Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Խորհուրդներ դիմորդներին

13 ամենատարածված սխալները հարցազրույցում. ինչպե՞ս խուսափել դրանցից

03.09.2023 | 21159 դիտում

Մասնագիտական աճի ուղին հաճախ անցնում է աշխատանքային հարցազրույցների բազմաթիվ անհաջող փորձերի ճանապարհով։ Նույնիսկ այն մարդիկ, ովքեր ունեն հարցազրույցների մասնակցելու հարուստ փորձ, հմուտ են և ինքնավստահ, կարող են ապակողմնորոշվել ամենապատասխանատու պահին։ Երբեմն մեկ անզգույշ արտահայտությունը կարող է երկար սպասված աշխատանքի հնարավորությունը բաց թողնելու պատճառ դառնալ։

 

Հարցազրույցը գործատուի հնարավորությունն է գնահատելու դիմորդի որակավորումը, հմտությունները և համապատասխանությունը թափուր հաստիքին: Հաջող հարցազրույցի գրավականը ոչ միայն բացահայտ սխալներին ուշադրություն դարձնելն է, այլև առաջին հայացքից աննկատ թվացող թերացումները բացառելը։ 

 

Որո՞նք են հարցազրույցների ամենատարածված սխալները, ինչպե՞ս շրջանցել դրանք և լավագույնս ներկայանալ․ այս ամենը կպարզենք միասին՝ մեր այսօրվա բլոգում։

 

 

1․ Հարցազրույցից ուշանալը

Ուշ ներկայանալու պարագայում դուք նախ և առաջ կորցնում եք ձեզ համար հատկացված հարցազրույցի սահմանափակ ժամանակից։ Հարցազրուցավարի մոտ ուշացած թեկնածուն թողնում է անպատասխանատու և ժամանակի կառավարման հետ կապված խնդիրներ ունեցող մարդու տպավորություն, ով, ամենայն հավանականությամբ, ուշ կներկայանա նաև աշխատանքին: 

 

Ինչպե՞ս խուսափել։ Հաշվի առեք երթևեկության վրա ծախսվելիք ժամանակը, որը հարկավոր է գրասենյակ հասնելու համար։ Հարցազրույցի օրը հստակեցրեք ձեր գրաֆիկը և ուշադրությունը կենտրոնացրեք միայն հարցազրույցի վրա։ Հարցազրույցից առաջ մի պլանավորեք այնպիսի գործեր, որոնք կարող են լրացուցիչ ժամանակ պահանջել, օրինակ, աշխատանքային հանդիպումը կարող է նախատեսվածից մի փոքր երկար տևել։ 

 

Եթե անկանխատեսելի իրադարձությամբ կամ արտակարգ իրավիճակով պայմանավորված ուշացել եք, ապա մի փորձեք արդարանալ, փոխարենը ներողություն խնդրեք կորցրած ժամանակի համար և նշեք ուշացման պատճառը։ Եթե կարծում եք, որ շատ կուշանաք, ապա մի հապաղեք նամակով կամ հեռախոսազանգով տեղեկացնել հավաքագրման մասնագետին առաջացած խնդրի մասին՝ առաջարկելով հետաձգել հարցազրույցը։

 

2․ Շատ շուտ ներկայանալը

Հարցազրուցավարը ձեզ, ինչպես և մյուս թեկնածուների համար հստակ ժամանակ է հատկացրել, և դուք չեք կարող պարզապես ներս մտնել այն պահին, երբ հասնեք գրասենյակ։ Հավաքագրման մասնագետը կարող է զբաղված լինել այլ աշխատանքով և պատրաստ չլինել ընդունել ձեզ։ Հնարավոր է նաև, որ նախորդ թեկնածուի հետ զրույցը դեռ ավարտված չլինի։ 

 

Ինչպե՞ս խուսափել։ Եթե մի փոքր շուտ եք հասել, սպասեք գրասենյակից ոչ հեռու կամ զբոսնեք՝ հանգստացնելով նյարդերը և գրասենյակ մտեք ձեզ ասված ժամից 5 կամ 10 րոպե շուտ։ 

 

 

3․ Կազմակերպության մասին ոչինչ չիմանալը

Դուք պետք է որոշակի ուսումնասիրություն կատարեք մինչ հարցազրույցին ներկայանալը՝ ցույց տալու համար, որ հետաքրքրված եք կազմակերպությունում աշխատելու հեռանկարով: Ընկերությունները փնտրում են մարդկանց, ովքեր տեղեկացված են իրենց գործունեության մասին և պատկերացնում են իրենց տվյալ ընկերությունում աշխատելիս։ 

 

Ինչպե՞ս խուսափել։ Օգտվելով կազմակերպության կայքէջում և սոցցանցերում առկա տեղեկատվությունից՝ պատկերացում կազմեք վերջինիս աշխատանքի մասին։ Ուսումնասիրեք նաև այն ոլորտը, որում ընկերությունը գործունեություն է ծավալում։  

