Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
խորհուրդներ դիմորդներին

Հեռախոսային հարցազրույց․ ինչպես նախապատրաստվել

19.01.2024 | 5147 դիտում

Հաճախ ընկերությունները գերադասում են թեկնածուի հետ նախնական հարցազրույցը հեռախոսային զանգով անցկացնել։ Հաջորդ փուլերի դեպքում գործատուն գուցե առաջարկի տեսազանգ կամ խնդրի ձեզ այցելել գրասենյակ։ Այս պարագայում, իհարկե, աշխատանքի առաջարկ ստանալու հարցում որոշիչ կլինեն հարցազրույցի մյուս փուլերը, սակայն կարևոր է հիշել, որ հենց հեռախոսային հարցազրույցի արդյունքներից ելնելով է գործատուն որոշելու՝ կդիտարկի ձեր թեկնածությունը հաջորդ փուլում, թե ոչ։ Հետևաբար, հեռախոսային հարցազրույցները նույնքան կարևոր են, որքան դեմ առ դեմ անցկացվողները, ուստի դրանց ևս պետք է պատշաճ նախապատրաստվեք։ 

 

Հեռախոսային հարցազրույցների տևողությունը կարող է տարբեր լինել՝ կախված գործատուից, ձեր փորձից և հաստիքի առանձնահատկություններից, սակայն, որպես կանոն, դրանք տևում են առնվազն 30 րոպե։

 

Այսօր կանդրադառնանք մի քանի կարևոր հարցերի, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել, երբ ձեզ առաջարկում են մասնակցել հեռախոսային հարցազրույցի։

 

 

Ֆիքսեք հարցազրույցի օրը և ժամը

Նախ համաձայնեցրեք հարցազրույցի օրը և ժամը գործատուի հետ։ Եթե չեք կարող զրուցել նշված ժամին, ապա փորձեք առաջարկել մի քանի օրեր և ժամեր, որոնք ձեզ հարմար են, այնուհետև քննարկեք դրանք գործատուի հետ՝ ընտրելու համար այն տարբերակը, որը երկուսիդ համար լավագույնն է։

 

Գործատուի հետ հարցազրույցի օրը և ժամը հաստատելուց հետո այն ավելացրեք ձեր օրացույցում կամ նշեք որպես հիշեցում։ Եղեք ճշտապահ, քանզի դա այն հատկանիշներից մեկն է, որի առկայությունը գործատուն միշտ բարձր է գնահատում։

 

Ուսումնասիրեք ընկերությունը

Վերանայեք ընկերության կայքը, էջերը սոցիալական մեդիայում և վերջին շրջանում նրա ծավալած գործունեությունը` արժեքների, նպատակների և ընկերության մշակույթի մասին պատկերացում կազմելու համար: Այս ընթացքում ձեզ մոտ նշումներ արեք։ Հնարավոր է՝ հարցազրույցի ընթացքում ձեզ հարցնեն, թե ինչ գիտեք ընկերության մասին: Լռելու կամ արագ ինչ-որ բան հիշելու վրա ժամանակ ծախսելու փոխարեն կարող եք նայել ձեր նշումներին և արագ տալ հարցի պատասխանը։

 

Ընկերությունն ուսումնասիրելը կօգնի նաև ձևակերպել մի քանի հարցեր, որոնք կարող եք ինքներդ տալ հարցազրույցի ավարտին։ Այն մասին, թե ինչու է կարևոր գործատուին հարցեր տալը, անդրադարձել ենք մեր նախորդ բլոգներից մեկում, որին կարող եք ծանոթանալ այստեղ։ 

 

 

Պարզեք, թե ով է ձեզ զանգահարելու

Հիմնականում հեռախոսային հարցազրույցների դեպքում թեկնածուների հետ կապ են հաստատում հավաքագրման կամ մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետները, սակայն հնարավոր է նաև զանգահարողը լինի այն բաժնի ղեկավարը, որի թափուր հաստիքի համար դիմել եք։ Եթե ձեզ նախօրոք չեն տեղեկացնում, թե ում հետ եք զրուցելու, ապա եղեք նախաձեռնողական և առցանց հարթակներում որոնումների միջոցով փորձեք պարզել, թե ինչ պաշտոն է զբաղեցնում ընկերությունում այդ անձը։ Դա կօգնի մոտավոր պատկերացում կազմել այն հարցերի շրջանակի մասին, որոնք շոշափվելու են հարցազրույցի ընթացքում։ Եթե հարցազրույցն անցկացնում է հավաքագրման մասնագետը, ապա նկատի ունեցեք, որ ավելի ընդհանրական բնույթի հարցեր կստանաք ձեր փորձի վերաբերյալ: Իսկ եթե անմիջական ղեկավարի հետ է հարցազրույցը, ապա ամենայն հավանականությամբ կլսեք խորը հարցեր՝ կապված ձեր ոլորտի և պաշտոնի հետ:

