Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
խորհուրդներ դիմորդներին

Մասնագիտական նպատակներ 2024․ ինչպե՞ս հաջողել գալիք տարում

10.12.2023 | 6152 դիտում

Ընդամենը հաշված օրեր են մնացել, որպեսզի եզրափակենք ընթացիկ տարին և մուտք գործենք նորը։ Շատերն այս շրջանում սահմանում են նպատակներ, որոնք ցանկանում են իրագործել հաջորդ տարվա ընթացքում։ 

 

Անդադար փոփոխվող աշխատաշուկայի պայմաններում անհնար է անտեսել նաև մասնագիտական ոլորտը։ Մեր այսօրվա բլոգում առանձնացրել ենք մի քանի խորհուրդներ, որոնք, հաշվի առնելով ժամանակակից աշխատաշուկայի զարգացման միտումները, կօգնեն ձեզ մասնագիտական նպատակներ սահմանել՝ աշխատանքում մեծ հաջողությունների հասնելու համար։

 

Երբեմն կարիերայում փոփոխությունները կապված են համարձակ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտության հետ։ Ձեր ողջ ներուժն օգտագործելու ուղիների որոնման ընթացքում հիշեք, որ կարիերայի հավակնոտ աճը հաճախ պահանջում է հաշվարկված ռիսկեր: Նման դեպքերում ռիսկերը կա՛մ արդարացնում են իրենց, կա՛մ հակառակը։ Սակայն, եթե մտածում եք մասնագիտական նոր մակարդակի բարձրանալու մասին, ապա պետք է փորձեք և պատրաստ լինեք ընդունել ցանկացած արդյունք։

 

 

Ներդրումներ կատարեք ձեր զարգացման մեջ

Մտածեք նոր հմտություններ ձեռք բերելու և ձեր որակավորումների աստիճանը բարձրացնելու մասին։ Սա կարող է լինել ավելի լավ աշխատանք գտնելու կամ ներկայիս աշխատավայրում պաշտոնի բարձրացման ուղղությամբ կատարվող քայլերից մեկը։

 

Ներկայումս առցանց տարբերակով բազմաթիվ թե՛ անվճար և թե՛ վճարովի ռեսուրսներ են հասանելի՝ այդ թվում ամենատարբեր համալսարաններում դասավանդող մասնագետների կողմից իրականացվող դասընթացներ։ Ազատ ժամանակն արդյունավետ օգտագործելու նպատակով լսեք փոդքասթեր և կարդացեք ձեր ոլորտի վերաբերյալ հոդվածներ և գրքեր, որոնք, թեև կրթության ոչ ֆորմալ տարբերակներ են, սակայն պակաս արդյունավետ չեն։ 

 

Բազմաթիվ հմտություններ կարևոր են գրեթե բոլոր ոլորտներում, օրինակ, ժամանակի կառավարման, առաջնորդության, քննադատական մտածողության և այլն։ Փորձեք ձեռք բերել կամ կատարելագործել հենց այդ հմտությունները, առանց որոնց հաջողության չեք կարողանա հասնել։ Ծանոթացեք գործատուների կողմից ամենից հաճախ որոնվող հմտություններին մեր այս բլոգում և սկսեք զարգացնել դրանք։

 

 

Ընդլայնեք մասնագիտական ցանցը

Մասնակցեք ոլորտի միջոցառումներին և հանդիպումներին, միացեք մասնագիտական ցանցերին և կապ հաստատեք ձեր ոլորտի մասնագետների հետ: Մասնագիտական ցանցը կարող է օգնել ձեզ բացահայտել անսպասելի հնարավորություններ և բացել նոր դռներ դեպի հաջողություն: Այս ընթացքում կկատարելագործեք նաև ձեր հաղորդակցական հմտությունները։

 

Մասնագիտական ցանցն ընդլայնելիս շրջապատեք ձեզ այնպիսի անհատներով, ովքեր արտացոլում են ձեր արժեքներն ու նպատակները:

 

 

