Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Ժամանց

Մեզ շուտով կփոխարինե՞ն․ ո՞ր մասնագիտությունների կարիքն այլևս չի լինի

05.05.2023 | 2224 դիտում

Արագ զարգացող տեխնոլոգիաների դարաշրջանում ոչ պակաս արագությամբ փոփոխվում է աշխատաշուկայի պատկերը․ հայտնվում են նոր մասնագիտություններ, իսկ որոշները պահանջարկի պակասի հետևանքով կանգնում են վերանալու վտանգի առջև։ 

 

Տարբեր ոլորտներում ավտոմատացման և արհեստական բանականության ընձեռած հնարավորությունների հասանելիությունն այս թեմայի շուրջ ավելի բուռն քննարկումների տեղիք տվեց։ Շատերը նշեցին՝ ինչո՞ւ ունենալ մասնագետներ այնպիսի գործի համար, որը զարգացած տեխնոլոգիաների շնորհիվ կարելի է ավելի քիչ ռեսուրսներ ծախսելով անել։ 

 

Մի կողմից կարծիքներ են հնչում, թե տեխնոլոգիաները երբեք չեն կարողանա փոխարինել մարդկանց, մյուս կողմից էլ հրապարակվում են նորանոր հետազոտությունների տվյալներ, որոնք կանխատեսում են մի շարք մասնագիտությունների «հնացում» և դուրսմղում աշխատաշուկայից։

 

Որո՞նք են «վտանգված» մասնագիտությունները և ինչո՞ւ, արդյո՞ք դրանք կվերանան, թե՞ կենթարկվեն փոփոխությունների, ինչպիսի՞ խնդիրների կարող են բախվել արդիականությունը կորցնող հաստիքներում աշխատողները և ի՞նչ կարող են անել՝ աշխատաշուկայում մնալու համար, և, իհարկե, ի՞նչ նոր հնարավորություններ է բացում աշխատաշուկայում տեխնոլոգիական առաջընթացը։ Այս և այլ հարցերի կանդրադառնանք մեր այսօրվա բլոգում։

 

Ապագայի աշխատաշուկան․ արդյո՞ք որոշ մասնագիտություններ կվերանան 

Այս հարցում կանխատեսումները տարբեր են, սակայն գերակշռում է այն համոզմունքը, որ ոչ թե մասնագիտություններն ընդհանրապես կանհետանան աշխատաշուկայից, այլ աստիճանաբար տեղի կունենա հմտությունների փոփոխություն․ ավանդական մասնագիտություններ ունեցող աշխատակիցները ստիպված կլինեն նոր հմտություններ ձեռք բերել՝ պայմանավորված  նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ որոշակի գործառույթների վերացման և նորերի ի հայտ գալու հետ։

 

Սակայն իրենց բացասական ազդեցությունն աշխատատեղերի քանակի վրա, այնուամենայնիվ, առաջադեմ տեխնոլոգիաները կունենան, մասնավորապես ենթադրվում է, որ կնվազի տարբեր մասնագետների պահանջարկը։

 

«Վտանգված» մասնագիտություններ․ ինչպե՞ս հարմարվել փոփոխվող աշխատաշուկայի պայմաններին

Ստորև ներկայացնում ենք 10 մասնագիտություն, որոնց կարիքը կարող է էականորեն նվազել մոտ ապագայում։

 

Տուրիստական գործակալներ

Սովորաբար տուրիստական գործակալները պատասխանատու են հաճախորդների համար ճամփորդությունների հետ կապված պայմանավորվածությունների ձեռքբերման, թռիչքների և հյուրանոցների ամրագրման համար: 

Այժմ հաճախորդները կարող են որոնել իրենց նախընտրած ուղղության վերաբերյալ տեղեկատվություն, համեմատել առաջարկվող տարբերակները և անմիջապես առցանց հարթակների միջոցով կատարել ամրագրումներ: Արհեստական բանականության շնորհիվ աշխատող չատբոտերը և վիրտուալ օգնականները կարող են նաև տրամադրել անհատականացված առաջարկություններ և օգնել պլանավորել ճանապարհորդությունը՝ նվազեցնելով տուրիստական գործակալի կարիքը:

