Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
խորհուրդներ դիմորդներին

Ինչպիսի՞ առաջադրանքներ պատրաստել թեկնածուների համար

05.04.2024 | 3160 դիտում

Հաճախ դիմորդները բողոքում են գործատուների ուղարկած առաջադրանքներից՝ երբեմն նաև հրաժարվելով այն կատարել։ Պատճառները կարող են տարբեր լինել՝ չափազանց ծավալուն առաջադրանքից մինչև պաշտոնի հետ քիչ առնչվող հանձնարարություններ ստանալը։ Երբեմն գործատուները ուղարկում են այնպիսի առաջադրանքներ, որոնց կատարման համար անհրաժեշտ է մի քանի օր։ Բնականաբար դիմորդը, ով չգիտի անգամ, թե որքանով է մեծ աշխատանքի առաջարկ ստանալու իր հնարավորությունը, բավականաչափ մոտիվացված չի լինի այդքան ժամանակ և ջանք ներդնել մի բանում, որի արդյունքն անհայտ է։

 

Այսպիսով, ի՞նչ սկզբունքներով առաջնորդվել առաջադրանք կազմելիս, որպեսզի վերջինիս պատճառով լավագույն մասնագետներին չկորցնեք։ Այս մասին է մեր այսօրվա բլոգը։

 

Լավագույն թեկնածուներին գտնելու համար հավաքագրողները դիմում են տարբեր մեթոդների, որոնց թվում են նաև հանձնարարությունները: Որպես հավաքագրման գործընթացի մի մաս՝ հաճախ հավաքագրողը խնդրում է թեկնածուներին կատարել իրեն ուղարկվելիք առաջադրանքը, որի միջոցով ընկերությունը կկարողանա ստուգել թեկնածուների հմտությունները և համոզվել, որ նրանք կկարողանան կատարել իրենց աշխատանքը: Իսկապես դա թեկնածուի ունակություններն ու ներուժն ավելի լավ հասկանալու հիանալի միջոց է: Եթե հարցազրույցը ենթադրում է երկխոսություն թեկնածուի հմտությունների և փորձի մասին, ապա կոնկրետ հանձնարարությունն ապացուցում է այդ հմտությունների արդյունավետ կիրառումը։

 

 

Չնայած գործատուին ընձեռող մի շարք առավելություններին՝ առաջադրանքների կատարումը միանշանակ չի ընդունվում թեկնածուների կողմից։ Ինչպես նշեցինք, պատճառներից մեկը կարող է առաջադրանքների մեծ ծավալը լինել։ Անդրադառնանք ևս մի քանիսին։

 

Անհասկանալի ակնկալիքներ։ Եթե առաջադրանքի վերաբերյալ հրահանգները երկիմաստ են կամ վատ են սահմանված, ապա թեկնածուները, չիմանալով, թե ինչպես պետք է կատարեն այն, կարող են հիասթափվել և հրաժարվել հավաքագրմանը հետագա մասնակցությունից

 

Չվարձատրվող աշխատանք։ Թեկնածուները կարող են հրաժարվել զգալի ժամանակ և ջանք ներդնելուց այն առաջադրանքների վրա, որոնք չեն վարձատրվում։

 

Պաշտոնի հետ կապ չունեցող առաջադրանքներ։ Եթե առաջադրանքն անմիջական կապ չունի աշխատանքային պարտականությունների հետ, թեկնածուն կհրաժարվի այն կատարելուց, քանի որ կմտածի, որ աշխատանքի ընթացքում էլ կատարելու է պաշտոնի հետ կապ չունեցող պարտականություններ։

 

 

Անցյալում ունեցած բացասական փորձ։ Հնարավոր է` նախկինում թեկնածուն բախվել է անարդար վերաբերմունքի և դրանից բխող անվստահությունը և թերահավատությունը ձևավորում են նրա վարքագիծը հետագայում աշխատանքի դիմելու գործընթացում:

 

Ինչպիսի՞ առաջադրանքներ պատրաստել թեկնածուների համար

Թեկնածուների համար առաջադրանքներ նախապատրաստելիս հաշվի առեք հետևյալ խորհուրդները։

 

Հստակ ձևակերպեք առաջադրանքը։ Տրամադրեք առաջադրանքի կատարման վերաբերյալ հստակ ցուցումներ և ներկայացրեք հանձնարարության նպատակը, պաշտոնի հետ կապված դրա նշանակությունը և այն, թե  ինչպես է այն գնահատվելու: 

 

 

Առաջադրանքը համապատասխանեցրեք աշխատանքի պահանջներին։ Համոզվեք, որ ձեր նախապատրաստած հանձնարարությունը համապատասխանում է աշխատանքի պահանջներին և օգնում է բացահայտել այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են թափուր հաստիքում հաջողությամբ աշխատելու համար։ Սա կօգնի ոչ միայն ձեզ, այլև թեկնածուին՝ սեփական ներուժը տվյալ աշխատանքի համար գնահատելու գործում։

 

Սահմանեք վերջնաժամկետ։ Սահմանեք առաջադրանքը կատարելու իրատեսական ժամկետ: Համոզվեք, որ թեկնածուն բավականաչափ ժամանակ կունենա այն արդյունավետ ավարտելու համար՝ առանց շտապելու կամ ծանրաբեռնվածության: Հաշվի առեք, որ թեկնածուն կարող է ունենալ ընթացիկ զբաղվածություն և ձեր առաջադրանքի կատարումը նրա միակ և գլխավոր նպատակը չէ։

 

 

Ուշադրություն դարձրեք առաջադրանքի ծավալին։ Առաջադրանքը պետք է լինի հակիրճ՝ հաշվի առնելով թեկնածուների ժամանակի սահմանափակումները: Խուսափեք չափազանց բարդ կամ ժամանակատար խնդիրներից, որոնց համար թեկնածուների ժամանակը կարող է պարզապես չհերիքել։ Արդյունքում նրանք գուցե գերադասեն ընդհանրապես չկատարել առաջադրանքը, քան ներկայացնել թերի կատարված աշխատանք։ Հիշեք՝ ձեր նպատակն է գնահատել հիմնական հմտություններն ու կարողությունները՝ առանց ավելորդ ծանրաբեռնվածության:

 

Առաջարկեք աջակցություն։ Եղեք հասանելի ցանկացած հարցի պատասխանելու կամ առաջադրանքի վերաբերյալ պարզաբանումներ տալու համար: Աջակցություն առաջարկելը ցույց է տալիս ընկերության հանձնառությունը՝ ապահովելու արդար և թափանցիկ գնահատման գործընթաց:

 

Պահպանեք հետադարձ կապ։ Տեղեկացրեք թեկնածուին արդյունքների մասին ծանուցելու ժամկետների մասին: Անկախ որոշումից՝ կառուցողական հետադարձ կապն օգնում է թեկնածուներին հասկանալ բարելավման ենթակա ոլորտները և դրական տպավորություն է թողնում ընկերության պրոֆեսիոնալիզմի մասին:

 

Կհետաքրքրեն նաև