Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Ժամանց

Ի՞նչ կարդալ ամռանը․ 10 ամենամոտիվացնող գրքերը՝ հաջողության հասնելու համար

23.07.2023 | 5281 դիտում

Նրանց համար, ովքեր փնտրում են մոտիվացիա և անձնական աճ, ճիշտ ժամանակն է հանգստի մեկնելիս պայուսակում ոգեշնչող և մոտիվացնող մի քանի գրքեր դնելու։ Իսկ թե ինչ ընթերցել՝ կներկայացնենք մեր այսօրվա բլոգում։

 

Ստորև ներկայացնում ենք ամենամոտիվացնող գրքերի մեր կազմած տասնյակը, որոնք կհզորացնեն ձեր միտքը, կլիցքավորեն ձեզ նոր էներգիայով՝ անձնական և մասնագիտական կյանքում նոր բարձունքներ գրավելու համար։ Այս գրքերը մարտահրավեր կնետեն ձեր համոզմունքներին և կստիպեն կարծրատիպերից դուրս գնահատել սեփական ներուժը՝ բացահայտելով նոր հեռանկարներ։ 


1․ «Երբեք մենակ մի ճաշեք և նեթվորքինգի այլ կանոններ». Քեյթ Ֆերացի, Թալ Ռեզ

Այս գիրքը կարելի է անվանել անձնական և մասնագիտական կապեր ստեղծելու համապարփակ ուղեցույց: Գրքում կգտնեք գործնական խորհուրդներ, թե ինչպես ընդլայնել ծանոթների և գործընկերների ցանցը և օգտագործել այն՝ հաջողության հասնելու համար: 

 

Հաջողակ մարդիկ աչքի են ընկնում կապեր ստեղծելու և դրանք օգտագործելու իրենց հմտություններով։ Հեղինակները ներկայացնում են կապեր հաստատելու սկզբունքները և լավագույն փորձը՝ բացահայտելով երկարաժամկետ և արդյունավետ հարաբերությունների հաստատման հիմնական մոտեցումները։ Հեղինակներն անդրադարձել են վստահություն ձեռք բերելու, դրական ազեցություն գործելու, ինչպես նաև մասնագիտական կապերի ձևավորման էթիկայի հետ կապված հարցերին։

 

Չանտեսելով ժամանակակից տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները՝ հեղինակները նշում են, թե ինչպես օգտագործել սոցիալական մեդիան և առցանց հարթակները՝ գործնական կապեր հաստատելու և ընդլայնելու համար:

 


2․ «Մտածիր և հարստացիր». Նապոլեոն Հիլ

Տարիներ շարունակ հաջողակ անհատների և նրանց ձեռքբերումների ուսումնասիրությունն ամերիկացի հեղինակ Նապոլեոն Հիլն ամփոփել է իր «Մտածիր և հարստացիր» գրքում։ Այն համարվում է անձի ինքնակատարելագործման վերաբերյալ բոլոր ժամանակների ամենաազդեցիկ ստեղծագործություններից մեկը։

 

Գնահատելով մտքի ուժը հաջողության հասնելու գործում՝ հեղինակը կենտրոնանում է ճիշտ մտածելակերպի կարևորության վրա։ Սեփական անձի և կարողությունների նկատմամբ հավատից մինչև հստակ և չափելի նպատակներ սահմանելը՝ հեղինակը քայլ առ քայլ բացահայտում է դեպի հաջողությունը տանող ճանապարհին մեր մտածելակերպի և արժեքների ազդեցությունը։ Հայտնի հաջողակների մասին բազմաթիվ պատմություններով և օրինակներով նա ցույց է տալիս հաջողության հասնելու ուղին։

 

3․ «Ատոմային սովորություններ»․ Ջեյմս Քլիըր

2018 թվականին լույս տեսած այս գիրքը շատ արագ համալրեց ժամանակակից բեսթսելերների շարքը։ Գրքի առանցքային գաղափարը նրանում է, որ փոքր փոփոխությունները կամ, այսպես կոչված, ատոմային սովորությունները կարող են ժամանակի ընթացքում մեծ ազդեցություն ունենալ մեր կյանքի վրա: Հեղինակը ներկայացնում է սովորությունները հասկանալու և դրանք բարելավելու ուղղությամբ աշխատելու գործնական խորհուրդներ, որոնց միջոցով հնարավոր է հասնել դրական և կայուն փոփոխությունների։

 

