Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Խորհուրդներ դիմորդներին

7 սովորություն, որոնք վնասում են ձեր կարիերային․ ինչպե՞ս հաղթահարել դրանք

13.08.2023 | 4476 դիտում

Պատահե՞լ, որ ձեր կարիերայի այս կամ այն փուլում արդյունավետության անկում զգաք, տպավորություն ստեղծվի, թե ինչ-որ բան խոչընդոտում է ձեր առաջընթացին։ Պատճառներից մեկը կարող է լինել այն, որ միգուցե ժամանակի ընթացքում ձեռք եք բերել սովորություններ, որոնք այժմ խանգարում են ձեզ։ Բանն այն է, որ հաճախ այն սովորությունները, որոնք ունեցել ենք նախկինում և որոնք մեզ համար օգտակար են եղել, ներկայումս կարող են ոչ միայն չօգնել, այլև խոչընդոտել մեր աշխատանքին։ Հիշո՞ւմ եք՝ կար ժամանակ, երբ ամեն ինչ անթերի անելու ձգտումն օգնում էր հասնել առավելագույն արդյունքի։ Ե՞րբ էր դա։ Ուսանողական տարիների՞ն։ Աշխատանքային գործունեության վաղ փուլո՞ւմ։ Միգուցե հենց այդ ձգտումը երիտասարդ տարիքում օգնեց ձեզ հասնել այն ամենին, ինչն անհնարին էիք համարում։ Բայց արդյո՞ք նման պերֆեկցիոնիզմը շարունակում է օգտակար լինել ներկայումս։

 

Աշխատանքային դրական սովորությունները կարող են օգնել արդյունավետ աշխատանք կատարելու և մասնագիտական աճ գրանցելու գործում, մինչդեռ, բացասական սովորությունները կարող են հակառակն անել: Վատ սովորությունները բացահայտելը թույլ կտա անհրաժեշտ քայլեր ձեռնարկել դրանք շտկելու ուղղությամբ։ Այսպիսով, ո՞ր սովորություններն են վնասում աշխատավայրում և ինչպե՞ս հաղթահարել դրանք․ կանդրադառնանք մեր այսօրվա բլոգում։

 

 

Մեղքն ուրիշների վրա բարդելը

Չկատարված կամ թերի կատարված աշխատանքի կամ աշխատավայրում այլ խնդիրների դեպքում պատասխանատվություն ստանձնելը պահանջում է կամքի դրսևորում, ինչը ավելի բարդ է, քան ամեն ինչում այլոց մեղադրելը։ Թիմային աշխատանքի պարագայում արդյունքների համար պատասխանատու են թիմի բոլոր անդամները։ «Ես չափազանց զբաղված էի», «Մենք արել ենք այն ամենն, ինչ կարող էինք և պատասխանատվություն չենք կրում արդյունքի համար»․ նման արդարացումներն իսկապես համոզիչ չեն հնչում։ 

 

Այս սովորությունից խուսափելու համար ժամանակին արձագանքեք աշխատանքում հայտնվող խոչընդոտներին և խնդիրներին, փորձեք մենեջերի կամ ղեկավարի հետ միասին իրավիճակի կարգավորման ուղղությամբ քայլեր ձեռնարկել։ Դասեր քաղեք ձեր անհաջողություններից և մտածեք, թե ինչ կարող եք անել առաջացած խնդիրները լուծելու համար։

 

Պերֆեկցիոնիստ լինելը

Առավելագույնի ձգտելը կարևոր է, սակայն շատ հաճախ նրանք, ովքեր ձգտում են կատարյալին, բաց են թողնում վերջնաժամկետները և արդյունավետ աշխատելու հնարավորությունները: Քննադատական հայացքով սեփական աշխատանքը գնահատելը հնարավորություն է տալիս տեսնել սխալները և ուղղել դրանք, սակայն պետք չէ նման մոտեցումը շփոթել կատարելության անդադար որոնումների հետ։

 

Այս պարագայում լավագույն լուծումը կենտրոնանալն է գործընկերների և հաճախորդների հետ աշխատանքի արդյունքների չափանիշներ սահմանելու վրա։ Պարզեք նրանց պատկերացումներն ակնկալվող արդյունքների, ծախսերի և ժամկետների վերաբերյալ և կազմակերպեք ձեր աշխատանքը դրանց համաձայն, այլ ոչ թե ինքներդ սահմանեք չափազանց մեծ ակնկալիքներ: Վերլուծեք ձեր մոտեցումն այս հարցում և մտածեք՝ արդյո՞ք չեք սահմանում անիրատեսական չափանիշներ ինքներդ ձեզ և գործընկերների համար։

