Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
խորհուրդներ դիմորդներին

10 մասնագիտություններ, որոնք պահանջված կլինեն 2024 թվականին

23.12.2023 | 7073 դիտում

Մասնագիտական ուղին խելամտորեն պլանավորելու համար անհրաժեշտ է տեղյակ լինել աշխատաշուկայում տիրող իրավիճակին։ Արդեն իսկ ամփոփել ենք անցնող տարվա ընթացքում հայաստանյան աշխատաշուկայում նկատված միտումները։ Այսօր կանդրադառնանք ոչ միայն տեղական, այլև գլոբալ աշխատաշուկայում ամենապահանջված մասնագիտություններին։ Գուցե դուք արդեն իսկ այդ մասնագետներն եք, իսկ միգուցե ծանոթանալով դրանց՝ որոշեք նոր տարում ձեռք բերել դրանցից որևէ մեկը։

 

Տվյալների վերլուծաբաններ

Տվյալների վերլուծաբանները մասնագիտացած են տվյալների մեծ քանակի հավաքագրման, մշակման և վերլուծության մեջ: Նրանց պարտականությունները ներառում են չմշակված տվյալների հավաքագրումը տարբեր աղբյուրներից և դրանց ճշգրտության ապահովումը։

 

Օգտագործելով մի շարք վիճակագրական և վերլուծական տեխնոլոգիաներ և գործիքներ՝ այս մասնագետներն ուսումնասիրում են տվյալները՝ բացահայտելու համար տարբեր ոլորտներում առկա օրինաչափությունները, հարաբերակցությունները և միտումները: Նրանց վերլուծություններից ստացված տեղեկատվությունը առանցքային նշանակություն ունի բիզնեսում արդյունավետ ռազմավարություններ մշակելու համար։

 

 

Կիբերանվտանգության փորձագետներ

Նրանք արագ զարգացող թվային աշխարհում կիբերանվտանգության առանցքային մասնագետներ են, ում խնդիրն է պաշտպանել զգայուն տեղեկատվությունն ու համակարգերը մի շարք կիբեր սպառնալիքներից: Քանի որ շարունակում է աճել տեխնոլոգիական լուծումների կիրառումն ամենատարբեր ոլորտներում, հետևաբար շարունակում է նաև մեծանալ այնպիսի հմուտ մասնագետների պահանջարկը, ովքեր կարող են հաղթահարել կիբերանվտանգության մարտահրավերները։

 

Նրանք պաշտպանում են կարևոր տվյալները, մտավոր սեփականությունը և կազմակերպության այլ՝ հրապարակման ոչ ենթակա տեղեկատվությունը՝ վիրուսային ծրագրերից, ֆիշինգից և այլ թվային վտանգներից:

 

Կիբերանվտանգության ոլորտի մասնագետներն իրականացնում են ռիսկերի մանրակրկիտ գնահատումներ՝ համակարգերի և ցանցերի խոցելիությունը հայտնաբերելու համար: Նրանք ձևակերպում և իրականացնում են ռազմավարություններ՝ նվազեցնելու համար այդ ռիսկերը՝ ապահովելով կազմակերպությունների լավ պատրաստվածությունը պոտենցիալ կիբեր սպառնալիքներին: Կիբերհարձակման դեպքում այս փորձագետները կարևոր դեր են խաղում միջադեպերի արձագանքման գործում՝ արագորեն աշխատելով ազդեցությունը նվազագույնի հասցնելու, վնասը մեղմելու և գործընթացները վերականգնելու համար:

 

 

Ծրագրավորողներ

Ծրագրավորողները՝ որպես թվային լուծումներ ստեղծողներ, գալիք տարում ևս կշարունակեն մնալ պահանջված մասնագետների շարքում։ Նրանք գաղափարները վերածում են ֆունկցիոնալ ծրագրերի։ Տեխնիկական գիտելիքներից բացի՝ ծրագրավորողները պետք է ունենան այնպիսի հմտություններ, ինչպիսիք են խնդիրներ լուծելու կարողությունը և թիմային աշխատանքը և համագործակցությունը: 