Թեև տուրիստական գործակալների մանսագիտությունը կարող է շարունակել մնալ աշխատաշուկայում, սակայն հավանաբար, կփոխվեն այդ հաստիքում աշխատողների պարտականությունները։ Հնարավոր է նրանց անհրաժեշտ լինի զարգացնել տվյալների վերլուծությանը և հաճախորդների սպասարկման հետ կապված նոր հմտություններ։ 

 

Բանկային օպերատորներ

Ներկայումս բանկային ոլորտում ավտոմատացման կիրառման ծավալների մեծացումը թույլ է տալիս ենթադրել, որ ապագայում կնվազի բանկային օպերատորների պահանջարկը։ Առցանց բանկինգի և բջջային բանկային հավելվածների տարածումը, ինչպես նաև բանկոմատների միջոցով տարբեր գործարքներ իրականացնելու հնարավորությունն արդեն իսկ թույլ են տալիս հաճախորդներին ինքնուրույն և ավելի հեշտ ու արագ կերպով իրականացնել բանկային այն գործարքները, որոնք ավանդաբար իրականցվել են բանկային օպերատորների օգնությամբ։

Տեխնոլոգիական զարգացման համատեքստում հնարավոր է բանկային օպերատորների պարտականությունների ծավալի և բնույթի փոփոխություններ։ Օրինակ, սովորական և տեխնոլոգիաների շնորհիվ պարզեցված գործարքների փոխարեն նրանք կարող են պատասխանատու լինել ավելի բարդ գործարքների և հաճախորդներին ավելի բարձր մակարդակի սպասարկման համար։

 

 

Լրագրողներ

Ըստ տարբեր վերլուծությունների՝ նորագույն տեխնոլոգիական զարգացումները չեն շրջանցի նաև լրագրողներին։ Արդեն իսկ տարածում ունեն արհեստական բանականությամբ հզորացված այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս օրինակ ֆինանսական և սպորտային ոլորտների վերաբերյալ լուրեր, հոդվածներ և հաշվետվություններ գրել՝ ստեղծելով տվյալների վերլուծության հիման վրա կազմված ճշգրիտ բովանդակություն:

 

Ուրախալի լուրը լրագրողների համար, սակայն, այն է, որ այս մասնագիտության պահանջարկը թեև կարող է նվազել, սակայն չի կարող վերանալ, քանի որ գոնե մոտ ապագայի համար չի կանխատեսում, որ առաջադեմ տեխնոլոգիաները կկարողանան փոխարինել լրագրողների ստեղծագործ, համակողմանի, քննադատական և վերլուծական մոտեցմանը, ինչպես նաև հարցազրույցներ վարելու հմտությանը։

 

Փոխարենը մեդիայում աշխատողները կարող են օգտագործել  ավտոմատացման տեխնոլոգիաները քանակական տվյալների հետազոտության և փաստերի ստուգման գործում: Դա կօգնի ավելի արագ և արդյունավետ կերպով իրականացնել տեղեկատվության հավաքագրումը և ստուգումը։

 

Գրադարանավարներ

Ավտոմատացված որոնման համակարգերը զգալիորեն հեշտացնում են գրադարաններից օգտվողների համար ինքնուրույն՝ առանց գրադարանավարի օգնության անհրաժեշտ տեղեկատվությունը գտնելը: Եթե անգամ ապագայում գրադարանավարների կարիքը չվերանա, ապա թվային փոփոխություններին հարմարվելը կդառնա հրամայական նաև այս հաստիքում աշխատողների համար։ Նրանցից կարող են պահանջվել հետազոտական աջակցության ցուցաբերում և թվային ռեսուրսների և տեխնոլոգիաների կառավարման համար անհրաժեշտ հմտություններ:

 

Անշարժ գույքի գործակալներ

Անշարժ գույքի գործարքների առցանց հարթակները թույլ են տալիս գնորդներին որոնել գույք՝ հիմնվելով վերջիններիս կողմից նշված հատուկ չափանիշների վրա՝ առանց այս գործում անշարժ գույքի գործակալի անհրաժեշտության: Ապագայում արհեստական բանականությամբ հզորացված համակարգերը կարող են հաճախորդներին օգնել՝ նաև  պատասխանելով նրանց հարցերին և անհատական գործարքների վերաբերյալ խորհրդատվությամբ։

