Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
խորհուրդներ դիմորդներին

Որքա՞ն ժամանակ տրամադրել հարցազրույցին նախապատրաստվելու համար

25.04.2024 | 2840 դիտում

Բազմիցս ընդգծել ենք այն հանգամանքը, թե որքան կարևոր է հարցազրույցի ներկայանալուց առաջ նախապատրաստվելը։ Հարցազրույցը աշխատանքի ընդունման գործընթացում կարևոր քայլ է, ուստի նպատակը դրական տպավորություն թողնելն է: Ժամանակակից մարդու բազմազբաղ առօրյայում ժամանակի կառավարումը կարող է դժվար լինել։ Հաշվի առնելով զբաղվածությունը ներկա աշխատավայրում կամ այլ առօրյա գործերը, որոնք պահանջում են մեր ուշադրությունը, կարևոր է իմանալ, թե որքան ժամանակ է միջինում պահանջվում հարցազրույցի լավ նախապատրաստվելու համար։ 

 

Մեր այսօրվա բլոգում կպարզենք, ոչ միայն այս հարցի պատասխանը, այլև կներկայացնենք գործնական մի քանի մեթոդներ, որոնք կօգնեն ճիշտ կառավարել ժամանակը՝ հարցազրույցին նախապատրաստվելիս։

 

 

Այսպիսով, որքան ժամանակ տրամադրել հարցազրույցի նախապատրաստվելու համար։ Այս հարցի հետ կապված կարծիքները տարբեր են, սակայն միջին հաշվով հարցազրույցին պատշաճ պատրաստվելու համար պահանջվում է մոտ 5-10 ժամ: Այս ժամանակը հաճախ բավական է ձեր ռեզյումեն վերանայելու, ընկերության մասին տեղեկատվություն գտնելու և ուսումնասիրելու և հարցազրույցի հիմնական հարցերին պատասխաններ նախապատրաստելու համար: Ժամանակ հատկացնելիս հաշվի առեք նաև պաշտոնի առանձնահատկությունները, օրինակ, եթե դիմել եք մրցակցային պաշտոնի համար, կարող եք մի փոքր ավելի շատ ժամանակ ծախսել՝ ավելին ուսումնասիրելու և ավելի շատ հնարավոր հարցերի նախապատրաստվելու համար։

 

 

Ժամանակի կառավարման մեթոդներ՝ հարցազրույցի նախապատրաստվելիս

Հարցազրույցի նախապատրաստմանը հատկացվելիք ժամանակը արդյունավետ օգտագործելու նպատակով կարող եք փորձել բազմաթիվ մեթոդներ: Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը, որոնցից կարող եք ընտրել այն մեկը, որն առավել արդյունավետ համարեք հենց ձեզ համար։


Տրամադրեք 5-10 ժամ

Որպեսզի վստահ լինեք, որ կարող եք բավարար ժամանակ տրամադրել հարցազրույցներին պատրաստվելուն, ուշադրությամբ ընտրեք պաշտոնները, որոնց համար դիմում եք։ Ժամանակ ծախսելով բոլոր հնարավոր պաշտոններին դիմելու վրա՝ հնարավոր է՝ հարցազրույցի նախապատրաստվելու համար բավարար ժամանակ չունենաք։ Քննարկեք հավաքագրման մասնագետի հետ հարցազրույցի օրը՝ համոզված լինելով, որ կհասցնեք լավ նախապատրաստվել։

 

 

Օգտագործեք 20-40-40 կանոնը

Հարցազրույցի նախապատրաստման գործընթացը բաժանեք 3 մասի։

 

1․ Ուսումնասիրություն։ Հնարավոր է՝ ձեզ հարցնեն, թե ինչ գիտեք կազմակերպության մասին։ Միգուցե հնչի հարց, թե ինչ հնարավորություններ կամ մարտահրավերներ եք տեսնում այն ոլորտում, որտեղ գործում է ընկերությունը: Ձեր ժամանակի 20%-ը հատկացրեք ձեր կոնկրետ դերը, ընկերությունը, ոլորտը և նրա պատմությունը ուսումնասիրելուն։

 

2․ Հարցերի ձևակերպում։ Հարցերը հաճախ շատ հատուկ են այն պաշտոնին, որի համար դուք դիմում եք: Հիմնվելով աշխատանքի նկարագրության վրա՝ առանձնացրեք աշխատանքային պարտականությունների և պահանջների մասին հիմնական հարցերը։ Այս փուլին հատկացրեք ձեր ժամանակի 40%-ը՝ գրելով մոտ 30 հնարավոր հարցեր, որոնք կարող է տալ հարցազրուցավարը։

 

3․ Պատասխանների նախապատրաստում։ Երբ արդեն առանձնացրել եք հարցերը, սկսեք կազմել պատասխանները: Հարցազրույցին ավելի վստահ զգալու համար կարող եք բարձրաձայն կարդալ պատասխանները: Մեկ այլ օգտակար տեխնիկա է հարցերին պատասխանելիս ինքներդ ձեզ ձայնագրելը և ապա ձայնագրությունը լսելը, որը թույլ կտա թե՛ բովանդակային և թե՛ խոսքի արագության ու տոնայնության հետ կապված բարելավումներ անել։

 

 

Եղեք ճկուն և պահպանեք հավասարակշռությունը

Թեև նախապատրաստվելու համար առաջարկվում է 5-10 ժամ, սակայն յուրաքանչյուր մարդու պարագայում իրադրությունը տարբեր է, և ձեզ կարող է ավելի քիչ կամ ավելի շատ ժամանակ պահանջվել հաջողությամբ նախապատրաստվելու համար: Գուցե նաև տարբեր փուլերի համար տարբեր ժամանակահատված տրամադրեք։ Օրինակ, եթե լավ եք ճանաչում ընկերությանը, ավելի քիչ ժամանակ կծախսեք այն ուսումնասիրելու վրա: Եթե արդեն իսկ աշխատում եք ոլորտում և բավականին ծանոթ եք պաշտոնին և բիզնեսին, ամենայն հավանականությամբ ավելի քիչ ժամանակ կտրամադրեք հնարավոր հարցերի ուսումնասիրության վրա։ Այս պարագայում 5 կամ 10 րոպե հատկացրեք յուրաքանչյուր հարցի պատասխանի ձեր տարբերակի մասին մտածելու համար, որպեսզի համոզվեք, որ հարցազրույցի ընթացքում կկարողանաք ներկայացնել ձեր ամենակարևոր ասելիքը։

 

Կհետաքրքրեն նաև