 

Նրանք աշխատում են բազմաֆունկցիոնալ թիմերի հետ՝ համագործակցելով դիզայներների և պրոդուկտ մենեջերների հետ և ջանք չեն խնայում հենց այնպիսի ծրագրային ապահովում ստեղծելու համար, որը համընկնում է օգտատերերի պահանջներին և ծառայում բիզնես նպատակներին: 

 

Ծրագրային լուծումներ գտնելու, թվային ռեսուրսներ ստեղծելու և դրանք օպտիմալացնելու ծրագրավորողների կարողության շնորհիվ նրանք պահանջված են տարբեր ոլորտներում։

 

 

Ռոբոտաշինության մասնագետներ

2024 թվականի աշխատաշուկայում պահանջված կլինի ևս մեկ մասնագիտություն, որը  նորարարության և տեխնոլոգիական առաջընթացի արդյունք է։ Ներկայումս, երբ արհեստական բանականության, ավտոմատացման և ռոբոտաշինության ոլորտները զարգացում են ապրում, այս մասնագետները, ի թիվս այլոց, կերտում են ապագայի աշխատաշուկան։

 

Ռոբոտաշինության ինժեներների հիմնական պարտականություններից մեկը ռոբոտների նախագծումն է, որոնք կարող են առաջադրանքներ կատարել ինքնուրույն կամ մարդկանց հետ համագործակցելով: Սա ենթադրում է ոչ միայն ռոբոտի ֆիզիկական կառուցվածքի ստեղծում, այլև ծրագրային ապահովում, ինչի շնորհիվ գործնականում իրականացվում են ռոբոտի հնարավորությունները:

 

Ռոբոտաշինության մասնագետների աշխատանքն առնչվում է ամենատարբեր ոլորտներին, օրինակ առողջապահությանը, լոգիստիկային, գյուղատնտեսությանը և նույնիսկ կենցաղային բնույթի գործառույթների ավտոմատացմանը:

 

 

Վեբ դիզայներներ

Համացանցը շարունակում է կենտրոնական դեր խաղալ մեր կյանքի տարբեր բնագավառներում։ 2024 թվականին չի նվազի նաև վեբ դիզայներների պահանջարկը։ Այսօր առավել, քան երբևէ բիզնեսները և անհատները կարևորում են առցանց ներկայությունը և առցանց շուկայում աշխատելու հնարավորությունը։

 

Վեբ դիզայներները վեբ կայքերի տեսքի գլխավոր պատասխանատուներն են։ Նրանց ստեղծագործ լուծումների շնորհիվ համադրվում են գեղագիտությունը և ֆունկցիոնալությունը։ Միայն վիզուալ առումով գրավիչ էջեր ստեղծելով նրանց գործառույթները չեն սահմանափակվում։ Օգտատերերի կողմից կիրառության հարմարությունն ապահովելն առանցքային խնդիրներից մեկն է՝ հիմնված օգտատերերի վարքագծի խորը և համապարփակ ուսումնասիրությունների վրա։

 

Թվային մարքեթինգի մասնագետներ

Այս մասնագետների դերը մեծ է անընդհատ զարգացող թվային մարքեթինգային ոլորտում արդյունավետ ռազմավարությունների և տեխնոլոգիաների կիրառմամբ և նորարարական մեթոդների միջոցով լսարանին հասնելու և ներգրավելու գործում:

 

Թվային մարքեթինգի մասնագետները պատասխանատու են համապարփակ թվային մարքեթինգային արշավների մշակման և իրականացման համար: Այս արշավները ներառում են մի շարք ալիքներ՝ ներառյալ սոցիալական մեդիան, որոնման համակարգերի օպտիմալացումը (SEO), email և content մարքեթինգը և այլն: Նրանց նպատակն է բարձրացնել բրենդի տեսանելիությունը և խթանել վաճառքները։

 

2024 թվականին նրանց անհրաժեշտ կլինի նաև վերանայել ռազմավարությունները՝ հարմարեցնելով դրանք անդադար փոփոխվող շուկայական իրականությանը։