 

Գույքի գնահատման և կառավարման ավտոմատացված համակարգերի կատարելագործումը ևս կարող է հանգեցնել անշարժ գույքի գործակալների պահանջարկի անկմանը։ Այնուամենայնիվ, ենթադրվում է, որ նրանց կարիքն աշխատաշուկայում կմնա արդիական, քանի որ նրանք կկարողանան այնպիսի խորհրդատվություն և ուղղորդում իրականացնել, ինչը հնարավոր չէ անել տեխնոլոգիաների միջոցով և իհարկե, ներդրվող տեխնոլոգիաները կիրառելու գործում ևս կարող են կարևոր դեր ունենալ։

 

 

Զանգերի կենտրոնների օպերատորներ

Զարգացող տեխնոլոգիաների դարաշրջանում զանգերի կենտրոնի օպերատորների հիմնական մրցակիցները չատբոտերն ու վիրտուալ օգնականներն են։ Այս տեխնոլոգիաները կարող են պատասխանել հաճախ տրվող հարցերին, լուծումներ առաջարկել հիմնական խնդիրներին՝ առանց օպերատորի միջամտության: Եթե հաշվի առնենք, որ այդ տեխնոլոգիաները շարունակելու են զարգանալ և կատարելագործվել, ապա դժվար չէ եզրակացնել, որ ապագայում դրանք կկարողանան հաճախորդներին տրամադրել ավելի ճշգրիտ և արդյունավետ աջակցություն:

Հուսահատվելու փոխարեն, սակայն զանգերի կենտրոնի օպերատորները կարող են զարգացնել իրենց հմտությունները և անցնել այնպիսի պարտականությունների կատարման, ինչպիսիք են ավտոմատացված համակարգերի կառավարումն ու պահպանումը: 

 

Տվյալների մուտքագրման մասնագետներ

Ավտոմատացման տեխնոլոգիաները ետին պլան են մղում ձեռքով տվյալների մուտքագրման գործընթացը։ Ներկայումս առկա համակարգերը թույլ են տալիս կարդալ և մեկնաբանել տեղեկատվությունը՝ այն ավտոմատ կերպով մուտքագրելով համակարգչային ծրագրեր՝ առանց մարդու միջամտության, ինչը  զգալիորեն արագացնում է գործընթացը։ Բացի այդ, տվյալների վավերացման ավտոմատացված համակարգերը կարող են օգնել հայտնաբերել և ուղղել սխալները՝ ապահովելով մուտքագրվող տվյալների ճշգրտությունն ու հուսալիությունը:

Այս մասնագիտության վախճանը կանխատեսողները խորհուրդ են տալիս աշխատաշուկայում պահանջված մնալու համար վերապատրաստվել՝ ձեռք բերելով տվյալների վերլուծության, կառավարման, ինչպես նաև տվյալների վիզուալիզացիայի գիտելիքներ և հմտություններ: 

 

Հաշվապահներ

Այսօր հաշվապահական որոշակի գործառույթներ ավելի արագ և ճշգրիտ կարող են անել տեխնոլոգիաները։ Վերջիններիս օգնությամբ հնարավոր է ներկայացնել հարկային հայտարարագրեր, կատարել ֆինանսական վերլուծություններ, հաշվարկել հարկեր։ Ենթադրվում է, սակայն,որ հաշվապահների կարիքը կշարունակի մնալ ռազմավարական ֆինանսական խորհրդատվության և ուղղորդման տրամադրման, ինչպես նաև ներդրված տեխնոլոգիաների կիրառման գործերում։

 

 

Հաճախորդների սպասարկման մասնագետներ

Եվս մեկ աշխատանք, որը չատբոտերի և վիրտուալ օգնականների կողմից կարող է կատարվել արագ և ճշգրիտ կերպով՝ առանց մարդկային միջամտության։ Արհեստական բանականությամբ հզորացված տեխնոլոգիաները կարող են վերլուծել հաճախորդների տվյալները և տրամադրել անհատական առաջարկություններ և լուծումներ՝ հիմնված հաճախորդի պատմության և նախասիրությունների վրա: 