Իր գրքում Քլիըրը ձևակերպում է վարքագծի փոփոխության չորս կանոն՝ ներկայացնելով սկզբունքներ, որոնք կարող ենք կիրառել մեր առօրյա կյանքում՝ անձնական աճի և հաջողության հասնելու համար:

 

 

4․ «Արդյունավետ մարդկանց 7 սովորույթները»․ Սթիվեն Քովի 

Յոթ հիմնարար սովորույթներ, որոնք կօգնեն դառնալ ավելի նախաձեռնող, նպատակասլաց և հաջողակ՝ թե՛ անձնական և թե՛ մասնագիտական կյանքում․ այս մասին է Սթիվեն Քովիի «Արդյունավետ մարդկանց 7 սովորույթները» գիրքը։ Այդ սովորությունները վերաբերում են անձնական պատասխանատվությանը, ժամանակի կառավարմանը, արդյունավետ հաղորդակցությանը և երկարաժամկետ նպատակների վրա կենտրոնանալու հմտությանը։  

 

Գրքում Քովին ընդգծում է անձի գործողությունները սեփական սկզբունքներին և արժեքներին համապատասխանեցնելու կարևորությունը: Հեղինակն արժևորում է պրոակտիվ մտածելակերպի դերը՝ հաջողության հասնելու գործում: 

 

Քովիի այս գիրքը ոգեշնչել է միլիոնավոր ընթերցողների ամբողջ աշխարհում՝ նրանց համար ծառայելով որպես անձնական աճի ուղենիշ:

 

5․ «Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա»․ Դեյլ Քարնեգի

Գիրքն այն մասին է, թե ինչպես կարող են այլոց նկատմամբ անկեղծ հետաքրքրություն ցուցաբերելը, ակտիվորեն լսելը և անկեղծորեն մարդկանց ձեռքբերումները գնահատելը և նրանց խրախուսելն օգնում հասնել անձնական և մասնագիտական հաջողությունների։ Հեղինակն ընդգծում է հարաբերությունների կառուցման մեջ կարեկից, ըմբռնող և հարգալից լինելու անհրաժեշտությունը՝ տալով գործնական խորհուրդներ, որոնք օգնում են զարգացնել նման մոտեցումը։ 

 

Ինչպե՞ս վերաբերվել քննադատություններին և հաղթահարել կոնֆլիկտները, ի՞նչ է հարկավոր լավ զրուցակից լինելու և շրջապատող մարդկանց մոտ դրական տպավորություն թողնելու համար․ այս բոլոր հարցերին հեղինակը պատասխանում է՝ իր առաջարկած սկզբունքների արդյունավետությունը հիմնավորելով իրական կյանքից բերված օրինակներով։ 

 

6․ «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ»․ Ռոբերտ Կիյոսակի

Մարտահրավեր հարստության վերաբերյալ ավանդական պատկերացումներին՝ երկու կերպարի միջոցով․ Ռոբերտ Կիյոսակի գրքի սյուժեն ծավալվում է երկու «հայրիկների» շուրջ։ Նրանցից մեկը՝ «Աղքատ հայրիկը» հեղինակի հայրն է, ով ֆինանսական հարցերում հետևում էր ավանդական մոտեցումներին և հաճախ ֆինանսական դժվարություններ էր ունենում, իսկ մյուսը՝ «Հարուստ հայրիկը», Կիյոսակի լավագույն ընկերոջ հայրն էր, ով հաջողակ ձեռներեց և ներդրող էր:

 

Ուսումնասիրելով երկու հայրերի մտածելակերպի և ֆինանսական գրագիտության տարբերությունները՝ հեղինակը ցույց է տալիս, թե ինչպես է դա ազդել նրանց ֆինանսական վիճակի վրա: 

 

 

7․ «Դրական մտածողության ուժը»․ Նորման Փիլ

Դրական մտքերը և վերաբերմունքը կարող են փոխակերպել մեր կյանքը։ Իր գաղափարները հիմնավորելով հոգեբանության սկզբունքներով՝ Փիլը ներկայացնում է բացասական մտածողությունը հաղթահարելու և դրական մտածելակերպ զարգացնելու կարևորությունը:

 

