություն ծավալելու հարցում: Գնահատեք ապագա գործատուի արժեքները և աշխատանքային մշակույթը: Ձեր անձնական արժեքների հետ համապատասխանության ապահովումը մեծացնում է լիարժեք և կայուն կարիերայի հնարավորությունները: 

 

Արդյո՞ք հիմա ճիշտ ժամանակն է աշխատանքի փոփոխության համար

Հաշվի առեք արտաքին գործոնները, որոնք կարող են ազդել ձեր որոշման վրա, ինչպիսիք են տնտեսական պայմանները երկրում, ուսումնասիրեք և պարզեք, թե որոնք են ձեր ոլորտի զարգացման միտումները կամ կա՞ն արդյոք անձնական հանգամանքներ, որոնցից ելնելով գուցե ճիշտ կլինի մի փոքր էլ սպասել:

 

Աշխատանքը փոխելը ենթադրում է նաև էմոցիոնալ առումով պատրաստվածություն այդ քայլին։ Ցանկացած փոփոխություն և նոր իրավիճակ կարող է ձեզ որոշակի խնդիրների և մարտահրավերների առաջ կանգնեցնել՝ գործընկերների հետ շփումից սկսած մինչև նոր աշխատավայրում կիրառվող մոտեցումների ընկալում և ընդունում։ Ինքներդ ձեզ հարցրեք՝ պատրա՞ստ եք արդյոք լքել ձեր կոմֆորտ զոնան և նոր միջավայր մուտք գործել։

 

 

Ի՞նչ հմտություններ են ինձ անհրաժեշտ նոր աշխատանքում հաջողության հասնելու համար

Նոր աշխատանքը կարող է պահանջել լրացուցիչ, տվյալ ոլորտին հատուկ հմտություններ։ Եթե դուք ունեք բավարար փոխանցվող հմտություններ, որոնք հին աշխատանքում հաջողությամբ օգտագործել եք և որոնք պահանջված են նաև նորում, ապա այլ գիտելիքներ ձեռբ բերելու հետ կապված մարտահրավերների, ամենայն հավանականությամբ, չեք հանդիպի։ 

 

Սակայն հաճախ նոր աշխատավայրում հարկավոր են նոր գիտելիքներ և որոշակի տեխնիկական հմտություններ, որոնց ձեռքբերման համար հարկավոր է ժամանակ և պատրաստակամություն։ Գուցե նաև ստպված լինեք մասնակցել կարճաժամկետ դասընթացների և վերապատրաստումների։ Արդյո՞ք պատրաստ եք անհրաժեշտ ժամանակը և ջանքերը ներդնել։

 

Ի՞նչ եք սովորել անցյալում աշխատանքի փոփոխություններից

Մտածեք ձեր նախորդ աշխատանքային փոփոխությունների մասին: Ի՞նչ սովորեցիք այդ փորձառություններից: Անցյալի փոփոխություններից օրինաչափությունները և դասերը հասկանալը կարող է առաջնորդել ձեզ այս անգամ տեղեկացված որոշումներ կայացնելու հարցում: Նախկին աշխատատեղերի փոփոխություններից առաջացած մարտահրավերները սովորեցնում են նմանատիպ խոչընդոտները հաղթահարելու մոտեցումներ մշակել։ 

 

 

Արդյոք պատրա՞ստ եմ անցումային շրջանի ֆինանսական մարտահրավերներին

Եթե պատրաստվում եք անցնել այնպիսի աշխատանքի, որը ենթադրում է որոշակի փորձաշրջան՝ ավելի քիչ վարձատրությամբ, քան ներկայումս ստանում եք, ապա կարևոր է համոզվել, որ ձեր ֆինանսական ռեսուրսները կբավարարեն։ Մտածեք ամենամսյա ֆիքսված ծախսերի մասին և վերանայեք ձեր խնայողությունները։

 

Ուսումնասիրե՞լ եմ ապագա գործատուին

Մանրակրկիտ ուսումնասիրեք այն ընկերությունը, որից ստացել եք աշխատանքի առաջարկ։ Հաճախ խորհուրդ է տրվում այս քայլն անել նույնիսկ մինչև հաստիքի համար դիմելը, և ապա միայն որոշել՝ արժե դիմել, թե ոչ: 

 

Ուսումնասիրեք ընկերության հեղինակությունը, ֆինանսական կայունությունը և աշխատանքային մշակույթը: Լավ տեղեկացված որոշումը պահանջում է պոտենցիալ գործատուի մասին համապարփակ պատկերացում: Իսկ ավելի մանրամասն տեղեկատվություն այն մասին, թե մասնավորապես ինչ գործոնների է հարկավոր ուշադրություն դարձնել նոր աշխատանքի անցնելուց առաջ, կարդացեք մեր այս բլոգում։

 

Ունե՞մ արդյոք պլան Բ

Որքան էլ համոզված լինեք, որ կհաջողեք նոր աշխատավայրում, ամեն դեպքում մտածեք, թե ինչ քայլեր եք ձեռնարկելու, եթե նոր աշխատանքում ինչ-ինչ պատճառներով չհաջողեք։ Կրկին մտածեք ֆինանսական կայունության մասին։ Նոր աշխատանքի որոնումները ժամանակ են պահանջելու, արդյո՞ք ունեք այնքան ֆինանսական միջոցներ, որոնք կբավարարեն այդ ընթացքում ձեր հիմնական ծախսերը հոգալու համար։

 

Բացահայտեք այլընտրանքային կարիերայի ուղիներ կամ ոլորտներ, որոնք համապատասխանում են ձեր հմտություններին և հետաքրքրություններին: Հետազոտեք աշխատաշուկան՝ հասկանալու համար ձեր հմտությունների պահանջարկը և ձեր ընթացիկ ոլորտից դուրս առկա պոտենցիալ հնարավորությունները:

 

Այս հարցերին պատասխանելը աշխատանքի փոփոխությունից առաջ կօգնի որոշել, թե արդյոք ընտրված նոր ուղին ճիշտ է ձեզ համար: Հստակ իմանալով այս հարցերի պատասխանները՝ ամուր հիմք կդնեք աշխատանքի հաջող փոփոխության համար։ Դե իսկ Job.am-ը միշտ պատրաստ է աջակցել ձեզ աշխատանք գտնելու հարցում։ Գրանցվեք հարթակում, ծանոթացեք ամեն օր թարմացվող աշխատանքային հայտարարություններին և դիմեք հետաքրքրող հաստիքի համար՝ միայն մեկ քլիով։

 

Կհետաքրքրեն նաև