 

4․ Հեռախոս օգտագործելը

Բջջային հեռախոսները դարձել են մեր աշխատանքային առօրյայի անբաժանելի մասը, ուստի երբեմն դրանք մի կողմ դնելը կարող է դժվար լինել: Սակայն հարցազրույցի ընթացքում հեռախոսը ձեզ միայն կխանգարի։ 

 

Ինչպե՞ս խուսափել։ Հարցազրույցի ընթացքում խուսափեք հեռախոսազանգերին կամ տեքստային հաղորդագրություններին պատասխանելուց: Անջատեք հեռախոսը կամ միացրեք անձայն ռեժիմը: Պահեք այն պայուսակի մեջ՝ տեսադաշտից հեռու, որպեսզի թեկուզ ակամա չշեղվեք հարցազրույցից։

 

5. Բացասական մարմնի լեզվի արտահայտում

Մարմնի լեզուն կարող է զրուցակցին ասել ավելին, քան բառերը։ Խաչած ձեռքերը, սեղմված ծնոտը և խուսափողական հայացքը կվկայեն, որ ձեզ անհարմար եք զգում, գուցե նաև ազնիվ չեք հարցերին պատասխանելիս: 

 

Ինչպե՞ս խուսափել։ Ձեռքերը բաց պահեք, ուղիղ նստեք, ժպտացեք և պահպանեք աչքերի կոնտակտը զրույցի ընթացքում։

 

6․ Չափից շատ խոսելը

Խոսեք հնարավորինս բովանդակալից և հակիրճ՝ բոլոր հարցերին անդրադառնալու համար ժամանակ թողնելու նպատակով։ Հաճախ թեկնածուները շատ են խոսում, քանզի պատշաճ կերպով չեն նախապատրաստվել հարցազրույցին կամ չգիտեն հարցի պատասխանը։ Երբ հարցազրուցավարը հարց է տալիս, նա ցանկանում է լսել հստակ պատասխան: Չափազանց շատախոսելու պարագայում ձեր գլխավոր ասելիքը կարող է կորել երկրորդական տեղեկատվության առատության մեջ:

 

Ինչպե՞ս խուսափել։ Հիշեք՝ հարցազրույցը ձեր մասին մենախոսություն չէ, այլ երկխոսություն՝ ձեր և հավաքագրման մասնագետի միջև։ Պատասխանեք հակիրճ և հստակ՝ անդրադառնալով միայն հնչած հարցին, օրինակ, եթե հարցնում են, թե որն է ձեր ամենաուժեղ կողմը, պատասխանեք միայն այդ հարցին, ոչ թե թվարկեք ձեր բոլոր հմտությունները։

 

7․ Ոգևորության պակասը

Աշխատանքի հեռանկարով ոգևորության բացակայությունը վկայում է այն մասին, որ բավականաչափ հետաքրքրված չեք հաստիքով կամ ընկերությամբ: 

 

Ինչպե՞ս խուսափել։ Ձեր հետաքրքրվածությունն արտահայտեք ընկերության և թափուր հաստիքի մասին հարցեր տալով։ Ուշադրություն դարձրեք ձայնի տոնայնությանը և ակտիվորեն լսեք զրուցակցին։ Որպեսզի ֆիզիկապես հոգնած վիճակը չխանգարի ձեզ հարցազրույցին պատշաճ ներկայանալ, փորձեք նախորդ օրը բավարար ժամանակ հատկացնել քնին և, եթե սուրճի սիրահար եք, բաց մի թողեք առավոտյան թարմացնող սուրճը։

 


 

8․ Ոչինչ չհարցնելը

Հարցեր տալու հնարավորությունը բաց թողնելը զրուցակցի մոտ կարող է տպավորություն ստեղծել, թե բավականաչափ հետաքրքրված չեք տվյալ պաշտոնում կամ ընկերությունում աշխատելու հնարավորությամբ: Հարցեր տալը նախ և առաջ անհրաժեշտ է ձեզ. դա կօգնի մանրամասն պատկերացում կազմել աշխատանքի մասին և կողմնորոշվել, թե որքանով է այն համապատասխանում ձեր ակնկալիքներին։ 

 

Ինչպե՞ս խուսափել։ Նախապես մտածեք 2-3 հարց, որոնք վերաբերում են ընկերությանը կամ  հաստիքին, որի համար դիմել եք։ Կոնկրետ հարցերի օրինակներ կարող եք գտնել մեր նախորդ բլոգներից մեկում։

 

