Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
խորհուրդներ դիմորդներին

Job.am-ը՝ Career City Fest-ում․ ինչ ենք ներկայացնելու և ինչպես ենք օգնելու գտնել աշխատանք

25.10.2023 | 6367 դիտում

Շատ շուտով՝ հոկտեմբերի 26-ին հայաստանյան բազմաթիվ գործատուներ կհավաքվեն մեկ հարթակում՝ արցախցի մեր հայրենակիցներին աշխատանքի և կրթության հարցում աջակցելու, ինչպես նաև մասնագիտական նոր հնարավորություններ և առաջընթացի հեռանկարներ փնտրող անձանց ուղղորդելու համար։ Արդեն ավելի քան 22 տարի աշխատանքի առցանց շուկայում ակտիվ գործունեություն ծավալող Job.am հարթակը ևս մասնակցելու է ֆեսթին։ Իսկ իմանալու համար, թե ինչ ենք ներկայացնելու և ինչու է կարևոր, որ այդ օրը բաց չթողնեք մեր տաղավարին մոտենալու հնարավորությունը, շարունակեք կարդալ։ Բայց նախ հասկանանք, թե որն է միջոցառման նպատակը:

 

Ի՞նչ է Career City Fest-ը

Պայմանավորված Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին կրթության և աշխատանքի հնարավորություններ ընձեռելու հարցի հրատապությամբ՝ այսօր առաջնահերթություն է հենց արցախցիների զբաղվածության ապահովումը։ Առաջին հերթին այս նպատակին է ծառայելու Career City Fest-ը, որն այս տարի կանցկացվի երկրորդ անգամ՝ հատուկ ձևաչափով։ 

 

Career City Fest-ը մեկ հարթակում է համախմբելու երկրի լավագույն գործատուներին, որոնք ներկայացնելու են իրենց առաջարկները։

 

 

Ինչո՞ւ մասնակցել

Ինչպես նշեցինք, թեև ներկայումս թիվ մեկ խնդիրը բռնի տեղահանված արցախցիների աշխատանքի հարցն է, սակայն Career City Fest-ի դռները բաց են բոլոր նրանց համար, ովքեր փնտրում են աշխատանք և իրենց մասնագիտական ճանապարհին նոր հեռանկարներ բացահայտելու հնարավորություն։

 

Ի՞նչ ակնկալել

Career City Fest-ի ընթացքում կստանաք այն ամբողջական տեղեկատվությունը, որն անհրաժեշտ է ներկայիս դինամիկ փոփոխվող և մրցունակ աշխատաշուկայում կողմնորոշվելու համար։ Կծանոթանաք հարյուրավոր թափուր աշխատատեղերի, կտեղեկանաք կրթական և մասնագիտական վերապատրաստման հնարավորությունների և սոցիալական աջակցության ծրագրերի մասին։ 


Ինչո՞ւ ենք մենք մասնակցում

Job.am-ը միշտ կարևորել է մասնակցությունը նման միջոցառումների, քանի որ դրանք առիթ են հանդիսանում մեր հարթակի օգտատերերի հետ հանդիպելու և նրանց հետ զրուցելու համար։ Անշուշտ, ֆեսթի շրջանակներում էլ հնարավորություն կունենանք ոչ միայն մեր ներդրած նոր գործիքակազմը և Job.am կայքում առկա ավելի քան 25 ոլորտներում թափուր հաստիքները ներկայացնելու, այլև ձեզ հետաքրքրող հարցերին պատասխանելու համար։ Մեր թիմը միշտ պատրաստ է հարկ եղած դեպքում աջակցել ձեզ՝ հարթակում գրանցվելու, առցանց ռեզյումե ստեղծելու և այլ ծառայություններից օգտվելու հարցերում։ Սիրով կկիսվենք մեր փորձով և խորհուրդներով, որոնք ձեզ կօգնեն աշխատանք գտնել։

 