 

 

Թիմային խաղացող չլինելը

Եթե անգամ միայնակ ավելի արդյունավետորեն եք աշխատում, միևնույն է, ամենայն հավանականությամբ, կգա մի պահ, երբ ստիպված կլինեք համագործակցել գործընկերների հետ՝ նախագծի վերաբերյալ քննարկումների, այն ավարտին հասցնելու, առաջացած խոչընդոտները վերացնելու և այլ ընդհանուր նպատակների հասնելու համար: Թիմային խաղացող լինելը ենթադրում է, որ դուք բաց եք գործընկերների հետ աշխատանքի համար, պատրաստակամ եք օգնել նրանց տարբեր առաջադրանքներ կատարելու գործում, ինչպես նաև ունեք միմյանց հանդեպ ընկերական վերաբերմունք: 

 

Թիմային աշխատանքն արդյունավետ է թե՛ աշխատակիցների և թե՛ կազմակերպության համար, հետևաբար, եթե անգամ ձեր աշխատանքի բնույթը չի ընձեռում թիմի հետ համագործակցելու բազմաթիվ առիթներ, այնուամենայնիվ, փորձեք հնարավորինս հաճախ հաղորդակցվել թիմակիցների հետ և բաց մի թողեք միմյանցից սովորելու հնարավորությունը։ Թիմային աշխատանքը հնարավորություն է տալիս զարգացնել հմտությունների լայն շրջանակ՝ սկսած հաղորդակցությունից և համագործակցությունից մինչև խնդիրների լուծում և ժամանակի կառավարում: Թիմային աշխատանքը հնարավորություն է տալիս թիմի անդամների միջև իրականացնել գիտելիքների և լավագույն փորձի փոխանակում:

 

Հետադարձ կապ չպահպանելը

Մասնագիտական հարուստ փորձ ունենալու դեպքում ևս միշտ հնարավոր է ձեռք բերել նոր գիտելիքներ և կատարելագործել հմտությունները։ Այս գործում կարևոր նշանակություն ունի այն մարդկանց կարծիքը, ում հետ աշխատում եք, մասնավորապես՝ ձեր գործընկերների և ղեկավարների։ Եթե պատրաստ չեք ձեր աշխատանքի վերաբերյալ նրանց կարծիքը հաշվի առնել և գնահատել, ապա կսահմանափակեք մասնագիտական աճի հնարավորությունները:

 

Կառուցողական արձագանքն օգնում է պատկերացում կազմել ձեր ուժեղ և թույլ կողմերի մասին՝ բացահայտելով բարելավման կարիք ունեցող ոլորտները։ Դա հնարավորություն է տալիս բարելավել աշխատանքը՝ զարգացնելով նոր հմտություններ և աշխատելով թերությունների շտկման վրա։ Հավելենք նաև, որ դրական գնահատականը բարձրացնում է ինքնավստահությունը և մոտիվացիան, հետևաբար, հաշվի առեք, որ հետադարձ կապը կարող է նաև օգտակար լինել սեփական ներուժը բացահայտելու գործում։

 

Եթե վախենում եք քննադատությունից և հետադարձ կապ ընդունելուց, ապա փորձեք քիչ-քիչ ընտելանալ կարծիքներ լսելուն։ Այդ նպատակով պարբերաբար խնդրեք գործընկերներին գնահատել ձեր աշխատանքը։

 

 

Ոչ պրոֆեսիոնալ մոտեցում դրսևորելը

Անկախ նրանից, թե որքան հիասթափեցնող կամ զայրացնող իրավիճակում եք հայտնվել, պրոֆեսիոնալ վարքագիծը պարտադիր է։ Խոսքը գործընկերների հետ դրական աշխատանքային հարաբերությունների, մոտիվացիայի և արդյունավետ աշխատանքի մասին է: 

 

