Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
խորհուրդներ դիմորդներին

Հարցեր SMM մասնագետին, որոնց պատասխանները պետք է իմանաք՝ հարցազրույցի նախապատրաստվելիս

15.03.2024 | 3439 դիտում

Բիզնեսների համար սոցիալական ցանցերի կարևորությամբ պայմանավորված՝ այսօրվա աշխատաշուկայում SMM մասնագետի հաստիքը շարունակում է մնալ ամենապահանջվածների թվում։ Սոցիալական մեդիայի մասնագետը պատասխանատու է սոցիալական մեդիայում ընկերության էջերի կառավարման համար: Գործատուները փնտրում են այնպիսի մասնագետների, ովքեր ունեն սոցիալական մեդիայի, բրենդինգի և տեխնոլոգիաների վերաբերյալ համակողմանի գիտելիքներ։

 

Մեր այսօրվա բլոգում կանդրադառնանք սոցիալական մեդիայի մասնագետներին հարցազրույցների ընթացքում տրվող հիմնական հարցերին։

 

 

Ընդհանուր բնույթի հարցեր

Նպատակը։ Այս հարցերի միջոցով գործատուն փորձում է ճանաչել ձեզ, իմանալ հաստիքի համար դիմելու ձեր մոտիվացիայի մասին։ 

 

Հարցեր

  ✓ Պատմեք ձեր մասին

  ✓ Ինչո՞ւ ընտրեցիք սոցիալական ցանցերը՝ որպես մասնագիտություն

  ✓ Ինչու՞ եք ցանկանում աշխատել մեր ընկերությունում

  ✓ Ո՞րն է ձեր սիրելի սոցիալական մեդիայի հարթակը

  ✓ Ո՞ր հմտություններն են օգնում ձեզ հաջողել աշխատանքում

  ✓ Ինչպե՞ս եք հետևում սոցիալական մեդիայի միտումներին

  ✓ Սոցիալական մեդիայում ո՞ր անհատներին կամ բրենդներին եք հետևում

  ✓ Ինչպիսի՞ հետաքրքրություններ ունեք աշխատանքից դուրս

 

Օրինակ

Ինչո՞ւ ընտրեցիք սոցիալական ցանցերը՝ որպես մասնագիտություն։

 

Գործատուները տալիս են այս հարցը՝ պարզելու համար, թե արդյոք դուք ոգևորված եք ձեր աշխատանքով, արդյոք ավելին եք, քան սովորական օգտատեր։ Ձեր պատասխանում նշեք, թե ինչն է ձեզ ամենաշատը դուր գալիս սոցիալական մեդիայի մարքեթինգում․ «Արդեն ավելի քան 10 տարի ես օգտագործում եմ սոցիալական մեդիան, բայց 5 տարի առաջ որոշեցի մասնագիտորեն զբաղվել դրանով, քանի որ սկսեցի նկատել բոլոր նորարարական և կրեատիվ մոտեցումները, որոնք կիրառում էին բրենդները: Ինքս՝ որպես ստեղծագործող անձնավորություն, մտածեցի, որ այս ոլորտում կկարողանամ լավագույնս օգտագործել իմ հմտությունները»:

 

 

SMM-ում ունեցած աշխատանքային փորձի վերաբերյալ հարցեր 

Նպատակը։ Այս հարցերը կօգնեն գործատուին հասկանալ, թե արդյոք դուք ունեք համապատասխան փորձ՝ հաջողությամբ ձեզ համար սահմանված պարտականությունները կատարելու համար։ 

 

Հարցեր

  ✓ Ո՞ր սոցիալական մեդիա հարթակներում աշխատելու փորձ ունեք

  ✓ Ո՞ր սոցիալական մեդիայի գործիքներին եք ծանոթ

  ✓ Ի՞նչ չափումներ եք օգտագործում տվյալների մոնիթորինգի և արդյունավետության չափման համար