Ի՞նչ է ներկայացնելու Job.am

Հայաստանյան աշխատաշուկայում երկու տասնամյակից ավելի ժամանակահատվածում մեր կուտակած փորձը, աշխատանք որոնող հազարավոր թեկնածուների և գործատուների հետ հաջող համագործակցությունը թույլ են տվել մեզ մշակել այնպիսի մոտեցումներ և ներդնել առցանց այնպիսի համակարգեր, որոնք կօգեն ձեզ աշխատանք գտնելու հարցում։ Նշենք, որ մեր ներդրած բոլոր գործիքների նպատակը մեկն է՝ ապահովել ձեր՝ աշխատանք փնտրելու գործընթացի արդյունավետությունը և արագությունը։

 

 

Ինտերակտիվ ResumeBuilder

Career City Fest-ի շրջանակներում մեր թիմը կներկայացնի Job.am-ի ինտերակտիվ ResumeBuilder-ը։ Ստեղծել առցանց ռեզյումե՝ ներառելով բոլոր անհրաժեշտ բաժինները և համապարփակ տեղեկատվությունը ձեր հմտությունների և փորձի մասին․ Job.am-ի հետ այս գործընթացը կարող եք իրականացնել մի քանի րոպեում։ ResumeBuilder-ն անվճար գործիք է, որի նպատակը ոչ միայն ձեզ աջակցելն է ռեզյումե կազմելու հարցում, այլև այն մեր թեկնածուների բազայում տեղադրելու հնարավորություն ընձեռելը, ինչը կմեծացնի աշխատանք գտնելու ձեր հնարավորությունները, կօգնի արագ և դյուրին կերպով՝ կոճակի մեկ սեղմումով դիմել ձեզ հետաքրքրող աշխատանքներին։ 

 

Job.am-ի բազայում ձեր ռեզյումեն հասանելի կլինի հազարավոր գործատուների։ Միայն պատկերացրեք, դուք ստանում եք հարցազրույցի մասնակցելու կամ աշխատանքի առաջարկ՝ առանց անգամ դիմելու։ Հավելենք, որ աշխատանք առաջարկող մեր գործընկերների աշխարհագրությունը չի սահմանափակվում միայն Հայաստանով՝ ներառելով նաև արտասահմանյան բազմաթիվ կազմակերպություններ։

 

Ձեր անձնական էջը Job.am-ում

Մեր հարթակում անվճար գրանցվելով՝ կունենաք ձեր անձնական էջը, որտեղ կարող եք դիտել, ներբեռնել կամ հեռացնել ձեր ռեզյումեն կամ դրանցից որևէ մեկը։ Ձեր էջում կարող եք նաև փոփոխել կարգավորումները, ծանուցումներ ավելացնել կամ հեռացնել, պահպանել հետաքրքիր հաստիքները՝ դրանց ավելի ուշ դիմելու նպատակով և, իհարկե, հետևել ձեր դիմումի ընթացքին՝ պարզելով, թե արդյոք գործատուն դիտել է այն, թե ոչ։

 

 

Ծանուցումներ

Առաջինը տեղեկացեք նոր հնարավորությունների մասին՝ ծանուցումների միջոցով։ Հարթակն առաջարկում է նաև անվճար ակտիվացնել ծանուցումների ծառայությունը, որի շնորհիվ պարբերաբար ձեր էլեկտրոնային փոստին կստանաք ձեզ հետաքրքրող ոլորտներում հայտնվող նոր թափուր հաստիքների վերաբերյալ հայտարարությունները։ Այլևս ստիպված չեք լինի ամեն անգամ մուտք գործել կայք, փնտրել ձեզ հետաքրքրող հաստիքները՝ ընտրելով այն ոլորտները, որոնցում աշխատանք եք փնտրում կամ մուտքագրելով բանալի բառեր։

 

Job.am-ի հավելվածը

Կներկայացնենք նաև Job.am-ի հավելվածը, որը, քիչ տեղ զբաղեցնելով ձեր սարքի վրա, կօգնի մշտապես ձեռքի տակ ունենալ հարթակի ողջ գործիքակազմը։ Առանց ժամանակ կորցնելու կարող եք հավելվածի միջոցով դիմել ձեր նախընտրած աշխատանքին, ինչպես նաև հետևել դիմումի ընթացքին։

