Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Ժամանց

10 հատկանիշ, որոնց կարիքը բացահայտվեց COVID-19 վարակի շնորհիվ

09.06.2020 | 3902 դիտում

  • Ինքնագիտակցություն

Շատ կարևոր է իմանալ, թե ինչպիսին ես դու, ինչպիսի հատկանիշներ ունես, ինչ ես կարող, ինչի ես ընդունակ։ Այդ հարցերի պատասխանները պետք է կարողանալ գտնել։ Այդուհանդերձ, հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդկանց 95%-ը շատ լավ գիտի ինքն իրեն, բայց փաստացի մարդիկ գիտեն իրենց մասին միայն 10–15%-ը։ Այսպիսի տվյալների է հանգել «Insight» գրքի հեղինակ Տաշի Էյրիխը։ Նա նկատել է, որ մարդիկ հաճախ պարզապես դիտարկում են իրենք իրենց, բայց դա դեռ չի նշանակում, որ գիտեն, ճանաչում են։ Ինքդ քեզ ճանաչելու համար պետք են խորը վերլուծություններ, որոնք միանգամից ու հեշտ չեն տրվում, բայց շատ օգտակար են ողջ կյանքի համար։ Դու պետք է ճանաչես ինքդ քեզ, հակառակ դեպքում հնարավոր չէ ճիշտ ուղղորդել սեփական էներգիան, հասկանալ նախասիրությունները, ներուժը։

  • Տեսլականի գոյություն

Շատերը պնդում են, որ ունեն տեսլական, տեսնում են ապագան և ունեն դրա հետ կապված ծրագրեր։ Բայց իրականությունն այն է, որ մարդկանց մեծ մասը չի էլ պատկերացնում, թե ինչ է նշանակում տեսլական և ինչպես է այն հնարավոր իրականացնել։ Շատերը շփոթում են ներկա ցուցանիշները տեսլականի հետ։ Տեսլականն ապագա իրականությունն է, որն ստեղծում ենք այսօր։ Առանց տեսլականի մարդիկ կորում են իրականության մեջ, չեն ընդունում այն, վախենում են ապագայից։ Այս անորոշության դեմ պայքարում է տեսլականը, ուղղորդում ներկայում և տանում դեպի ապագա։ Այն հզոր գործիք է և օգնում է ճիշտ որոշումներ կայացնել ինչպես աշխատանքի հետ կապված, այնպես էլ կյանքի ողջ ընթացքում։

  • Կազմակերպությունների մասին գիտելիքներ

Կազմակերպությունները կապող օղակ են ձեռնարկատիրոջ և հաճախորդների միջև, ինչպես նաև պահանջված պրոդուկտներ ստեղծելու գործիք։ Ցանկացած կազմակերպություն ունի արքետիպ․ բազային արքետիպերը 5-ն են․

1. Կազմակերպություն-արտադրող
2. Կազմակերպություն-գիտելիքից կախված
3. Կազմակերպություն-տեղանքից կախված
4. Դոնորներից կախված կազմակերպություն
5. Պետական կազմակերպություն


Աշխատակիցները պետք է հստակ իմանան, թե ինչ է կազմակերպությունը, ինչ արքետիպ ունի, քանի որ դրանից են կախված աշխատանքային բազմաթիվ փոփոխականներ։

  • Կորպորատիվ մշակույթի իմացություն

Ցանկացած կազմակերպության համար առանցքային նշանակություն ունի կորպորատիվ մշակույթը։ Այն օգնում է կարգավորել բոլոր հարաբերությունները, նպաստում է ճիշտ մթնոլորտի ձևավորմանը։ Կորպորատիվ մշակույթի տարածման և պահպանման գործում մեծ է ՄՌ մասնագետի դերը։ Աշխատակիցները պետք է կարողանան պահպանել այդ մշակույթը, դառնան դրա իսկական կրողն ու առաջնորդվեն գրված և չգրված օրենքներով։

  • Սովորելու և զարգանալու կարողություն

Չսովորելու պատճառով մարդիկ հետ են մնում աշխարհից։ Այստեղ պետք է ուշադրություն դարձնել, որ սովորել բառը կիրառվում է ամենալայն իմաստով։ Նոր գիտելիքներ կարելի է ստանալ ինչպես համալսարանների, դասընթացների, այնպես էլ համապատասխան գրականության, հոդվածների, մասնագիտական բլոգների միջոցով։

Այսօր կազմակերպություններից շատերը ներդրում են կատարում աշխատակիցների ուսուցման գործում։ Սակայն այս գործընթացը չի կարող միակողմանի լինել։ Աշխատակիցները պետք է բաց լինեն նորի հանդեպ, պատրաստ լինեն սովորել և կատարելագործվել։ Ահա այդ հատկանիշն է, որ բարձր է գնահատվում 21-րդ դարում։

