Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Ժամանց

Տոնական տրամադրությունն աշխատավայրում կամ Գաղտնի Սանտայի՝ մարդկանց միավորելու արվեստը

09.12.2023 | 6235 դիտում

Ամեն անցնող օրվա հետ մոտենում են տոնական օրերը։ Աշխատավայրում, որտեղ շատ հաճախ ամբողջ օրվա ռիթմը և տրամադրությունը թելադրում են սուղ վերջնաժամկետները և անսպասելի առաջացող խնդիրները, տոնական օրերը եզակի հնարավորություն են ընձեռում գործընկերների հետ նաև այլ առիթով շփվելու համար։ 

 

Բազմաթիվ կազմակերպություններում տարիներ շարունակ տոնական միջոցառման անբաժանելի մաս է դարձել Գաղտնի Սանտան։ Արդեն ավանդույթ դարձած այս խաղի գեղեցկությունը ոչ միայն միմյանց նվերների փոխանակման մեջ է, այլև այն տրամադրությունների, որոնք նախորդում են դրան։

 

Մեր այսօրվա բլոգում կանդրադառնանք գործընկերների միջև շփման և աշխատավայրում տոնական տրամադրության ապահովման գործում Գաղտնի Սանտայի նշանակությանը։

 

 

Ամանորյա խաղը՝ սիրելի հարթակի հետ

Եթե տարեվերջյան թոհուբոհով տարված դեռ չեք հասցրել ձեր կազմակերպությունում մեկնարկել ամենատարածված ամանորյա խաղը, ապա դա կարող եք անել հենց հիմա։ Որպեսզի անակնկալներով լեցուն այս խաղին հեշտությամբ մասնակցեք նաև դուք, Job.am-ը ստեղծել է այն առցանց կազմակերպելու հնարավորություն։ Անցեք հղումով, համապատասխան դաշտերում մուտքագրեք ձեր գործընկերների անունները և թող այս Ամանորին բոլորը ստանան հենց այն նվերը, որի մասին երազում են։

 

Գաղտնի Սանտան՝ տոն միապաղաղ առօրյայում

Ամանորն անակնկալների և տոնական տրամադրության շրջան է։ Աշխատավայրում առօրյա գործերի և առաջադրանքների միապաղաղ ընթացքի մեջ Գաղտնի Սանտան թարմություն է բերում՝ հայտարարելով տոնի և տոնական տրամադրության մուտքը նաև գրասենյակ։ 

 

Տարվա ավարտն աշխատավայրում սովորաբար բնորոշվում է որպես լարված ժամանակահատված, երբ պետք է համոզվել, որ ամեն ինչ արված է և կիսատ գործեր չկան։ Սա նաև անցնող տարին ամփոփելու, ձեռքբերումների մասին հիշելու և գալիք տարվա համար նոր նպատակներ սահմանելու շրջան է։ Այս ամենի ֆոնին Գաղտնի Սանտան բերում է տոնի ոգին՝ պատճառ դառնալով, որպեսզի աշխատակիցները փորձեն միմյանց ավելի լավ ճանաչել և շփվել այլ՝ ոչ գործնական համատեքստում։ 

 

 

Գաղտնի Սանտայի՝ այդքան սիրված լինելը պայմանավորված է նաև ոգևորության այն զգացումով, որով խաղի մասնակիցները փորձում են ճանաչել իրենց «թոռնիկներին», նրանց համար ընտրել հնարավոր լավագույն նվերը և, իհարկե, փորձել կռահել, թե ով է իրենց Սանտան։ 

 

Այս խաղը հնարավորություն է տալիս, որ բացահայտեք ձեր գործընկերների հետաքրքրությունների, հոբբիների և թաքնված տաղանդների մասին այնպիսի հետաքրքիր փաստեր, որոնց մասին պատկերացում անգամ չունեիք։ Միգուցե նաև ընդհանուր հետաքրքրություններ և հոբբիներ ևս գտնեք։

 