 

Վերանայեք աշխատանքի նկարագրությունը

Հստակ իմանալով այն պարտականությունները, որոնք գործատուն ակնկալում է, որ իրականացնելու եք, կկարողանաք հարմարեցնել ձեր պատասխանները գործատուի տարբեր հարցերին: Մի մոռացեք նշել կոնկրետ պարտականությունների հետ կապված ձեր ունեցած փորձը, որը համահունչ է աշխատանքի նկարագրության մեջ նշված պահանջներին։ 

 

 

Մտածեք տեխնիկական հարցերի մասին

Որքան էլ բովանդակային առումով լավ պատրաստված լինեք հարցազրույցին, համաձայնեք, որ ամեն ինչ կարող է ձախողվել, եթե, օրինակ, հարցազրույցի ընթացքում ձեր հեռախոսն անջատվի։ Թույլ չտալու համար, որպեսզի տեխնիկական խնդիրները խանգարեն հարցազրույցի բնականոն ընթացքին, համոզվեք, որ հեռախոսն ամբողջությամբ լիցքավորված է: Առավել վստահ զգալու համար կարող եք հարցազրույցի սահմանված ժամանակից 10-15 րոպե առաջ փորձնական զանգ կատարել: Խնդրեք ինչ-որ մեկին զանգահարել ձեզ՝ համոզվելու համար, որ ձեր ձայնը լսելի է և չկան կապի ընդհատումներ:

 

Գտեք հարմար տարածք

Անաղմուկ տարածքն այն է, ինչը ձեզ պետք է, որպեսզի և՛ դուք հստակ լսեք, թե ձեզ ինչ են ասում, և՛ ձեր խոսքը զրուցակցի համար հնչի առանց կողմնակի աղմուկի։ Փակեք այն տարածքի դուռը, որտեղ գտնվելու եք, զգուշացրեք ընտանիքի անդամների կամ գործընկերներին, որպեսզի չմտնեն սենյակ առաջիկա մեկ ժամվա ընթացքում։

 

Հարցազրույցի ընթացքում ոչ մի բան չպետք է շեղի ձեր ուշադրությունը։ Անջատեք սոցցանցերի ծանուցումները, որպեսզի պարբերաբար էկրանին հայտնվող հաղորդագրությունները չշեղեն ձեզ։ Մի փորձեք հարցազրույցի ընթացքում այլ բանով զբաղվել, օրինակ, զուգահեռաբար համակարգչի դիմաց աշխատել։

 

 

Ձեռքի տակ ունեցեք ռեզյումեն, պորտֆոլիոն և ձեր նշումները

Հնարավոր է, որ հարցազրուցավարը ցանկանա ձեր ռեզյումեի կամ պորտֆոլիոյի հետ կապված հարցեր տալ: Ձեզ մոտ ունեցեք ռեզյումեն և պորտֆոլիոն՝ տպագիր կամ էլեկտրոնային տարբերակով։ 

 

Մինչ հարցազրույցը նաև ունեցեք հակիրճ նշումներ այն ամենի վերաբերյալ, ինչի մասին կցանկանայիք անպայման նշել հարցազրույցի ընթացքում։ Օրինակ, դա կարող է լինել տեղեկատվություն ձեր կոնկրետ ձեռքբերումների և գրանցած հաջողությունների մասին։ Քանի որ հարզազրույցը հեռախոսային է, կարող եք հանգիստ և առանց լարվելու օգտվել ձեր նշումներից։

 

Նախապատրաստեք պատասխաններ սովորաբար տրվող հարցերին

Ուսումնասիրեք հարցազրույցների ընթացքում տրվող հիմնական հարցերը և մտածեք, թե ինչպես կպատասխանեք յուրաքանչյուրին: Կատարեք համապատասխան նշումներ, որոնք կհուշեն, թե այս կամ այն հարցի շրջանակներում կոնկրետ ինչ կետերի եք ցանկանում անդրադառնալ, որոնց շնորհիվ կընգծեք ձեր փորձը և հմտությունները։

 

Հարցազրույցին լավ նախապատրաստվելը հաջողության ճանապարհին կատարած առաջին քայլն է։ Եթե անգամ արդյունքում չանցնեք հաջորդ փուլ, հեռախոսային հարցազրույցը կլինի մի փորձառություն, որը կարող է օգտակար լինել հետագայում նման ձևաչափում արդյունավետ ներկայանալու համար։

 

Կհետաքրքրեն նաև