Հաճախորդների սպասարկման մասնագետների կարիքը, այնուամենայնիվ կմնա՝ մասնավորապես ուղղորդման և աջակցության տրամադրման ռազմավարությունների մշակման գործում: 

Գանձապահներ և մանրածախ վաճառողներ

Նորագույն տեխնոլոգիաների միջոցով հնարավոր է սկանավորմամբ ստանալ ապրանքների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն։ Մշակվում են համակարգեր, որոնք կարող են վերլուծել հաճախորդների տվյալները և տրամադրել անհատական առաջարկություններ՝ հիմնված հաճախորդի գնումների պատմության և նախասիրությունների վրա։ 

Գանձապահների և մանրածախ վաճառողների կարիքը կարող է նվազել, սակայն անհրաժեշտ լինել, երբ խոսքը գնում է անհատական մոտեցման մասին, որը պահանջում է հաղորդակցման և կոնֆլիկտների հաղթահարման այնպիսի հմտություններ, որոնց հարցում տեխնոլոգիաները չեն կարող գերազանցել մարդկային աշխատանքի արդյունավետությանը։

 

Ցածր աշխատավարձը՝ հիմնական խնդիր

Այսպիսով, արհեստական բանականության շնորհիվ մի շարք գործառույթներում մարդկանց դերը կնվազի։ Սա կարող է տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող մասնագետների համար ունենալ մի քանի բացասական հետևանքներ, օրինակ, աշխատավարձի նվազում։

 

Կարծիք կա, որ առաջիկա տարիներին նորագույն տեխնոլոգիաները կնպաստեն աշխատողների եկամտի նվազմանը։ Սա վերաբերում է հատկապես ստեղծագործական գործունեությամբ զբաղվող անհատներին։ Օրինակ, հաշվի առնելով արհեստական բանականության միջոցով տեքստերի գեներացման հնարավորությունը, լրագրողները կբախվեն մեծ մրցակցության, ինչը, ճիշտ է, չի նվազեցնի լրագրողների պահանջարկը, սակայն, կնվազեցնի նրանց աշխատավարձերը․ չէ՞ որ լրագրողական աշխատանքը արհեստական բանականության օգնությամբ կատարել կկարողանան ավելի շատ մարդիկ։

 

 

Ոչ միայն կրճատումներ․ տեխնոլոգիաները կստեղծեն նոր աշխատատեղեր

Տարբեր ոլորտներում նորագույն տեխնոլոգիաների ինտեգրումը կհանգեցնի նոր աշխատատեղերի ստեղծմանը։ Այսպիսի եզրակացությամբ է հանդես եկել  Համաշխարհային տնտեսական ֆորումն իր 2023 թվականի աշխատատեղերի ապագայի վերաբերյալ տարեկան զեկույցում։ Ըստ զեկույցի՝ տեխնոլոգիական զարգացումների արդյունքում մինչև 2025 թվականը կստեղծվի 97 միլիոն նոր աշխատատեղ: Խոսքը հիմնականում այնպիսի աշխատանքների մասին է, որոնք կապված են արհեստական բանականության և ավտոմատացման զարգացման հետ։ 

 

Կանխատեսվում է, որ հատկապես կմեծանա արհեստական բանականության և մեքենայական ուսուցման մասնագետների, տեղեկատվական անվտանգության վերլուծաբանների, կայունության մասնագետների, բիզնես վերլուծաբանների, մեծածավալ տվյալների վերլուծաբանների, ռոբոտաշինության ինժեներների և այլ մասնագետների պահանջարկը։

 

Հավելենք, որ չնայած տեխնոլոգիական զարգացումը կարող է որոշակի բացասական ազդեցություն ունենալ աշխատաշուկայի վրա, այնուհանդերձ միաժամանակ հարկ է նկատել, որ ընկերությունների կողմից նման տեխնոլոգիաների ինտեգրման գործընթացը հնարավոր չէ կանխատեսել։ Արդյո՞ք գործատուները կգերադասեն արհեստական բանականությամբ հզորացված տեխնոլոգիաները մարդկային ռեսուրսից առավել։ Սա հարց է, որի պատասխանը, անկախ առկա միտումներից, հստակ տալ հնարավոր չէ։

 

 

Կհետաքրքրեն նաև