Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
խորհուրդներ դիմորդներին

Ինչ գրել ռեզյումեի «Իմ մասին» բաժնում

14.01.2024 | 6714 դիտում

Ռեզյումեն ձեր հնարավորությունն է ներկայանալու որպես ամենալավ թեկնածուն այն պաշտոնի համար, որին դիմում եք: Ռեզյումեում «Իմ մասին» բաժինը ներառելը կարող է օգնել ձեզ առանձնանալ բազմաթիվ թեկնածուների մեջ և գրավել հավաքագրման մասնագետների ուշադրությունը՝ որպես արդյունք ստանալով հարցազրույցի մասնակցելու սպասված հրավերը։

 

Մինչ այս բաժինը գրելու վերաբերյալ մեր պատրաստած խորհուրդներին անդրադառնալը, նախ հասկանանք, թե ինչու է կարևոր այն ռեզյումեում ընդգրկելը։

 

Ինչ է ներառում «Իմ մասին» բաժինը

«Իմ մասին» բաժինը ձեր ռեզյումեի այն սկզբնական հակիրճ հատվածն է, որը ներկայացնում է ձեզ՝ որպես մասնագետի։ Այն ընդգրկում է ձեր ամենաուժեղ կողմերը և ամենամեծ մասնագիտական նվաճումները: Այլ կերպ ասած, «Իմ մասին» բաժինը պետք է լինի ձեր հակիրճ պատասխանը հավաքագրման մասնագետի «Ինչու՞ պետք է հենց Ձեզ աշխատանքի ընդունենք» հարցին: 

 

 

«Իմ մասին» բաժնի բովանդակությունը

Կան մի քանի բաղադրիչներ, որոնց առկայությունը «Իմ մասին» բաժնում պարտադիր է։ Դա նախ և առաջ ձեր մասնագիտական կոչումն է։ Գրեք, թե ինչ մասնագետ եք և նշեք ձեր ընթացիկ պաշտոնի անվանումը: Ներառեք նաև մասնագիտական փորձի մակարդակը՝ կրտսեր, միջին կամ ավագ:

 

Ձեր մասին բաժինը պետք է նաև ընդգծի այն հմտությունները, որոնք վերաբերում են այն պաշտոնին, որի համար դիմում եք։ Անդրադարձեք նաև ձեր կարիերայի նպատակներին, որպեսզի ձեր ռեզյումեն ընթերցող մասնագետի համար պարզ լինի տվյալ հաստիքի համար դիմելու նպատակը։ Դրանք կարող են լինել ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ նպատակներ:

 

Առավելություններ, որոնք տալիս է «Իմ մասին» բաժինը ռեզյումեին

«Իմ մասին» բաժինը ներառելը տալիս է մի շարք առավելություններ։ Ահա դրանցից մի քանիսը։

 

Ամբողջ ռեզյումեի ամփոփում: «Իմ մասին» բաժինը համառոտ կամփոփի ամենակարևոր տեղեկատվությունը, որը ցանկանում եք, որ ընթերցողն իմանա ձեր մասնագիտական գործունեության մասին: Հաճախ հավաքագրման մասնագետները շատ ժամանակ չունեն ռեզյումեները մանրամասն ուսումնասիրելու համար։ Այս բաժինը կարող է օգնել նրանց արագ ծանոթանալ ռեզյումեի հիմնական բովանդակությանը։

 

Անձնային բրենդի ներկայացում: Այս բաժինն անհատականություն է հաղորդում ձեր ռեզյումեին՝ նշելով այն հմտությունների վերաբերյալ օրինակներ, որոնք հետագայում թվարկելու եք: Փորձեք ներառել նկարագրական բառեր, որոնք կցուցադրեն ձեր մասնագիտական անհատականությունը։

 

Փորձի քանակական բնութագիր: «Իմ մասին» բաժինը իդեալական հնարավորություն է տալիս ընդգծելու համար ձեր ամենամեծ մասնագիտական նվաճումները։

 

 

Ինչ ներառել «Իմ մասին» բաժնում

Ներկայացեք որպես մասնագետ։ Այս նպատակով շատերը գրում են իրենց զբաղեցրած պաշտոնի անվանումը։ Կարող եք նաև օգտագործել այսպիսի ձևակերպումներ՝ «միջին մակարդակի մասնագետ» կամ, եթե չունեք աշխատանքային փորձ, օրինակ՝ «իրավաբանության ֆակուլտետը  բակալավրի աստիճանով ավարտած մասնագետ»։

 