 

 

DevOps մասնագետներ

DevOps մասնագետները հանդես են գալիս որպես ՏՏ գործառույթների կարևորագույն միջնորդներ: Նրանց դերը շատ կարևոր է գործառնական թիմերի միջև կամուրջ ստեղծելու, ավտոմատացման, համագործակցության և կիրառվող գործիքակազմի շարունակական զարգացման գործում:

 

Նրանք պատասխանատու են ՏՏ գործընթացների պարզեցման և ավտոմատացման համար: Նրանց նպատակն է բարձրացնել ծրագրային ապահովման իրագործման արագությունը, արդյունավետությունը և հուսալիությունը՝ միաժամանակ պահպանելով համակարգերի կայունությունը:

 

Վաճառքի մասնագետներ

Վաճառքի մասնագետները շարունակում են առանցքային դեր խաղալ եկամուտներ ապահովելու և հարաբերություններ կառուցելու գործում: Քանի որ բիզնեսները հարմարվում են զարգացող շուկայի դինամիկային, վաճառքի մասնագետների պահանջարկը մնում է բարձր:

 

Նրանք պատասխանատու են ապրանքները կամ ծառայությունները պոտենցիալ հաճախորդներին հասցնելու համար, ինչն էլ, ի վերջո, խթանում է վաճառքների աճը: Նրանցից պահանջվում են բազմաթիվ հմտություններ՝ շուկայում հետազոտություններ իրականացնելուց մինչև բանակցությունների վարում: 2024 թվականին կշարունակի վաճառքի մասնագետների համար արդիական մնալ թվային գործիքների և ռազմավարությունների արդյունավետ կիրառման պահանջը։

 

 

Հաշվապահներ և ֆինանսական մենեջերներ

Հաշվապահների և ֆինանսական մենեջերների պահանջարկը, թվում է, մշտապես կլինի առաջատարների թվում։ Բիզնեսների համար կարևորագույն ասպեկտներից մեկը ֆինանսական հարցերի ճշգրտության ապահովումն է։ Փոփոխվող կանոնակարգերին համաձայն աշխատանքը և որոշումների կայացման գործում ֆինանսական տվյալների կարևորությունը այս մասնագետների գործունեությունը դարձնում են անհրաժեշտություն բոլոր կազմակերպությունների համար։

 

Հարկաբյուջետային պատասխանատվության կատարման հետ կապված հարցերից մինչև ռազմավարական ֆինանսական պլանավորում․ այս մասնագետների աշխատանքը բավականին բարդ գործառույթներ է պարունակում։

 

Պրոդուկտ մենեջեր

Պրոդուկտ մենեջերները վճռորոշ դեր ունեն բիզնեսի նպատակները հաճախորդների կարիքներին համապատասխանեցնելու, ապրանքի կամ ծառայության ստեղծման և գործարկման ողջ գործընթացը վերահսկելու և նախանշված լուծումներն ապահովելու գործում:

 

Հաճախորդների կարիքները հասկանալը պրոդուկտ մենեջերի հիմնական գործառույթներից է։ Շուկայական հետազոտության, հետադարձ կապի վերլուծության և օգտատերերի վարքագծի խորը ըմբռնման միջոցով նրանք ներկայացնում են  հաճախորդի շահերը այն թիմում, որը ստանձնել է աշխատանքը կատարելու պարտականությունը: Նրանք ապահովում են, որ առաջարկվող վերջնական արտադրանքը համապատասխանի հաճախորդների սպասելիքներին։

 

Անկախ նրանից, թե դուք նոր եք մուտք գործում աշխատաշուկա, թե փնտրում եք նոր ոլորտ, որն ավելի կհամապատասխանի ձեր հմտություններին, հաշվի առեք գալիք տարում պահանջված մասնագիտությունները, որոնք խոստանում են մասնագիտական աճ՝ ամենադինամիկ զարգացող ոլորտներում։

 

Կհետաքրքրեն նաև