Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
խորհուրդներ դիմորդներին

Ձախողումները հաղթահարելու 7 միջոց․ անհաջողությունից դեպի մասնագիտական աճ

19.11.2023 | 6054 դիտում

Բացասական երևույթ լինելով հանդերձ՝ ձախողումը կարող է կարևոր նշանակություն ունենալ աճի և զարգացման համար։ Հաճախ ձախողումները մեծ հաջողությունների անխուսափելի ուղեկիցներ են, որոնք հայտնվում են մեր ամենանվիրական նպատակներին ճանապարհին։ Մեր բոլոր նախաձեռնությունները չէ, որ հաջողությամբ են ավարտվում և ժամանակի ընթացքում սովորում ենք ոչ թե խուսափել ձախողումներից, այլ սովորել և դասեր քաղել դրանցից։ 

 

Ինչպե՞ս հաղթահարել ձախողումը և օգտագործել այն՝ մասնագիտական աճի համար․ այսօրվա մեր բլոգում կանդրադառնանք 7 մոտեցումների, որոնք կօգնեն ձեզ այս հարցերում։

 

Դադար վերցրեք

Պատկերացրեք, որ մի բաժակ ջուր եք պահում ձեռքում։ Անցնում է մեկ րոպե, և դուք շարունակում եք այն պահել․ բարդ խնդիր չէ, չէ՞: Սակայն փորձեք այն պահել 5 րոպե, ապա 10, հետո կես ժամ։ Ձեր ձեռքը կսկսվի ցավել և որքան երկար պահեք բաժակը, այնքան այն ավելի շատ կցավի այն։ 

 

Նույն կերպ երկար ժամանակ բացասական մտքերը միևնույն հարցի շուրջ «ծանրանում» են և ճնշում։ Իրադարձությանն ավելի օբյեկտիվ նայելու համար մի շտապեք գնահատականներ տալ և հետևություններ անել։ Փոխարենը ինքներդ ձեզ մի փոքր դադար տվեք՝ չմտածելով տեղի ունեցածի մասին։ Այսպիսով դուք կարող եք ավելի հանգիստ իրավիճակում մտածել և վերաիմաստավորել տեղի ունեցածը և ավելի ողջամիտ եզրակացությունների հանգել։ Մի որոշ ժամանակ այլ խնդրի կամ առաջադրանքի վրա կենտրոնանալը կօգնի ձեզ խուսափել իրավիճակի մասին չափից ավելի երկար մտածելուց:

 

 

Տեղի ունեցածը դիտարկեք լայն համատեքստում

Կարևոր է հիշել, որ ձախողումը չի բնութագրում ձեզ՝ որպես անձի և չի արտահայտում ձեր որակները։ Պատկերացրեք այսպիսի իրավիճակ․ տարիներ շարունակ աշխատանքին նվիրված մասնագետն ակնկալում է, որ իր պաշտոնը կբարձրացնեն, սակայն այն պաշտոնը, որին նա հավակնում է, զբաղեցնում է այլ գործընկեր։ Բնականաբար առաջին արձագանքը կարող է արտահայտվել հիասթափությամբ և զայրույթով։ Նման զգացումները հաղթահարելու համար հարկավոր է գիտակցել, որ սա մասնագիտական ուղու միայն մեկ դրվագ է, իսկ անհաջողություններն այն խոչընդոտներն են, որոնք հանդիպում են ցանկացած մասնագետի ճանապարհին։

 

Այստեղ է, որ անհաջողությունները լայն և երկարաժամկետ նպատակների համատեքստում դիտարկելը կօգնի հաղթահարել այն բացասական էմոցիաները, որոնք կարող են հանգեցնել դեմոտիվացիայի։ Կենտրոնացեք երկարաժամկետ աճի վրա և դեռ առջևում գտնվող բազմաթիվ այն հնարավորությունների, որոնք ունեք:

 

 

Գտեք պատճառները

Երբ բախվում եք անհաջողության, պարզեք այն բոլոր գործոնները, որոնք նպաստել են դրան: Անկախ նրանից, թե դա նախագիծ է, որը չի արդարացրել ակնկալիքները, թե անձնական նպատակ, որը ձախողվել է, բացահայտեք այն ոլորտները, որոնք կարող եք բարելավել: 

 

Օրինակ, եթե սեփական բիզնես նախաձեռնությամբ եք հանդես եկել, և այն հաջողության չի հասել, վերլուծեք ռազմավարությունը, շուկայի հետազոտությունը և ձեր բոլոր քայլերը՝ պարզելու համար, թե ինչում եք թերացել և կոնկրետ ինչ է հարկավոր բարելավել։ 

 

Մտածեք կայացված որոշումների, ձեռնարկված գործողությունների և ընդհանուր գործընթացի մասին: Ի՞նչն էր լավ աշխատել, և ի՞նչը կարելի էր այլ կերպ անել: Այս վերլուծությունը ոչ միայն արժեքավոր պատկերացումներ է տալիս անձնական կամ մասնագիտական մոտեցումների վերաբերյալ, այլև հիմք է հանդիսանում ապագա նախաձեռնություններում ավելի ճիշտ որոշումներ կայացնելու համար:

 

 