 

Հավատարիմ մնալով աշխատանք գտնելու գործում ձեզ առավելագույնս օգտակար լինելու մեր առաքելությանը՝ Job.am-ի թիմը մշտապես կատարելագործում է արդեն իսկ առկա համակարգերը և ներդնում է նոր գործիքներ։ 

 

 

Career City Fest-ի մասնակցի չեքլիստ

Աշխատանք գտնելու, ֆեսթի ընթացքում ձեր ժամանակն արդյունավետ օգտագործելու և օգտակար կապեր հաստատելու նպատակով համոզվեք, որ հաշվի եք առել հետևյալ քայլերը:

 

Սահմանել եք կոնկրետ նպատակներ. հստակ գիտեք ձեր կարիերայի նպատակները, ինչ տեսակի աշխատանք եք փնտրում, որոնք են այն ընկերությունները կամ ոլորտները, որոնք ձեզ հետաքրքրում են:

Պատրաստել եք ձեր ռեզյումեն. Թարմացրել և հարմարեցրել եք ձեր ռեզյումեն այն աշխատանքի պահանջներին համապատասխան, որը փնտրում եք:

Ուսումնասիրել եք այն ընկերությունները, որոնք մասնակցելու են ֆեսթին․ ուսումնասիրել եք միջոցառմանը մասնակցող ընկերությունները և նրանց աշխատատեղերը, աշխատանքային մշակույթը և արժեքները:

Պատրաստել եք ձեր Elevator Pitch-ը. կարող եք հակիրճ և բովանդակալից կերպով ներկայանալ գործատուներին։

Վերանայել և թարմացրել եք առցանց պրոֆիլները. համոզված եք, որ, ձեր LinkedIn-ի և այլ մասնագիտական պրոֆիլները պատշաճ լրացված են և համապարփակ տեղեկատվություն են տալիս ձեր մասնագիտական որակների մասին։

Պատրաստել եք հարցեր. մտածել եք բովանդակալից և կարևոր հարցեր, որոնք կարող եք տալ գործատուներին միջոցառման ընթացքում:

Ունեք ռեզյումեի օրինակներ․ ձեզ մոտ ունեք ձեր ռեզյումեի մի քանի օրինակներ՝ տպագրված ձևաչափով։

Կազմել եք ցանկ՝ ներառելով Job.am-ը․ կազմել եք այն ընկերությունների ցանկը, որոնց տաղավարները ցանկանում եք անպայման այցելել։

Գրանցվել եք միջոցառմանը. լրացրել եք միջոցառման գրանցման հայտը:

 

Հուսանք՝ վերոնշյալ չեքլիսթի բոլոր կետերի համար ձեր պատասխանը դրական է և դուք պատրաստ եք առավելագույնս օգտվել ֆեսթի ընձեռած հնարավորություններից։

 

Հիշեցնենք նաև, որ մեր նախորդ բլոգում անդրադարձել էինք աշխատանքի տոնավաճառների՝ որպես աշխատանք փնտրելու ձևաչափի յուրահատկություններին։ Կիսվել էինք նաև խորհուրդներով, թե ինչպես պետք է նախապատրաստվել նմանատիպ միջոցառումներին։ Ծանոթացեք մեր այդ բլոգին ևս և պատրաստ եղեք օգտագործել այն հնարավորությունները, որոնք ընձեռելու է Career City Fest-ը։

 

Դե ինչ, եթե դեռ չեք հասցրել գրանցվել, ապա շտապեք և բաց մի թողեք այս մասշտաբային միջոցառմանը մասնակցելու հնարավորությունը։ Job.am-ի թիմը սպասում է ձեզ, կհանդիպենք հոկտեմբերի 26-ին, Մերիդիան էքսպո կենտրոնում։

 

Կհետաքրքրեն նաև