Մինչ գործատուն կպատասխանի․ ի՞նչ անել հարցազրույցից հետո
Հարցազրույցից հետո սովորաբար որոշակի պատկերացումներ ունենում ենք արդյունքների մասին։ Օրինակ, շատերը ենթադրում են, որ ամեն ինչ այնպես չանցավ, ինչպես իրենք էին նախատեսում և ստիպված են խոստովանել, որ աշխատանքի առաջարկ դժվար թե ստանան, մինչդեռ մյուսները ոգևորված սպասում են դրական լուրերի, չէ՞ որ անգամ հավաքագրողն ակնարկեց, որ նման մասնագետի կուզենային տեսնել իրենց թիմում։ Սակայն ձեզ հուզող ամենակարևոր հարցի պատասխանը ստանալու համար պետք է սպասեք։
Գործնական վարվեցողության նորմերի համաձայն՝ մոտ երկու շաբաթվա ընթացքում գործատուն պետք է իրազեկի ձեր թեկնածության հետ կապված իր որոշման մասին։ Սակայն, տարբեր հանգամանքներով պայմանավորված, այդ ժամկետը կարող է երկարաձգվել։
Սպասումն, իհարկե, հաճելի չէ, սակայն այս պարագայում՝ պարտադիր։ Երբեմն չսպասելով պատասխանի՝ թեկնածուները փորձում են արագ կապ հաստատել գործատուի հետ, ինչը սովորաբար դրական արձագանք չի գտնում վերջինիս մոտ։
Այն մասին, թե ինչպես պետք է կապ հաստատել գործատուի հետ և հարցնել հավաքագրման ընթացքի և կոնկերտ ձեր թեկնածության դիտարկման մասին, խոսել ենք մեր նախորդ բլոգերից մեկում, իսկ այսօր կանդրադառնանք հարցին, թե ինչ կարող եք անել, քանի դեռ սպասում եք գործատուի պատասխանին։
Շարունակեք զբաղվել ձեր գործերով
Եթե աշխատանք ունեք, ապա շարունակեք աշխատել նույն արդյունավետությամբ և ջանասիրությամբ, ինչպես նոր աշխատանք փնտրելուց առաջ: Շարունակելով լավ կատարել ձեր աշխատանքը՝ պահպանում եք ձեր բարձր ինքնագնահատականը և շարունակում կատարելագործել հմտությունները։
Եթե այժմ չեք աշխատում, ապա շարունակեք ակտիվ որոնումները։ Մինչ գործատուն մտածում է ձեր թեկնածության մասին, շարունակում հարցազրույցներ անցկացնել այլ մասնագետների հետ, դուք կարող եք գտնել մեկ այլ հրաշալի հնարավորություն, որը գուցե ավելի հավանեք։
Վերլուծեք հարցազրույցը
Քանի դեռ տպավորությունները թարմ են, փորձեք վերլուծել, թե ինչպես է անցել հարցազրույցը․ որ հարցերին եք հաջողությամբ պատասխանել, որ հարցերում եք հիմնավոր կարծիք կամ գնահատական տվել, որ դեպքերում եք կարողացել զերծ մնալ չմտածված խոսքերից: Ինքներդ ձեզ շատ խիստ մի դատեք, բայց ամեն դեպքում կազմեք այն հարցերի ցանկը, որոնց հաջորդ անգամ այլ կերպ կուզենայիք պատասխանել։ Եթե ինչ-որ կարևոր փաստերի մասին մոռացել եք խոսել, նշումներ կատարեք ձեզ մոտ, որպեսզի հաջորդ հարցազրույցի ընթացքում խոսեք դրանց մասին։
Ուսումնասիրեք պոտենցիալ գործատուին
Օգտագործեք սպասման ժամանակը գործատուին ավելի լավ ճանաչելու համար: Կարդացեք նորությունները կայքում և թերթեք պաշտոնական էջերը սոցիալական ցանցերում։ Փնտրեք ընկերության մասին հիշատակումները ոլորտի վերաբերյալ աղբյուրներում։ Կարդացեք նաև ղեկավարների և հիմնական աշխատակիցների հրապարակումները կամ գրառումները բլոգում:
Փորձեք ձեր ընկերների միջոցով կապ հաստատել ընկերությունում աշխատող կամ աշխատած մարդկանց հետ: Հարցրեք նրանց աշխատանքային մթնոլորտի, աշխատակիցների վերաբերմունքի, վարձատրության և կարիերայի առաջընթացի հեռանկարների մասին:
Միգուցե այս ընթացքում այնպիսի բաներ իմանաք, որոնք ստիպեն վերանայել կամ գուցե նույնիսկ հրաժարվել տվյալ կազմակերպությունում աշխատելու հնարավորությունից։ Եթե համոզվեք, որ ամեն ինչ լավ է, ապա ստացված տեղեկատվությունը հետագայում, երբ անցնեք աշխատանքի, ձեզ կօգնի ավելի հեշտությամբ ինտեգրվել թիմին:
Նախապատրաստվեք աշխատանքի առաջարկին
Ի՞նչ հարցեր եք քննարկելու գործատուի հետ, երբ վերջինիս կողմից ստանաք աշխատանքի առաջարկ։ Առաջին և ամենակարևոր հարցերից մեկը աշխատավարձի չափն է, որը պետք է քննարկեք և հստակեցնեք։ Ուսումնասիրեք ձեր ոլորտում առկա վարձատրության չափերը, մտածեք և հստակ որոշեք, թե ինչպիսի վարձատրության և պայմանների դեպքում կուզենայիք աշխատել, որ հարցերում կարող եք գնալ փոխզիջման։ Աշխատավարձի չափի վերաբերյալ բանակցելու հարցին մանրամասնորեն անդրադարձել ենք մեր բլոգերից մեկում, որտեղ ներկայացրել ենք այն բոլոր կարևոր գործոնները, որոնք պետք է հաշվի առնեք վարձատրության չափը որոշելիս և այն գործատուի հետ քննարկելիս։
Կազմեք ձեզ հետաքրքրող բոլոր հարցերի ցանկը, որոնց պատասխանները պետք է օգնեն վերջնականորեն կողմնորոշվել։
Հոգ տարեք ձեր մասին և փնտրեք օգտակար զբաղմունք
Որքան էլ մեծ լինեն սպասումները, պետք չէ մոռանալ, որ կյանքը շարունակվում է հիմա և հենց այս պահին։ Մինչ դուք սպասում եք, որ նոր աշխատանքը նոր փուլ կբացի ձեր կյանքում, մի մոռացեք ներկայումս ձեզ հետաքրքրող գործերով զբաղվելու մասին։ Զբաղվեք սպորտով և ժամանակ հատկացրեք հոբբիներին, մի մոռացեք սիրելիների և ընկերների հետ հանդիպելու և հաճելի ժամանակ անցկացնելու մասին։
Ինչպես նշեցինք, կարևոր է վերլուծել հարցազրույցը և արձանագրել բացերը, որոնք կկարողանաք լրացնել հաջորդ հնարավորության դեպքում, սակայն պետք չէ անդադար մտածել անհաջող պատասխանների մասին, շարունակ անհանգստանալ, թե ինչ կարծիք կազմեց հավաքագրողը, ինչու նա հենց այդ հարցը տվեց, ինչ էր հուշում նրա դեմքի արտահայտությունը և այլն։ Փոխարենը ուսումնասիրեք այլ հնարավորություններ, թարմացրեք պորտֆոլիոն, ներգրավվեք մասնագիտական ցանցերում և համայնքներում ու հետաքրքիր քննարկումների մասնակիցը դարձեք։ Միգուցե ցանկանաք կամավորական աշխատանքով զբաղվել կամ առցանց դասընթացի մասնակցել, իսկ միգուցե որոշեք համալրել գիտելիքների պաշարը մասնագիտական գրականության ընթերցմամբ։
Եթե անգամ գործատուից մերժում ստանաք, մի կորցրեք ձեր ինքնավստահությունը և մի թերագնահատեք ձեր մասնագիտական կարողությունները։ Շարունակեք կատարելագործել հմտությունները և երբեք մի դադարեք փնտրել նոր հնարավորություններ։
Կհետաքրքրեն նաև