Հեղինակը պատմում է, թե ինչպես կարող են մտքերն ու համոզմունքներն ազդել մեր վարքագծի, գործողությունների և ընդհանուր առմամբ բարեկեցության վրա: Դրական հայացքներ որդեգրելով՝ մարդիկ կարող են բացահայտել իրենց ներուժը և հասնել հաջողության կյանքի բոլոր բնագավառներում։ Փիլն առաջարկում է փոխարինել վախը և անհանգստությունը լավատեսությամբ և վստահությամբ՝ կիսվելով գործնական վարժություններով և մեթոդներով, որոնք կօգնեն դա անել։ 

 

8․ «Հաջողության սկզբունքները»․ Ջեք Քենֆիլդ

Հեղինակի և բազմաթիվ հաջողակ անձանց փորձի հիման վրա գրված գիրքը ճանապարհային քարտեզ է՝ ընթացիկ գործունեությունը վերանայելու և սեփական երազանքներին ու նպատակներին հասնելու համար ուղիներ գտնելու համար։

 

Գիրքն ընդգծում է հաջողության հասնելու գործում հստակ տեսլական ունենալու և կոնկրետ նպատակներ դնելու կարևորությունը։ Կյանքի ամենատարբեր ոլորտներում հաջողության հասնելու համար Քենֆիլդը նշում է 64 սկզբունք, որոնց թվում են  սեփական գործողությունների համար պատասխանատվություն ստանձնելը, դրական սովորություններ զարգացնելը, խոչընդոտները հաղթահարելը և այլն: Յուրաքանչյուր սկզբունք հեղինակը հիմնավորում է իրական կյանքի պատմություններով, ոգեշնչող օրինակներով, ինչպես նաև քայլերով, որոնց կիրառմամբ ընթերցողները կարող են հասնել իրենց նպատակներին։

 

 

9․ «Մտածողություն. Հաջողության հասնելու նոր հոգեբանություն». Դուեք Քերոլ

Երկու հիմնական մտածելակերպի՝ ֆիքսված և աճի միտված մտածելակերպերի մասին է Քերոլի՝ հոգեբանության և անձի զարգացման վերաբերյալ այս ճանաչված աշխատությունը։

 

Ֆիքսված մտածելակերպ ունեցող մարդիկ կարծում են, որ իրենց կարողություններն ու հմտությունները չեն կարող փոփոխվել։ Նրանք խուսափում են մարտահրավերներից և վախենում ձախողումից: Ի տարբերություն վերջիններիս՝ աճի միտված մտածելակերպ ունեցող անձինք համոզված են, որ իրենց կարողությունները կարող են զարգանալ քրտնաջան աշխատանքի և շարունակաբար սովորելու միջոցով: Նրանք ընդունում են մարտահրավերները և անհաջողությունները դիտարկում են որպես աճի հնարավորություն:

 

Հեղինակը բացահայտում է աճի միտված մտածելակերպ մշակելու մեթոդները, որոնց շնորհիվ յուրաքանչյուր ոք կարող է օգտագործել իր ողջ ներուժը, հաղթահարել խոչընդոտները և հասնել բաղձալի հաջողության:

 

10. «Բաբելոնի ամենահարուստ մարդը»․ Ջորջ Քլեյսոն

Գիրքը ներկայացնում է Արկադի՝ Բաբելոնի ամենահարուստ մարդու կյանքի ճանապարհը, ով իր իմաստությունը կիսում է ֆինանսական հաջողության ձգտող մի խումբ երիտասարդների հետ: Արկադի պատմությունները և ուսմունքները գումարի տնօրինման, խնայողության, ներդրումների և ֆինանսական անկախության հասնելու մասին արժեքավոր դասեր են ընթերցողի համար:

 

Գրքի կարևորագույն ուղերձներից մեկը եկամտի մի մասը կանոնավոր կերպով խնայելու մասին խորհուրդներն են: Արկադը խոսում է «առաջին հերթին ինքդ քեզ վճարելու» գաղափարի մասին՝ առաջարկելով ամեն անգամ մի կողմ դնելով վաստակածի առնվազն 10%-ը՝ ժամանակի ընթացքում գումար կուտակելու նպատակով:

 

Հեղինակը կիսվում է նաև ներդրումներ կատարելիս ռիսկերը հաշվարկելու և տեղեկացված ֆինանսական որոշումներ կայացնելու վերաբերյալ խորհուրդներով։

 

Դե ինչ, ընտրեք թվարկված գրքերից մեկը կամ մի քանիսը և ժամանակ գտեք ընդլայնելու ձեր մտահորիզոնը՝ բացահայտելով դեպի անձնական և մասնագիտական աճ տանող նոր հնարավորություններ։

 

Կհետաքրքրեն նաև