Նվերներ փոխանակելուց բացի․ խաղի ազդեցության մասին

Միմյանց համար նվերներ պատրաստելուց և դրանք հանձնելով՝ աշխատավայրում տոնական տրամադրություն ստեղծելու իր հիմնական առաքելությունից բացի, այս խաղն ունի նաև այլ դրական կողմեր։

 

Նախ այն նպաստում է թիմային կապերի ամրապնդմանը՝ խթանելով մասնագիտական փոխհարաբերությունների կողքին նաև ընկերական հարաբերությունների ձևավորմանը։ 

 

Տոնական մթնոլորտը, որը ստեղծվում է Գաղտնի Սանտայի շնորհիվ, ուղղակիորեն ազդում է աշխատավայրում ձևավորվող մշակույթի վրա: Այս խաղը կարելի դիտարկել նաև որպես արդյունավետ թիմբիլդինգ․ չէ՞ որ, եթե անհատները հնարավորություն են ունենում միմյանց հետ շփվել անձնական մակարդակում, ապա մեծ է նախագծերի շրջանակներում ավելի լավ համագործակցության և ավելի բաց ու հաղորդակցական աշխատանքային միջավայրի ստեղծման հավանականությունը։

 

 

Զվարճալի և հիշարժան․ ինչ պետք է նկատի ունենալ Գաղտնի Սանտա խաղալիս

Նվերների համար սահմանեք ողջամիտ բյուջե, որպեսզի մասնակիցները կարողանան ձեռք բերել նվեր գրեթե նույն արժեքի սահմաններում։ Գումարի չափը որոշելիս հաշվի առեք, որ այն պետք է ֆինանսական դժվարություն չառաջացնի թիմակիցների համար։ Այնուհետև սահմանեք նվերների փոխանակման ամսաթիվ։

 

Մինչ խաղի ավարտը՝ նվերների փոխանակումը, պահպանեք անանունությունը, չէ՞ որ նպատակը միմյանց անակնկալ մատուցելն է։

 

Եթե չնայած տարածված մոտեցմանը, որի դեպքում մասնակիցները նշում են, թե ինչ են ցանկանում նվեր ստանալ, դուք որոշել եք այսպես կոչված «ցանկությունների ցուցակ» չօգտագործել, ապա խրախուսեք մասնակիցներին մտածել նվերների մասին՝ հաշվի առնելով իրենց «թոռնիկի» հետաքրքրությունները և նախասիրությունները: Անհատականացված մոտեցումը կարևոր է և ակնակնկալը դարձնում է ավելի հետաքրքիր։

 

 

Ցանկության դեպքում կարող եք նաև գուշակության հետ կապված հետաքրքիր տարբերակներ օգտագործել։ Դա կօգնի ապահովել զվարճանքի և ոգևորության զգացումը։ Այս փուլը ենթադրում է, որ նվերը ստանալուց հետո մասնակիցներին հնարավորություն է տրվում հուշումների հիման վրա գուշակել, թե ով է իրենց Գաղտնի Սանտան։

 

Եվ ամենակարևորը, նվերների փոխանակման միջոցառման ժամանակ ստեղծեք զվարճալի և տոնական մթնոլորտ։ Օգտագործեք առիթը միասին՝ որպես մեկ թիմ ուրախ ժամանակ անցկացնելու, աշխատանքային միջավայրից դուրս շփվելու և տոնական մթնոլորտը վայելելու համար։

 

Գաղտնի Սանտան միավորում է թիմին՝ աշխատանքից դուրս, ձուլվելով այն համընդհանուր տոնական տրամադրությանը, որն իր հետ բերում է տարվա այս եղանակը։ Դա ևս մեկ հրաշալի առիթ է հիշեցնելու համար, որ գործընկերներ լինելուց բացի դուք նաև ընկերներ եք, ովքեր ունեն ընդհանուր մնայուն հիշողություններ, որոնք նրանց կուղեկցեն ողջ տարի։

Կհետաքրքրեն նաև