Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
խորհուրդներ դիմորդներին

Ինչ գրել ռեզյումեում․ խորհուրդներ աշխատանքային փորձ չունեցող ուսանողներին

04.05.2024 | 4349 դիտում

Առանց փորձի աշխատանք գտնելը բարդ է, սակայն ինչպե՞ս փորձ ձեռք բերել, եթե անփորձ մասնագետներին աշխատանքի չեն ընդունում: Հաճախ թվում է, թե նկարագրվածը անելանելի իրավիճակ է, սակայն դա միայն թվում է։ Նախ, աշխատանքային փորձ ձեռք բերելու համար կարող եք օգտագործել չվճարվող պրակտիկայի հնարավորությունները։ Եվ ապա, կազմեք գրագետ ռեզյումե, որտեղ կընդգծեք՝ ձեր ոգևորությունը և հետաքրքրությունը մասնագիտության նկատմամբ: 

 

Մեր այսօրվա բլոգում կպարզենք, թե ինչպիսի ռեզյումե կարող է կազմել աշխատանքային փորձ չունեցող ուսանողը։

 

 

Հիմնական բաժինները

Ձեր մասին հիմնական նշումները ռեզյումեի հենց սկզբում կօգնի գործատուին ստանալ հիմնական տեղեկատվություն ձեր մասին։ Այս բաժնում սովորաբար նշվում են դիմորդի անունը և ազգանունը, պաշտոնը, որում նա ցանկանում է աշխատել, բնակության վայրը, կոնտակտային տվյալները, էջերը սոցցանցերում։ 

 

Մի քանի նկատառում՝ կապված այս բաժնի հետ։ Ընդհանուր առմամբ, խորհուրդ չի տրվում նշել տարիքը, տեղադրել լուսանկար, հատկապես եթե այն գործնական բնույթի չէ, այլ ընկերների խնջույքի ժամանակ արված լուսանկար է, որի խայտաբղետ ֆոնը իսկույն կվանի հավաքագրողին։ 

 

Բնակության վայրի հետ կապված սահմանափակվեք երկիրը կամ քաղաքը նշելով, տան հասցեն հարկավոր չէ ընդգրկել։ Կոնտակտային տվյալներից նշեք էլեկտրոնային հասցե, որն ակտիվ օգտագործում եք և հեռախոսահամար։ Սոցիալական ցանցերում էջերն ընդգրկելը պարտադիր չէ։ Եթե ունեք պրոֆեսիոնալ և մասնագիտական առումով հետաքրքիր էջ Լինքդինում, ապա կարող եք այն ներառել ռեզյումեում։

 

 

Կրթություն

Այս բաժնում նշեք համալսարանը և մասնագիտությունը, նույնիսկ եթե դրանք չեն համապատասխանում թափուր աշխատատեղին, որի համար դիմում եք: Այն փաստը, որ ունեք բարձրագույն կրթություն, արդեն իսկ ձեր մասին կարևոր տեղեկատվություն է։ Շատերն այստեղ նշում են նաև կուրսային, լաբորատոր և դիպլոմային աշխատանքների թեմաները, եթե դրանք ընտրված թափուր աշխատատեղին համապատասխան ուղղություններին են վերաբերում։

 

Փորձ և ձեռքբերումներ

Գուցե դուք դեռ չունեք մասնագիտական, բայց հավանաբար ունեք կյանքի փորձ: Միգուցե մասնակցել եք մրցույթների, կոնֆերանսների, միջազգային ծրագրերի, որոնք ձեզ ինչ-որ օգտակար բան են սովորեցրել ապագա աշխատանքի համար: Եթե սովորելու հետ զուգահեռ նաև աշխատել եք, ապա սա ևս նշեք։ Կարող եք անդրադառնալ նաև ընտրված մասնագիտության հետ կապ չունեցող կես դրույքով աշխատանքին՝ նշելով, թե ինչ եք արել, որքան ժամանակ և ինչ ծավալով։

 

Կարևոր է նաև կամավորական աշխատանքի փորձի մասին նշելը։ Այն, թե որտեղ եք անցել պրակտիկա, ինչ կարգավիճակով և արդյունքում ինչ եք սովորել, ևս հարկավոր է ընդգրկել այս բաժնում։

 

 

Հմտություններ

Ձեր ռեզյումեի այս բաժնում պետք է նշեք այն ամենը, ինչի տիրապետում եք։ Կարևոր է ցույց տալ, թե ձեր հմտություններն ինչպես են օգնելու թափուր աշխատատեղում նշված պարտականությունները կատարելիս: Փորձեք անդրադառնալ հենց այն հմտություններին, որոնք նշված են հայտարարության մեջ:

 

Բառացիորեն պատճենեք ապագա մասնագետին ներկայացվող պահանջների ցանկը և աշխատանքի համար անհրաժեշտ հմտությունները, ջնջեք այնպիսիները, որոնք դեռ չունեք, այնուհետև ավելացրեք գործատուի կողմից չնշված, բայց ձեր կարծիքով հաստիքի համար օգտակարները:

 

Ինչպես պատրաստել ռեզյումե

Օգտագործեք պարզ և հստակ ձևանմուշ։ 

Խուսափեք ավելորդ տարրերից, բարդ ձևաչափից և մեծ ծավալից. ամբողջ տեղեկատվությունը պետք է տեղավորվի մեկ կամ երկու A4 չափի էջերի վրա:

 

 

Գրեք ուղեկցող նամակ

Յուրաքանչյուր թափուր աշխատատեղի համար գրեք նոր ուղեկցող նամակ և կցեք ռեզյումեին: Ուղեկցող նամակի միջոցով պատմեք ձեր համապատասխան հմտությունների և փորձի մասին՝ առանձնանալով մրցակիցներից:

 

Կազմեք առանձին ռեզյումեներ՝ տարբեր աշխատատեղերի համար

Կարող եք տարբեր ռեզյումեներ կազմել նաև ըստ ոլորտների՝ ներկայացնելով ձեր հմտությունները տարբեր տեսանկյուններից՝ ընդգծելով դրանց օգտակարությունը կոնկրետ աշխատանքի համար:

 

Եվ իհարկե, չմոռանաք սրբագրել ձեր ռեզյումեն։

 

Այսպիսով, այժմ իմանալով, թե փորձ չունենալու դեպքում ինչ ասպեկտներ շեշտադրել ռեզյումեում, կարող եք այցելել Job.am և օգտվել մեր անվճար ResumeBuilder-ից։ Կայքում հրապարակված աշխատատեղերին դիմելու համար մեր հարթակում կարող եք պատրաստել մինչև 3 ռեզյումե։

 

Կհետաքրքրեն նաև