Աշխատավայրում բացասական տրամադրվածության պատճառները կարող են բազմաթիվ լինել, օրինակ, ծանրաբեռնվածությունը կամ նույնիսկ, անձնական խնդիրները։ Օրինակ, եթե դուք ստանձնել եք լայնածավալ նախագծի ղեկավարման պատասխանատվություն և չեք հասցնում վերահսկել բոլոր գործընթացները, ապա օգնություն խնդրեք գործընկերներից կամ առաջարկեք ղեկավարին ավելացնել թիմում ևս մեկ աշխատակցի, ով կօգնի ձեզ։ Աշխատավայրում վատ վերաբերմունքի պատճառ կարող է լինել նաև դժգոհությունը ներկայիս աշխատանքից, սակայն ամեն դեպքում պետք է փորձեք պահպանել հուզական հավասարակշռությունը։

 

Աշխատանքը հետաձգելը

Առաջադրանքների կատարումը մինչև վերջին պահը հետաձգելը կամ այսպես կոչված պրոկրաստինացիան, կարող է հանգեցնել աշխատանքի որակի նվազմանը։ Եթե միայն վերջնաժամկետների մոտենալն է ստիպում ավարտել աշխատանքը, ապա ժամանակն է ազատվել նման սովորությունից։ Դա ոչ միայն բացասական ազդեցություն կունենա ձեր, այլև այն գործընկերների վրա, որոնց աշխատանքը կախված է նրանից, թե երբ կավարտեք առաջադրանքի ձեր մասի կատարումը։ Բացի այդ, նկատի ունեցեք, որ վերջին պահին ավարտած առաջադրանքներում մեծ է սխալներ և վրիպումներ թույլ տալու հավանականությունը։  

 

Աշխատանքը հետաձգելու փոխարեն նպատակ սահմանեք հնարավորինս շուտ ավարտել առաջադրանքները: Այդ գործում ձեզ կօգնի ամենօրյա անելիքների ցանկ կազմելը և հարկ եղած դեպքում գործընկերներից օգնություն խնդրելը։ Ընդհանուր առմամբ վերանայեք ժամանակի կառավարման ձեր հմտությունները։ Ծանոթացեք ժամանակի արդյունավետ կառավարման 4 հայտնի մեթոդներին մեր նախորդ բլոգներից մեկում։ Փորձարկեք դրանցից մի քանիսը և պարզեք, թե որն է ձեզ համար ամենաարդյունավետը։ 

 

 

Աշխատանքից հեշտությամբ շեղվելը

Աշխատանքային միջավայրում ուշադրությունը շեղող բազմաթիվ գործոններ կան։ Թե՛ գրասենյակում և թե՛ հեռավար տարբերակով սեփական բնակավայրում աշխատողները բախվում են ուշադրությունը կենտրոնացնելու խնդրին։ Աղմկոտ գրասենյակից մինչև հեռախոսազանգեր, էլեկտրոնային փոստին և հեռախոսին եկող բազմաթիվ ծանուցումներ․ ժամանակակից կյանքում այնքան շատ են շեղող գործոնները, որ հաճախ անգամ չենք նկատում, թե ինչպես կարող է ամբողջ օրն անցնել էլեկտրոնային նամակներին պատասխանելով։ 

 

Գտեք ձեզ շեղող գործոնները և վերացրեք դրանք։ Օրինակ, եթե առաջադրանքի կատարումը պահանջում է 2 կամ 3 ժամ, ապա հրաժարվեք այդ ընթացքում էլեկտրոնային փոստը ստուգելու սովորությունից և անջատեք բոլոր ծանուցումները, եթե իհարկե հրատապ նամակի չեք սպասում։ 

 

Անդրադառնալով այն սովորություններին, որոնք բացասաբար են ազդում ձեր կարիերայի վրա՝ տեղին է նաև ընդգծել մի շարք օգտակար սովորությունների զարգացման կարևորության մասին։ Ծանոթացեք արդյունավետ աշխատող մարդկանց 7 սովորություններին, որոնց անդրադարձել էինք ավելի վաղ։ Տարբեր սովորություններից հրաժարվելը և նորերը զարգացնելը պահանջում է որոշակի ջանքեր և ժամանակ, սակայն թե՛ ծախսված ժամանակը և թե՛ գործադրված ջանքերը կարդարացնեն իրենց՝ ապահովելով ձեր արդյունավետությունը ոչ միայն աշխատավայրում, այլև կյանքի այլ բնագավառներում։

 

Կհետաքրքրեն նաև