9․ Նախկին աշխատավայրերի մասին բացասական տոնով խոսելը 

Հնարավոր է՝ դուք աշխատել եք շատ վատ ղեկավարի հետ, իսկ թիմը կոմպետենտ չի եղել։ Գուցե հենց դա է պատճառը, որ հեռացել եք նախկին աշխատավայրից։ Որքան էլ բացասական աշխատավայրում հայտնված լինեք, այս մասին չպետք է կիսվեք պոտենցիալ գործատուի հետ։ Եթե բացասական կարծիք հայտնեք նախկին գործատուի մասին, զրուցակիցը կարող է մտածել, որ վատ կխոսեք նաև ձեր ապագա գործատուների մասին։

 

Ինչպե՞ս խուսափել։ Նախկին աշխատավայրի մասին խոսելիս մի խորացեք մանրամասների մեջ, տվեք ընդհանրական պատասխաններ՝ պահպանելով դրական մոտեցումը և ընդգծելով այնտեղ գրանցած մասնագիտական աճը։

 

 

10․ Կլիշեներով խոսելը

Պատահե՞լ է, որ գնաք հարցազրույցի և ձեր փորձի և հմտությունների մասին խոսելիս նշեք հետևյալ արտահայտություններից մեկը․

 

   • «Ես մեծ ուշադրություն եմ դարձնում մանրուքներին»,

   • «Ես քննադատորեն եմ մտածում»,

   • «Ես շատ լավ եմ աշխատում թիմերի կազմում»։

 

Թեև նման պնդումները կարող են ճշմարիտ լինել, սակայն դրանց բացասական կողմն այն է, որ դրանք չափազանց ընդհանրական են: Կլիշեներով խոսելը կարող է գայթակղիչ թվալ հատկապես նրանց համար, ովքեր առաջին անգամ են աշխատանք փնտրում և դեռ տեղյակ չեն դրանց հնարավոր բացասական հետևանքների մասին։ Այսպիսի արտահայտություններն այնքան հաճախ են օգտագործվում, որ կորցրել են իրենց նշանակությունը և ազդեցությունը։ Արդյունքում դրանք էական ոչինչ չեն ասում գործատուին։ 

 

Ինչպե՞ս խուսափել։ Կլիշեներից խուսափելու լավագույն միջոցը ձեր փորձը ներկայացնելն է։ Համոզվենք ինքներս՝ համեմատելով այս երկու պնդումները․

«Ես լավ առաջնորդ եմ»։ Համաձայնեք՝ ոչինչ չի ասում։

«Ես լավ առաջնորդ եմ․ 3 տարի ղեկավարել եմ 15 անձից բաղկացած թիմ»: Զգո՞ւմ եք տարբերությունը։ 

 

11․ Չափից շատ ինքներդ ձեզ գովաբանելը

Հարցազրույցի ընթացքում գործատուին տպավորելը կարևոր է, սակայն դա չի նշանակում, որ պետք է գովաբանեք ինքներդ ձեզ։

 

Ինչպե՞ս խուսափել։ Մի եղեք սուբյեկտիվ։ Թող ձեր աշխատանքն ու ձեռքբերումները խոսեն ձեր մասնագիտական որակների մասին:

 

12․ Ագրեսիվ կերպով արձագանքելը

Որքան էլ ձեզ վրդովեցնող հարց հնչի կամ որքան էլ ուշանա ձեր թեկնածության դիտարկման վերաբերյալ հավաքագրման մասնագետի պատասխանը, ագրեսիվ արձագանքելը լավագույն որոշումը չէ։ 

 

Ինչպե՞ս խուսափել։ Եղեք համբերատար և հարգալից։ Հավաքագրման մասնագետից պատասխան չստանալու պարագայում փորձեք կապ հաստատել էլեկտրոնային նամակի միջոցով, իսկ թե երբ և ինչպես, ծանոթացեք մեր այս բլոգում:

 

13․ Հաջորդ քայլերի մասին չհարցնելը

Երբեմն հարցազրուցավարը մոռանում է տեղեկացնել հարցազրույցին հաջորդող գործողությունների մասին: Ձեզ համար կարևոր է իմանալ, թե երբ և ինչպես եք ստանալու պատասխանը՝ հետագա քայլերը ձեռնարկելու նպատակով, ինչպես նաև գործատուին ցույց տալու համար, որ լուրջ եք տրամադրված։  

 

Ինչպե՞ս խուսափել։ Շատ պարզ՝ հարցազրույցի ավարտին, երբ հնարավորություն ունենաք ուղղել ձեր հարցերը, հետաքրքրվեք․ «Որո՞նք են հետագա քայլերը: Ի՞նչ է ներառում հաջորդ փուլը…»:

 

Հաջորդ հարցազրույցի ընթացքում խուսափեք այն տարածված սխալներից, որոնց անդրադարձանք այսօր` մեծացնելով աշխատանքի առաջարկ ստանալու ձեր հնարավորությունը։

 

 

Կհետաքրքրեն նաև