Ինչպես հասկանալ, որ աշխատանքի առաջարկը լավն է միայն թղթի վրա
Բարձր աշխատավարձ, հայտնի ընկերություն, պաշտոնի գեղեցիկ անվանում և հեռավար աշխատելու հնարավորություն․ երբեմն առաջին հայացքից աշխատանքի առաջարկը կարող է գրեթե իդեալական թվալ։
Բայց աշխատանքը միայն աշխատավարձն ու պաշտոնի անվանումը չէ։ Երբեմն այն, ինչ շատ լավ է երևում աշխատանքի հայտարարությունում, իրականում կարող է այնքան էլ գրավիչ չլինել։ Իսկ դա հասկանալու համար պարտադիր չէ մի քանի ամիս աշխատել ընկերությունում։
Ահա մի քանի բան, որոնց արժե ուշադրություն դարձնել մինչև «այո» ասելը։
Բարձր աշխատավարձը դեռ ամեն ինչ չէ
Ենթադրենք՝ ձեզ առաջարկում են 500,000 դրամ աշխատավարձ, իսկ մեկ այլ ընկերություն՝ 400,000 դրամ։ Առաջին առաջարկը, բնականաբար, ավելի գրավիչ է թվում, սակայն աշխատելու եք շաբաթական ավելի շատ ժամեր, հաճախ եք մնալու աշխատանքային ժամերից հետո և չունեք հավելյալ վճարում։ Իսկ երկրորդում ունեք հստակ աշխատանքային ժամեր, ավելի երկար արձակուրդ, առողջապահական ապահովագրություն և իրական հնարավորություն՝ մասնագիտական աճի համար։ Այդ դեպքում 100,000 դրամ տարբերությունը կարող է այնքան էլ մեծ չլինել, որքան թվում է առաջին հայացքից։
Աշխատանքի առաջարկը գնահատելիս նայեք ոչ միայն աշխատավարձին, այլև ամբողջ փաթեթին։
«Հեռավար աշխատանք»․ բայց իրականում ինչպե՞ս
Հեռավար աշխատանքը շատերի համար մեծ առավելություն է։ Բայց այս արտահայտությունը տարբեր ընկերություններում կարող է տարբեր բան նշանակել։ Օրինակ՝ այն կարող է նշանակել, որ կարող եք աշխատել տնից, բայց պետք է ամեն օր առցանց լինեք 9:00-ից 18:00-ը և ցանկացած պահի հասանելի լինեք ղեկավարին։
Մեկ այլ ընկերությունում կարող է լինել ավելի ճկուն գրաֆիկ, որտեղ կարևոր են ոչ թե օնլայն լինելու ժամերը, այլ արդյունքը։ Եթե առաջարկում են հեռավար աշխատանք, ճշտեք՝
Գեղեցիկ պաշտոնի անվանումը կարող է ոչինչ չասել
«Project Coordinator», «Growth Specialist», «Product Manager», «Content Strategist»․ պաշտոնների ժամանակակից անվանումները կարող են շատ տպավորիչ հնչել։ Բայց երբեմն նույն անունով երկու պաշտոններ կարող են ամբողջովին տարբեր աշխատանք ենթադրել։
Օրինակ՝ «Marketing Manager»-ը մի ընկերությունում կարող է ղեկավարել ամբողջ մարքեթինգային թիմը, իսկ մեկ այլ ընկերությունում՝ ինքնուրույն գրել տեքստեր, վարել սոցիալական ցանցերի էջերը և կազմակերպել միջոցառումներ։
Այդ պատճառով մի կենտրոնացեք միայն պաշտոնի անվան վրա։ Ավելի կարևոր է հասկանալ՝ ինչ եք իրականում անելու ամեն օր։ Հարցրեք՝ «Ինչպիսի՞ն է այս պաշտոնում սովորական աշխատանքային օրը»։
«Կարիերայի աճի հնարավորություն»․ իսկ ինչպե՞ս
Գրեթե բոլորն ուզում են աշխատել այնպիսի ընկերությունում, որտեղ կարող են զարգանալ։
Բայց «մասնագիտական աճի հնարավորություն» արտահայտությունը բավականին լայն է։
Արդյո՞ք դա նշանակում է, որ կարող եք մեկ-երկու տարի հետո ստանալ ավելի բարձր պաշտոն։ Ընկերությունը վճարո՞ւմ է դասընթացների համար։ Հարցազրույցի ժամանակ կարող եք հարցնել՝ «Այս պաշտոնում աշխատող մարդու համար ինչպիսի՞ն է սովորաբար կարիերայի հաջորդ քայլը»։
Եթե պատասխանը շատ ընդհանուր է, օրինակ՝ «եթե լավ աշխատեք, անպայման կաճեք», փորձեք ավելի կոնկրետ օրինակների մասին հարցնել՝ ով է այդ պաշտոնից հետո առաջընթաց ունեցել կարիերայում և ինչ ճանապարհ է անցել։
Ձեզ կհետաքրքրեն