Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
խորհուրդներ դիմորդներին

Ինչո՞ւ եք հաճախ փոխել աշխատավայրը․ ինչպես պատասխանել հարցին

26.04.2024 | 1762 դիտում

Հարցազրույցի ընթացքում հավաքագրման մասնագետը, ձեր ռեզյումեում նկատելով հաճախակի աշխատանքի փոփոխություններ, կարող է հարցնել պատճառների մասին։

Պետք չէ մտահոգվել, թե ինչ պատասխանել այս հարցին, փոխարենը հարկավոր է նախապատրաստվել։ Այսօր կքննարկենք, թե ինչու են գործատուները հարցնում հաճախակի աշխատատեղերի փոփոխությունների մասին և ինչպես պատասխանել նման հարցերին, ինչպես նաև կդիտարկենք պատասխանի օրինակ, որը գործնականում կօգնի, որպեսզի ինքներդ նման պատասխան նախապատրաստեք։

 

 

Ինչու է գործատուն հարցնում աշխատանքը հաճախ փոխելու մասին

Գործատուները հարցնում են աշխատանքը հաճախակի փոխելու մասին, որպեսզի համոզվեն, որ թեկնածուները, որոնց նրանք նախատեսում են աշխատանքի ընդունել, կարճ ժամանակ անց չեն հեռանա ընկերությունից: Գործատուն ցանկանում է իմանալ՝ արդյոք առաջարկվող պաշտոնը համատեղելի է ձեր կարիերայի երկարաժամկետ նպատակների հետ:

 

Հարցազրուցավարի հետ վստահորեն և ազնվորեն խոսելը կարող է օգնել ձեզ վաստակել նրա վստահությունը: Եթե հնչի վերոնշյալ հարցը, ապա օգտագործեք այդ հնարավորությունը՝ ընդգծելու համար ձեր հմտությունները, հետաքրքրվածությունը և կարողությունները։ Խոսեք ընկերության հետ երկարաժամկետ կարիերա կառուցելու ձեր մտադրության մասին։

 

 

Ինչպե՞ս պատասխանել հարցին

Ահա մի քանի խորհուրդներ։

 

Առանձնացրեք աշխատանքի փոփոխությունների պատճառները

Նախ վերանայեք ձեր աշխատանքային պատմության փոփոխությունները: Մտածեք ձեր նախկին աշխատանքների մասին, առանձնացրեք, թե ինչն է ձեզ դուր եկել և ինչը՝ ոչ, և ինչն է ձեզ ստիպել տեղափոխվել այլ աշխատանքի: Փորձեք կոնկրետ պատճառ ունենալ ձեր ռեզյումեում նշված բոլոր աշխատանքների փոփոխությունների համար:

 

Նշեք այնպիսի պատճառներ, որոնք բացասաբար չեն անդրադառնում ձեր կամ ձեր գործատուների վրա: Աշխատանքը թողնելու ընդհանուր պատճառներից մի քանիսը կարող են ներառել ծրագրի ավարտը, կրճատումները կամ կազմակերպչական վերակազմավորումը: Դուք կարող եք նաև ընտրել արտաքին պատճառ, օրինակ՝ մեկ այլ քաղաք տեղափոխվելը, ձեր տանը ավելի մոտ գրասենյակում աշխատանք փնտրելը, ձեր սեփական բիզնեսը սկսելը կամ բարձրագույն կրթությունը շարունակելը:

 

 

Մտածեք հարցազրուցավարի տեսանկյունից

Մտածեք, թե ինչպես կարող է հարցազրուցավարը ընկալել ձեր պատասխանը: Եթե գործատուն փնտրում է երկարաժամկետ պարտավորությամբ թեկնածուների, համոզվեք, որ ձեր պատասխանը փոխանցում է երկարաժամկետ աշխատանք գտնելու ձեր մտադրությունը: Կարող եք նաև մտածել փոփոխությունները մասնագիտական աճի հնարավորությունների հետ կապելու մասին: Օրինակ, կարող եք ասել, որ հաճախ փոխել եք աշխատանքը ավելի բարձր պաշտոնի անցնելու համար:

 

Կենտրոնացեք փոփոխությունների դրական կողմերի վրա

Գործատուները կարող են փորձել պարզել, թե արդյոք դուք հետևողականորեն բացասաբար եք վերաբերվել ձեր նախկին աշխատանքներին, թե փոխել եք դրանք՝ ավելի լավը գտնելու համար: Կենտրոնացեք աշխատանքի փոփոխությունների դրական կողմերի վրա, ինչպիսիք են կարիերայի աճը, ավելի շատ մարտահրավերներ հաղթահարելը կամ ավելին սովորելու և աճելու միջավայր գտնելու փորձերը։ 

 

 

Ներկայացրեք ձեր առաջընթացը յուրաքանչյուր փոփոխության հետ

Բացատրեք, թե ինչպես են աշխատանքի փոփոխություններն օգնել ձեզ առաջադիմել կարիերայում: Խոսեք յուրաքանչյուր աշխատանքից ձեռք բերած հմտությունների և փորձի մասին: Փորձեք հաստատել, որ յուրաքանչյուր նոր աշխատանք նախորդի համեմատ ավելի մեծ հնարավորություններ էր ընձեռում։

 

Եթե մի ընկերությունից մյուսն եք տեղափոխվել՝ ստանձնելով նույն պաշտոնը, ապա պարզաբանեք, թե ինչպես էր այդ պարագայում նույն պաշտոնը տարբեր պարտականություններ ենթադրում։ 

 

Պատասխանի օրինակ

Դիտարկենք մեկ օրինակ, թե ինչպես կարելի է պատասխանել աշխատանքը հաճախակի փոխելու մասին հարցին․ «Ես շատ էի սիրում իմ նախորդ աշխատանքը։ Դա ստարտափ էր, որը ինձ հնարավորություն էր տալիս աշխատել մի քանի ոլորտներում և շատ բան սովորել, սակայն միաժամանակ, հաճախ ստիպված էի լինում աշխատել մինչև ուշ գիշեր՝ դժվարանալով պահպանել աշխատանք-անձնական կյանք հավասարակշռությունը։ Այժմ կուզենայի աշխատել ավելի կայուն կազմակերպությունում, որտեղ արդյունավետորեն կկիրառեմ իմ մասնագիտական հմտությունները։ Կարծում եմ՝ ձեր ընկերությունում կունենամ այդ հնարավորությունը»։

 

Կհետաքրքրեն նաև