  • Հաղորդակցվելու կարողություն

Հաղորդակցությունն աշխատավայրում լինում է տարբեր ուղղություններով, տարբեր ալիքներով։ Այն ենթադրում է հասկանալու և իմաստը փոխանցելու գործընթաց։ Հաղորդակցության ընթացքում մենք պատասխանատու ենք ոչ միայն այն բանի համար, թե ինչ ենք ասում, այլ նաև այդ միտքը ստացողի համար հնարավորինս հասկանալի ու պարզ դարձնելու համար։ Աշխատանքային խնդիրների ճնշող մեծամասնությունն առաջանում է հաղորդակցության մեջ թույլ տված սխալների պատճառով։ Հաղորդակցվելու կանոնների իմացությունը, մեդիագրագիտությունը դարձնում են աշխատանքային ընթացքն առավել հարմարավետ ու պարզ։

  • Ստեղծարարություն

Այս հատկանիշը կարող ենք հանդիպել ամեն քայլափոխի, բոլորը պահանջում են ստեղծարար՝ կրեատիվ աշխատակիցներ։ Ստեղծարար մարդիկ փորձում են գտնել ոչ ստանդարտ լուծումներ, փորձում են թեթևացնել, օպտիմալացնել աշխատանքը։ Այդ հատկանիշի շնորհիվ զարգանում են կազմակերպությունները։

  • Հավասարակշռված որոշումների ընդունում

Կարելի է կարծել՝ ի՞նչ բարդ բան կա որոշումներ ընդունելու մեջ, մենք դա անում ենք ամեն օր, ամեն քայլափոխի։ Մեր որոշումները հիմնականում իմպուլսիվ են, թելադրված են պահի ազդեցությամբ, քանի որ մենք չենք վերլուծում պատկերն ամբողջությամբ։ Հավասարակշռված որոշումներ ընդունելու համար պետք է համբերություն, ամբողջական պատկեր տեսնելու կարողություն, որոշման տարբերակների հետ կապված հետագա սցենարների պատկերացում։

Հավասարակշռված որոշումները խոսում են նպատակասլացության մասին․ եթե կա հստակ գծագրված նպատակ, նշանակում է,  որ որոշումները բխում են այդ նպատակից, հավասարակշռված են և բերելու են ճիշտ տեղ։

  • Համակարգային մտածելակերպ

Ժամանակակից աշխարհում այլևս անհնար է առաջնորդվել գծային մտածելակերպով։ Մեր շուրջ այնքան շատ ու այնքան բազմաշերտ գործընթացներ են տեղի ունենում, որ պետք է կարողանալ այդ ամբողջն ընկալել և վերլուծել։ Շատ կարևոր է համակարգային մտածելակերպը, որը հնարավորություն է տալիս բացահայտել նոր իմաստներ, գտնել նոր լուծումներ ու ելքեր, ինչպես նաև ամենաբարդ խնդիրների համար լուծման հեշտ տարբերակներ տեսնել։

  • Պատրաստ լինել փոփոխություններին

Հիմա, երբ հասել ենք 2020 թվականի կեսին, կարող ենք վստահ ասել, որ ներկայում տարատեսակ փոփոխությունները չափազանց արագ են տեղի ունենում, հաճախ՝ միաժամանակ, թույլ չտալով մեզ հարմարվել, ադապտացվել ստեղծված իրավիճակին։ Ցանկացած փոփոխություն մեծ սթրես է մարդու համար՝ ինչպես հոգեկան, այնպես էլ ֆիզիկական առումով։ Covid-19 վարակի բերած փոփոխություններին պատրաստ չէր ոչ ոք, բայց մենք բոլորս այս կամ այն կերպ կարողացանք հարմարվել, ընդունել նոր իրականությունը։ Փոփոխություններ ընդունելը շատ բարդ է, և հաճախ աշխատակիցներն ինչ-որ առումով սկսում են ընդդիմանալ դրանց։ Առանց այն էլ լարված իրավիճակում պետք է կարողանալ հասկանալ գերակա շահը՝ թույլ չտալով, որ նեղ անձնական կոմֆորմիզմը հաղթի։

Այս հատկանիշները դարձել են առաջնային արագ փոփոխվող իրականությունում։ Սրանք հնարավորություն են տալիս լինել ավելի ուժեղ, ավելի արժեքավոր աշխատակից։ Հատկանիշներն ու հմտությունները պետք է զարգացնել, քանի որ դրանց օգուտը չի սահմանափակվում աշխատավայրով, այլ զգացնել է տալիս կյանքի բոլոր ոլորտներում։

Կհետաքրքրեն նաև