Գնահատեք իրական հետևանքները

Բացասական զգացմունքների ազդեցությամբ գուցե հակված լինեք գերագնահատել անհաջողության ծավալները։ Մտածեք իրադարձության իրական հետևանքների մասին՝ հասկանալու համար դրա ազդեցության աստիճանը: Մի մոռացեք նաև հաշվի առել ձեր կյանքի այն բոլոր ասպեկտները, որոնց վրա ձեր անհաջողությունը չի ազդում․ չէ՞ որ յուրաքանչյուր անհաջողություն միայն մի փոքր տեղ է զբաղեցնում ձեր ձեռքբերումների կողքին: 

 

Սա ավելի հստակ պատկերացնելու համար կարող եք նաև կազմել ձեր մասնագիտական նվաճումների և ուժեղ կողմերի ցանկը՝ ինքներդ ձեզ հիշեցնելու համար այն եզակի արժեքներն ու առավելությունները, որոնք ունեք: 

 

Եվս մեկ մոտեցում, որը ձեզ կօգնի։ Պատկերացրեք, թե այն իրավիճակում, որում դուք եք հայտնվել, իրականում ձեր ընկերն է։ Ի՞նչ կասեիք նրան, ի՞նչ խորհուրդ կտայիք։ Իսկ հիմա ինքներդ լսեք ձեր խորհուրդները և վարվեք այնպես, ինչպես կհորդորեիք ձեր մտերիմ ընկերոջը։

 

Դասեր քաղեք անհաջողություններից

Նախ փորձեք բացասական հույզերը վերածել մոտիվացիա գտնելու միջոցի: Ձեր ձախողումների մեջ փնտրեք օրինաչափություններ կամ կրկնվող մարտահրավերներ: Կա՞ն արդյոք սխալներ, որոնք հաճախ եք թույլ տալիս:

 

Փորձեք ձեր մեջ մշակել աճի մտածելակերպ՝ անհաջողությունները դիտելով որպես սովորելու և աճելու հնարավորություն: Ընդունեք մարտահրավերները՝ հավատալով, որ կարողությունները կարող են զարգանալ քրտնաջան աշխատանքի միջոցով:

 

Հարցրեք ինքներդ ձեզ, թե ինչ կարող էիք այլ կերպ անել՝ ցանկալի արդյունքի հասնելու և ձախողումից խուսափելու համար։ Այնուհետև կազմեք գործողությունների պլան՝ այսուհետ ձեր ջանքերն ավելի նպատակային ուղղություններով կենտրոնացնելու համար։ 

 

 

Ձեռք բերեք նոր հմտություններ

Օգտագործեք ձախողումները որպես նոր հմտություններ ձեռք բերելու կամ եղածները կատարելագործելու հնարավորություն: Գուցե ժամանակն է գրանցվել նոր դասընթացների կամ սեմինարների։ Օրինակ, եթե ձախողել եք մարքեթինգային ռազմավարության հարցում, ապա մտածեք ձեր թվային մարքեթինգի հմտությունները զարգացնելու և ոլորտի նորագույն փոփոխություններին ծանոթանալու մասին։

 

Հմտությունները զարգացնելու գործում մեծ դեր կարող են ունենալ մենթորները։ Ոլորտի փորձառու մասնագետները, ովքեր աչքի են ընկնում այն հմտություններով, որոնք ձեզ են անհրաժեշտ, կարող են օգնել անհատականացված խորհրդատվությունների միջոցով:

 

Վերանայեք սովորությունները

Անհաջողությունները նաև առիթ են տալիս վերանայելու ձեր սովորությունները։ Շատ հաճախ սովորությունները հսկայական դեր են ունենում ինչպես հաջողությունների, այնպես էլ ձախողումների մեջ։ Օգտակար սովորությունները քայլ առ քայլ տանում են դեպի նպատակների իրականացում։

 

Սկսեք բացահայտելով այն սովորությունները, որոնք կարող են նպաստել ձախողմանը: Դրանք կարող են կապված լինել ժամանակի կառավարման, հաղորդակցության, որոշումների կայացման կամ վարքագծի այլ ձևերի հետ: Օրինակ, եթե պրոկրաստինացիան կամ առաջադրանքների հետաձգումը որոշիչ դեր է խաղացել անհաջողության գործում, ապա ուսումնասիրեք այն լավագույն մեթոդները, որոնք օգնում են հաղթահարել ամեն ինչ հետաձգելու սովորությունը։


Բացասական զգացմունքներն ընդունելուց մինչև մտածելակերպն ու մոտեցումները փոփոխելը կօգնեն հաղթահարել ձախողումների այն բացասական ազդեցությունը, որը կարող է  բերել դեմոտիվացիայի և պատճառ հանդիսանալ նոր անհաջողությունների համար։ Օգտվելով վերոնշյալ խորհուրդներից՝ կկարողանաք առավելագույնս օգտագործել ձախողումները որպես աճի հնարավորություն։ Սա, իհարկե, շատ աշխատանք է պահանջում, սակայն հիշեք, որ ամենագեղեցիկ տեսարանները բացվում են ձեր առջև այն ժամանակ, երբ հաղթահարում եք վերելքները և հայտնվում բարձունքում։

 

Կհետաքրքրեն նաև