Ներառեք ձեր մասին այն տեղեկատվությունը, որը կուզենայիք, որ գործատուն առաջին հերթին իմանար: Այս բաժինը պետք է ընդգծի այն ամենը, ինչը ձեզ դարձնում է ամենաուժեղ թեկնածուն այն պաշտոնի համար, որին դիմում եք: Սա հենց այն հատվածն է, որտեղ պետք է ընդգծեք այն տեղեկատվությունը, որը ձեզ կօգնի հնարավորինս առանձնանալ մյուս թեկնածուներից: 

 

Կարող եք ներկայացնել ձեր հմտությունները, համապատասխան աշխատանքային փորձը, մասնագիտական ձեռքբերումները, թե ինչու եք հետաքրքրված հենց այն ոլորտով, որում աշխատանք եք փնտրում։

 

Նախանշեք ձեր կարիերայի նպատակները: «Իմ մասին» բաժինը պետք է ավարտվի ձեր կարճաժամկետ և երկարաժամկետ կարիերայի նպատակների և այն պաշտոնի հետ կապված նշումով, որին դիմում եք:

 

Առավել հստակ պատկերացում կազմելու գործում ձեզ աջակցելու նպատակով դիտարկենք մի օրինակ։ Պատկերացնենք, թե իր մասին է գրում մի մասնագետ, ով դիմում է վաճառքների ոլորտում առկա թափուր հաստիքի համար։

 

Վաճառքի բաժնի ավագ ղեկավար, ով ունի ոլորտային մեծ փորձ, միաժամանակ  ղեկավարում է մի քանի թիմերի աշխատանքը և ձգտում է ընդլայնել կարիերայի զարգացման հնարավորությունները վաճառքի մենեջերի պաշտոնում: Իրականացրել է նոր աշխատակիցների վերապատրաստում` աջակցելով կազմակերպության մարդկային ռեսուրսների մասնագետներին՝  նոր նյութերի մշակման գործում, որոնք բարձրացրել են աշխատակիցների գործունեության արդյունավետությունը 35%-ով:

 

 

Մի քանի խորհուրդներ՝ «Իմ մասին» բաժինը գրելու համար

Եղեք հակիրճ։ Այս բաժինն իրենից ներկայացնում է մեկ կամ երկու հակիրճ և հստակ պարբերություն, որում պետք է նախապատվությունը տաք ձեր ուժեղ կողմերին և ամենաէական ձեռքբերումներին։

 

Եղեք ազնիվ։ Յուրաքանչյուր պնդում, որը նշել եք այս բաժնում, պետք է կարողանաք հիմնավորել կոնկրետ և հստակ օրինակներով: Եթե չունեք համապատասխան աշխատանքային փորձ, գրեք ձեր հմտությունների և ուժեղ կողմերի մասին, որոնք ձևավորվել են կամավոր աշխատանքի կամ կրթության ընթացքում:

 

Սրբագրեք ձեր տեքստը: Բացառեք քերականական սխալները, արտահայտությունները, որոնք հստակ չեն հնչում կամ կարող են թյուրիմացության տեղիք տալ և հիմնավորեք այն պնդումներ, որոնք ապացույցներ են պահանջում:

 

Պարբերաբար թարմացրեք «Իմ մասին» բաժինը: Քանի որ ձեր աշխատանքային փորձը փոխվում է, տեղեկատվությունը, որը ներառում եք այս բաժնում նույնպես կփոխվի: Ամեն անգամ աշխատանքի դիմելիս ռեզյումեն ուղարկելուց առաջ համոզվեք, ուշադիր վերանայել եք այս պարբերությունը։

 

«Իմ մասին» բաժինը Job.am-ում

Ինչպես արդեն գիտեն մեր հետևորդները և հարթակում աշխատանք փնտրողները, կայքում առաջարկում ենք ընդամենը մի քանի րոպեների ընթացքում ստեղծել ձեր ռեզյումեն, ինչը հնարավորություն կտա հետագայում կոճակի միայն մեկ սեղմումով դիմել ձեզ հետաքրքրող ցանկացած հաստիքի համար։ Կարևորելով «Իմ մասին» բաժինը՝ մեր առցանց ռեզյումեում առանձնացրել ենք համապատասխան դաշտ, որում կարող եք տեղադրել ձեր մասին հակիրճ տեղեկատվությունը։ 

 

 

Job.am-ում առցանց ռեզյումե ստեղծելու գործընթացին մանրամասնորեն ծանոթացեք այստեղ։ Իսկ այժմ, իմանալով «Իմ մասին» բաժնի կարևորության մասին, առանց ժամանակ կորցնելու մուտք գործեք Job.am և ստեղծեք ռեզյումե՝ սկսելով ձեր մասին կարճ և բովանդակալից տեղեկատվությամբ։

 

Կհետաքրքրեն նաև