Բարձրացրեք ձեզ անհանգստացնող հարցերը

Կարծո՞ւմ եք, որ շատ եք աշխատում, նույնիսկ աշխատանքային ժամերից դուրս և ապահովում եք որակ, որը կարևոր նշանակություն ունի ընկերության հաջողության համար, սակայն չեք գնահատվում ըստ արժանվույն։ Այս մասին ընտանիքի անդամների և ընկերների մոտ բողոքելու փոխարեն խնդրեք ձեր ղեկավարին կամ մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետին հանդիպել և խոսեք ձեզ մտահոգող հարցերի մասին։ Ներկայացրեք տվյալներ և փաստեր, որոնք վկայում են այն մասին, որ ոչ միայն լավագույնս կատարել եք ձեր աշխատանքը, այլև գերազանցել ակնկալիքները, հետևաբար արժանի եք ստանալ պաշտոնի կամ վարձատրության բարձրացում։

 

Ընդունեք ձախողումները

Մենք բոլորս անհանգստանում ենք ինչ-որ հարցում ձախողվելու մտքից, և դա վերաբերում է ոչ միայն աշխատանքին, այլև կյանքի տարբեր ոլորտներին: Անհաջողության վախը հաճախ այնքան մեծ է, որ որոշ մարդիկ երբեք չեն լքում իրենց հարմարավետության գոտին՝ կոմֆորտ զոնան և նույնիսկ չեն փորձում ինչ-որ բան անել՝ ավելի լավ արդյունքի հասնելու համար։

 

Պարզապես սկսեք փոքր քայլերով և փորձեք գնահատել ռիսկերը։ Մի ակնկալեք արմատական փոփոխություններ և գերադասեք դանդաղ, սակայն հաստատուն աճը։ Ձախողումներն ընդունելու և դրանցից սովորելու մոտեցումներին առավել մանրամասն անդրադարձել ենք մեր նախորդ բլոգներից մեկում։

 

 

Փնտրեք մենթորի

Թեև աջակցություն և առաջնորդություն խնդրելը երբեմն կարող է դժվար լինել և ստիպել ձեզ անհարմար զգալ, սակայն դա չանելով ձեզ զրկում եք արժեքավոր խորհուրդներ ստանալու հնարավորությունից: Դիմեք մարդկանց, ում հարգում եք և համարում եք ոլորտում լավագույններից։ 

 

Ինթերնշիփերը հրաշալի հնարավորություն են մենթորների հետ աշխատելու համար։ Փնտրեք ինթերնշիփի հնարավորություն այն ընկերությունում, որում ցանկանում եք աշխատել: Գտեք մենթորի, ով կօգնի հասնել ձեր նպատակներին:

 

 

Ունենալով լավ մենթոր, որը  կառուցողական հետադարձ կապ է պահպանում, ոչ միայն կկատարելագործեք ձեր հմտությունները, այլև կշարունակեք մոտիվացված աշխատել, իսկ դա հաջողության ամենամեծ գրավականն է։

 

Մի մոռացեք դադար վերցնելու մասին

Երբեմն աշխատանքը պահանջում է չափից ավելի ջանքեր և ժամանակ, որը երկարաժամկետ հեռանկարում կարող է հանգեցնել գերհոգնածության և մասնագիտական այրման։ Նման վիճակում դժվար թե բավարար ուժ և ցանկություն ունենաք նոր նպատակներ դնելու և դրանց հասնելու համար։ Աշխատանք-անձնական կյանք հավասարակշռությունը պահպանելը այն կարևորագույն հարցերից մեկն է, որը չպետք է անտեսեք կարիերայի վերաբերյալ նպատակներ սահմանելիս։ 

 

Աշխատանքում ամեն ինչ հասցնելու և գերազանցելու ձգտման համատեքստում մի մոռացեք ֆիզիկական և հոգաբանական առողջության մասին։ Օգտվեք արձակուրդ վերցնելու հնարավորությունից։ Ունեցեք հոբբիներ և հետաքրքրություններ, որոնք օգնում են լիցքաթափվել։

 

Այսպիսով, գալիք 2024 թվականի համար նպատակներ սահմանելիս, հիշեք, որ դեպի ձեր երազանքները տանող ճանապարհը նույնքան կարևոր է, որքան բուն նպատակը։ Ճիշտ ռազմավարությունը, հիմնված մեր նշած մոտեցումների վրա, կօգնի հաղթահարել մարտահրավերները և հասնել ցանկալի արդյունքի։

 

Կհետաքրքրեն նաև