Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
խորհուրդներ դիմորդներին

5 պատճառ՝ 2024-ին մասնագիտությունը փոխելու համար

07.01.2024 | 5322 դիտում

Եթե դուք մտածում էիք ձեր կարիերան այլ ուղղությամբ շարունակելու մասին, ապա նոր տարին հիանալի հնարավորություն է նոր ձգտումները կյանքի կոչելու համար: Մի կողմ թողնելով աշխատանքը կամ մասնագիտությունը փոխելու թերևս ամենաակնհայտ պատճառը՝ ավելի բարձր երկամտի հնարավորությունը, մեր այսօրվա բլոգում կանդրադառնանք 5 այնպիսի պատճառների, որոնք ևս պակաս կարևոր չեն և կարող են վճռական ազդեցություն ունենալ ձեր ողջ մասնագիտական կյանքի վրա։ Դե ինչ, միասին պարզենք, թե ինչու է կարևոր հենց հիմա մտածել կարիերայում փոփոխություններ մտցնելու մասին։ 

 

Երազանքին հետևելու ցանկություն

Երբեմն մարդիկ հասկանում են, որ ներկայումս աշխատում են մի ոլորտում, որն այնքան էլ իրենցը չէ։ Միայն անելով այն, ինչն իսկապես սիրում եք, կարող եք ձեզ երջանիկ զգալ և հասնել մեծ ձեռքբերումների։ Հաճախ բարձր աշխատավարձը բավարար մոտիվացիա չէ՝ նորանոր հաջողությունների հասնելու համար։ Կարիերայի փոփոխությունը կարող է թույլ տալ ձեզ գնալ երազանքների ետևից և զբաղվել այնպիսի գործունեությամբ, որը միշտ սիրել եք։

 

Երբ խոսքը գնում է երազանքների մասին, մեզ մոտ առաջին պատկերացումները կապված են լինում թերևս այն կարծրատիպի հետ, որի մասին դեռ պատանեկության տարիներին կարդացել ենք բազմաթիվ գրքեր ու դիտել ֆիլմեր, այն է՝ թողնել ամեն ինչ մեկ օրում և սկսել նոր կյանք։ Իրականում նման կտրուկ քայլերի կարիք ուղղակի չկա։ Ձեր երազանքներին հետևելու ուղին կարող եք սկսել՝ շարունակելով ներկայիս աշխատանքը, բայց զուգահեռաբար ձեռք բերելով նոր հմտություններ, օրինակ, մասնակցելով դասընթացների կամ ազատ ժամանակը նվիրելով ոլորտում կամավորական սկզբունքներով գործունեություն ծավալելուն: Սա կարող է ձեզանից շատ էներգիա պահանջել, սակայն այն գիտակցումը, որ ամեն մի քայլը տանում է դեպի ձեր երազած աշխատանքը հզոր մոտիվացնող ուժ է։

 

 

Մասնագիտական աճի ակնկալիքներ

Եթե ձեր ներկայիս աշխատանքում բացակայում են մասնագիտական զարգացման և կարիերայի առաջխաղացման հնարավորությունները, դա կարող է պատճառ հանդիսանալ աշխատանքի փոփոխության մասին մտածելու համար: Փնտրեք կազմակերպություններ և պաշտոններ, որոնք առաջարկում են աճի, հմտությունների կատարելագործման և առաջխաղացման հստակ ուղիներ: Ավելի շատ պարտականություններով և մարտահրավերներով նոր աշխատանքը կարող է ոչ միայն ձեզ մոտիվացված պահել, այլև նոր աշխատանքային հորիզոններ բացել ձեր առջև։

 

Նոր կարիերայի անցնելը հաճախ ենթադրում է նաև մուտք գործել այլ մասնագիտական համայնք: Նեթվորքինգը կարող է այնպիսի նոր հնարավորություններ ստեղծել, որոնք չէին առաջանա ձեր նախորդ աշխատավայրում, ինչն էլ իր հերթին կնպաստի ինչպես անձնական, այնպես էլ մասնագիտական աճին:

 

 

Ընկերության մշակույթ

Ընկերության դրական մշակույթը կարևոր է աշխատանքային միջավայրում ձեր ներուժը լիարժեք իրացնելու համար: Եթե գտնում եք, որ ձեր արժեքները և մոտեցումները չեն համապատասխանում ներկայիս աշխատավայրին, գուցե արժե աշխատանք փնտրել մի ընկերությունում, որի արժեհամակարգն ավելի է համապատասխանում ձեր հայացքներին: Աջակցող և համագործակցային միջավայրը կարող է զգալիորեն ազդել ոչ միայն ձեր աշխատանքի որակի վրա, այլև օգնել ձեզ՝ որպես մասնագետ կայանալու և զարգանալու գործում։

