Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Մի քանի միջոց՝ հարցազրույցին վստահ ներկայանալու համար

Վստահությունը հաջող հարցազրույցի բանալին է: Եթե նույնիսկ ռեզյումեում լավագույնս ներկայացրել եք ձեր հմտությունները, սակայն չկարողանաք նույնն անել հարցազրույցի ընթացքում, ապա, ամենայն հավանականությամբ, չեք ստանա աշխատանքի առաջարկ։ Մեր այսօրվա բլոգում կներկայացնենք 5 միջոց, որոնք կօգնեն վստահաբար ներկայանալ հարցազրույցին։

 

Վերհիշեք ձեռքբերումները

Պատրաստ եղեք պատասխանել այնպիսի հարցերի, ինչպիսիք են՝ «Ո՞րն է ձեր ամենամեծ ձեռքբերումը»՝ ներկայացնելով ձեր կարիերայում արձանագրած լավագույն արդյունքները: Հիշեք՝ նույնիսկ եթե դուք հիմա նյարդայնանում եք, դուք նույն մարդն եք, ով իր աշխատանքում բազում դրական արդյունքեր է գրանցել: Այդ մտքերից առաջացող դրական տրամադրությունը տարեք ձեզ հետ հարցազրույցի սենյակ։

 

 

Պատկերացրեք հաջող հարցազրույցը

Պատկերացրեք, թե ինչպիսի տեսք կունենա հաջողված հարցազրույցը, ինչպես կհնչեն ձեր պատասխանները և ինչպիսի զգացողություններ կունենաք: Վիզուալիզացիան հզոր գործիք է։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վիզուալիզացիան նույն ազդեցությունն է ունենում ուղեղի վրա, ինչ իրական գործունեությունը:

 

Պատրաստվեք հաճախակի տրվող հարցերին

Մեր բլոգում կգտնեք բազմաթիվ նյութեր՝ կապված հարազրույցների ընթացքում հաճախակի տրվող հարցերին։ Ուսումնասիրեք այդ հարցերը և նախապատրաստեք ձեր պատասխանները։ Առանձին կետերով գրի առեք, թե հատկապես ինչի մասին կուզենայիք խոսել այս կամ այն հարցին պատասխանելիս և հարցազրույցից մի քանի րոպե առաջ վերանայեք դրանք։

 

 

Շնչառական վարժություններ արեք

Եթե անհանգստանում եք հարցազրույցից առաջ, ապա հինգ րոպե հատկացրեք մտքերը հավաքելու վրա՝ կիրառելով շնչառական վարժություններ։ Ամենահայտնի վարժություններից է մինչև չորսը հաշվելով ներշնչելը, շունչը պահելը և արտաշնչելը՝ մտքում կրկին մինչև չորսը հաշվելով։ 

 

Այլ տեսանկյունից դիտեք

Թեև աշխատանքային հարցազրույցները կարևոր են, սակայն դրանք, ի վերջո, պարզապես զրույցներ են։ Հիշեցրեք ինքներդ ձեզ, որ գրասեղանի մյուս կողմում նստած է մի մարդ է, ով, ինչպես և դուք, սեփական պատմությունը պատմելիս ունենում է միևնույն ապրումները։

Ձեզ կհետաքրքրեն