  ✓ Ինչպիսի՞ գործիքների օգնությամբ եք պլանավորում հրապարակումները

  ✓ Ինչպե՞ս եք գովազդային արշավ իրականացնում սոցցանցերում

  ✓ Ինչպե՞ս եք բացահայտում ձեր թիրախային լսարանը

  ✓ Ինչպե՞ս եք փորձում իրականացնել հետադարձ կապը լսարանի հետ

  ✓ Ինչպե՞ս եք սահմանում սոցիալական մեդիայի բյուջեն

  ✓ Որո՞նք են սոցիալական մեդիայի հաջող արշավի բաղադրիչները

 

Օրինակ

Ինչպիսի՞ գործիքների օգնությամբ եք պլանավորում հրապարակումները։

 

Այս հարցին պատասխանելիս մտածեք ձեզ ծանոթ սոցիալական մեդիայի բոլոր գործիքների մասին և առանձնացրեք այն մեկը, որն ամենահաճախն եք կիրառում․ «Սոցիալական մեդիայի պլանավորման իմ սիրելի գործիքը [անվանումը]-ն է: Այն հեշտացնում է բազմաթիվ օգտահաշիվների կառավարումը, գրառումների պլանավորումը և հրապարակումը: Այն նաև օգտակար վերլուծություններ է տրամադրում, որոնք օգնում են սոցիալական մեդիայի կառավարումն ավելի արդյունավետ դարձնել»:

 

 

Խորքային հարցեր

Նպատակը։ Այս հարցերն օգնում են գործատուին ավելի մանրամասն պատկերացում կազմել ձեր մասնագիտական հմտությունների մասին, գնահատել ձեր փորձի մակարդակը։

 

Հարցեր

  ✓ Ինչպե՞ս կարձագանքեք մեր ընկերության վերաբերյալ բացասական մեկնաբանությանը

  ✓ Ի՞նչ կանեիք, որպեսզի մեր բրենդն ավելի գրավիչ դարձնեք սոցիալական մեդիայում

  ✓ Ինչպե՞ս կբարձրացնեիք մեր ապրանքանիշի մասին տեղեկացվածությունը

  ✓ Եղե՞լ են դեպքեր, երբ հայտնվել եք ճգնաժամային իրավիճակում և ինչպե՞ս եք այն հաղթահարել

  ✓ Ինչպե՞ս եք հաջողում կառավարել մի քանի սոցիալական մեդիայի էջեր միանգամից

  ✓ Ի՞նչ կանեիք, եթե սոցիալական մեդիայի արշավը վատ արդյունքներ գրանցեր

  ✓ Ինչպե՞ս է A/B թեստավորումն օգնել ձեզ ռազմավարական նշանակության որոշումներ կայացնելիս։

 

 

Օրինակ

Եղե՞լ են դեպքեր, երբ հայտնվել եք ճգնաժամային իրավիճակում և ինչպե՞ս եք այն հաղթահարել։

 

Գործատուները տալիս են այս հարցը՝ համոզվելու համար, որ դուք ունեք խնդիրներ լուծելու գործնական հմտություններ: Պատասխանելիս հիշեք ամենադժվար իրավիճակը, որը հաղթահարել եք, ներկայացրեք այն կարգավորելու համար ձեռնարկված քայլերը. «Մի անգամ վրդովված հաճախորդը բողոքարկել էր մեր էջը Facebook-ում և հորդորել իր հետևորդներին նույնն անել։ Արդյունքում Facebook-ը ժամանակավորապես փակեց մեր էջը: Ես դիմեցի Facebook-ին՝ բացատրելով իրավիճակը: Հաճախորդի հետ մեր ամբողջ հաղորդակցությունը ներկայացնելով Facebook-ին՝ ապացուցեցինք, որ մենք ճիշտ ենք: 24 ժամ անց մեր էջը վերակտիվացվեց»:

 

SMM մասնագետների թափուր հաստիքներին ծանոթանալու և դիմելու համար այցելեք Job.am.

 

Կհետաքրքրեն նաև