 

Կազմակերպության մշակույթը առանցքային դեր է խաղում նորարարության և ստեղծարարության խթանման գործում: Եթե դուք ստեղծագործ անհատ եք, ով արդյունավետորեն աշխատում է այնպիսի միջավայրում, որտեղ խրախուսվում են թարմ գաղափարները և ստեղծարար մտածողությունը, ապա նորարարական մշակույթ ունեցող ընկերությունում աշխատանքի անցնելը հենց այն է, ինչը ձեզ հարկավոր է մասնագիտական որակները բարելավելու համար։

 

 

Հմտությունների դիվերսիֆիկացում

Հմտությունների զարգացման լճացումը կարող է խանգարել երկարաժամկետ կարիերայի հեռանկարներին: Նոր կարիերային անցնելը պահանջում է աճի մտածելակերպ՝ այնպիսի վերաբերմունք, որը մարտահրավերները դիտարկում է որպես սովորելու և զարգանալու հնարավորություն: Եթե ձեր ընթացիկ աշխատանքը նոր հմտություններ ձեռք բերելու հնարավորություն չի տալիս, կամ եթե կարծում եք, որ ձեր հմտությունները ժամանակավրեպ են դառնում ոլորտում, ապա մտածեք աշխատանքի փոփոխության մասին: Փնտրեք այնպիսի հաստիքներ, որոնք թույլ են տալիս ձեռք բերել նոր հմտություններ և տեղեկացված լինել ոլորտի միտումներին։

 

Մրցակցային աշխատաշուկայում բազմազան հմտություններ ունենալը կբարձրացնի ձեր մրցունակությունը: Գործատուները հաճախ փնտրում են թեկնածուների, ովքեր կարող են ընդհանուր աշխատանքում ներդրում ունենալ իրենց բազմակողմանի կարողություններով: Կարիերայի փոփոխությունը հնարավորություն է տալիս ձեռք բերել պահանջված հմտություններ՝ դարձնելով ձեզ ավելի գրավիչ թեկնածու ապագա գործատուների համար:

 

 

Աշխատանք-անձնական կյանք հավասարակշռության պահպանում

Աշխատանքի և անձնական կյանքի միջև առողջ հավասարակշռությունը վճռորոշ նշանակություն ունի անձի ընդհանուր բարեկեցության համար: Եթե ձեր ընթացիկ պաշտոնը պահանջում է արտաժամյա աշխատանք, և ստիպված եք լինում հաճախակի աշխատել նաև հանգստյան օրերին, ապա գուցե ժամանակն է ուսումնասիրել այնպիսի կազմակերպությունների առաջարկներ, որոնք ավելի ճկուն են այս հարցում և առաջնահերթություն են տալիս աշխատանքի և անձնական կյանքի հավասարակշռությանը: 

 

Ավանդական ժամը  9-5-ը գրասենյակային աշխատանքի մոդելը կամաց-կամաց կորցնում է իր արդիականությունը, և շատ ոլորտներում այժմ առաջարկում են հեռավար կամ հիբրիդային աշխատանքի տարբերակներ: Փնտրեք և գտեք այնպիսի կազմակերպություն, որտեղ աշխատելը կօգնի վերականգնել աշխատանք-անձնական կյանք հավասարակշռությունը։

 

 

Կարիերայի փոփոխության հեռանկարները որքան էլ խոստումնալից, այնքան էլ մարտահրավերային են։ Մտածելով կարիերայի փոփոխության մասին՝ կարող եք բացահայտել մասնագիտական նոր ուղիներ։ Եթե պատրաստվում եք փնտրել այլ աշխատանք, ապա ձեզ համար օգտակար կլինի մեր բլոգներից մեկը, որում անդրադարձել ենք 10 հարցերի, որոնց պետք է պատասխանեք աշխատանքը փոխելուց առաջ։

 

Թեև փոփոխությունները կարող են սթրեսային լինել և պահանջել զգալի ջանքեր, սակայն միևնույն ժամանակ պետք չէ մոռանալ, որ դրանք միշտ էլ լինելու են ձեր անբաժանելի ուղեկիցներն անձնական և մասնագիտական ձեռքբերումների հասնելու ճանապարհին։

 

Կհետաքրքրեն նաև