Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Խորհուրդներ դիմորդներին

Երբ պատասխանն ուշանում է․ ինչպե՞ս կապ հաստատել գործատուի հետ

19.05.2023 | 4629 դիտում

Երկար սպասված հարցազրույցի փուլը հաղթահարված է․ դուք ներկայացրել եք ձեր հմտությունները և վստահ պատասխանել բոլոր հարցերին։ Դե ինչ, կարելի է թեթևացած շունչ քաշել։ Այժմ մնում է միայն սպասել։ Սակայն օրերն անցնում են, իսկ պատասխան այդպես էլ չկա։ Ի՞նչ անել՝ շարունակե՞լ սպասել անորոշության մեջ, թե՞ փորձել ինչ-որ կերպ գործատուից հետաքրքրվել՝ արդյո՞ք շարունակում են դիտարկել ձեր թեկնածությունը հաստիքի համար։

 

Հիմնական մտահոգությունն այն է, թե ինչպես կապ հաստատել գործատուի հետ հարցազրույցից հետո՝ առանց աշխատանքի առաջարկ ստանալու ձեր հնարավորությանը վնասելու։ Դուք չպետք է անհամբեր, հուսահատ կամ դժգոհ մարդու տպավորություն թողնեք։ 

 

Ինչո՞ւ է կարևոր հարցազրույցից հետո գործատուի հետ կապ հաստատելը, ե՞րբ և ինչպե՞ս դա անել՝ կանդրադառնանք մեր այսօրվա բլոգում։ Կդիտարկենք  նաև գործատուի հետ կապ հաստատելու նպատակով գրված էլեկտրոնային նամակների օրինակներ։

 

Ինչո՞ւ է կարևոր հարցազրույցից հետո գործատուի հետ կապ հաստատելը

Աշխատանք փնտրելու գործընթացը չի ավարտվում հարցազրույցով։ Մինչ հարցազրույցի փուլին հասնելը դուք բավականին մեծ ջանքեր և շատ ժամանակ եք հատկացրել աշխատանքին դիմելու համար և թվում է, թե հարցազրույցը այդ դժվարին և երկար ուղու ավարտն է։ Սակայն գործատուից արձագանք չստանալու պարագայում անհրաժեշտություն է առաջանում ևս մեկ քայլ կատարել՝  հետադարձ կապ հաստատել։ Այդ նպատակով էլեկտրոնային նամակ գրելը ձեզանից շատ ժամանակ և ջանքեր չի պահանջի, փոխարենը կհանի ձեզ անորոշությունից և կօգնի պլանավորել կարիերայի հետ կապված հետագա քայլերը։ 

 

Հարցազրույցից հետո գործատուի հետ կապ հաստատելը կարևոր է մի քանի պատճառով։

 

Աշխատանքի նկատմամբ հետաքրքրությունը վերահաստատելը։ Դիմելով հավաքագրման մասնագետին՝ ցույց եք տալիս, որ իսկապես գնահատում եք աշխատանքի հնարավորությունը և ոգևորված եք թիմին միանալու հեռանկարով։ 

 

Պրոֆեսիոնալ վարքագիծ դրսևորելը։ Լավ մշակված հաղորդագրությունն ընդգծում է ձեր պրոֆեսիոնալիզմը, գործնական հաղորդակցության կարողությունը, ինչպես նաև երախտագիտություն հայտնելու հատկանիշը։ 

 

Չքննարկված հարցերին անդրադառնալը։ Հարցազրույցից հետո հետադարձ կապ հաստատելը թույլ է տալիս բարձրաձայնել զրույցից հետո առաջացած հարցերը կամ խնդրել լրացուցիչ տեղեկատվություն։

 

Ձեր մասին հիշեցնելը։ Հավաքագրման մասնագետներն անցկացնում են բազմաթիվ հարցազրույցներ և տասնյակ թեկնածուների մեջ կարող են ձեզ մոռանալ։ Հետադարձ կապ հաստատելով՝ հիշեցնում եք ձեր մասին և այդպիսով առանձնանում մյուս թեկնածուներից։ 

 


Որքա՞ն սպասել հարցազրույցից հետո

Ե՞րբ գրել։ Սա թերևս հարցազրույցից հետո գործատուի հետ կապ հաստատելու գործում ամենակարևոր հարցն է, որը կախված է տարբեր հանգամանքներից։ Հիշեք, որ հետադարձ կապ հաստատելիս պետք չէ այնքան շուտ կամ հաճախակի գրել, որ դա նյարդայնացնի հավաքագրման մասնագետին և ստիպի մտածել, որ դուք հուսահատորեն ցանկանում եք բաց չթողնել աշխատանքի հնարավորությունը։ Ստորև ներկայացնում ենք, թե երբ է հարկավոր կապ հաստատել գործատուի հետ՝ առանց մտավախության, որ ձեր նամակը տեղին չէ։

✓ Շնորհակալական նամակ ուղարկեք հարցազրույցից հետո՝ 1 օր անց։

✓ Սովորաբար հարցազրույցի ընթացքում գործատուները նշում են հաստիքի համալրման վերաբերյալ որոշումների կայացման գործընթացի ժամանակացույցը: Հաստիքի համալրման վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով գրելու համար բացի նշված ժամկետից, սպասեք ևս 2 օր։

✓ Եթե գործատուն չի նշել կոնկրետ ժամանակահատված, ապա սպասեք առնվազն 1 շաբաթ։ 5 աշխատանքային օրը կբավականացնի գործատուին հետագա հարցազրույցներ անցկացնելու և որոշումների կայացման գործընթացում առաջ շարժվելու համար։ 

✓ Հաշվի առեք նաև, որ մեծ կազմակերպությունները հաճախ ունենում են աշխատանքի ընդունման և որոշումների կայացման ավելի երկարատև գործընթացներ: Նման դեպքերում տեղին է 1 շաբաթից մի քանի օր ավելի սպասելը։ 

 

Ինչպե՞ս կապ հաստատել գործատուի հետ 

Էլեկտրոնային նամակ ուղարկելն ամենատարածված և հարմար տարբերակն է՝ գործատուի հետ կապ հաստատելու համար։ Նամակի ծավալի վերաբերյալ հստակ կանոններ չկան, սակայն, լավագույն փորձի համաձայն, այն պետք կազմված լինի ոչ ավելի, քան 3 պարբերությունից և ներառի հետևյալ 8 բաղադրիչները․

✓ Դիմելաձև

✓ Նամակի նպատակ

✓ Հաստիքի անվանում և հարցազրույցի ամսաթիվ

✓ Աշխատանքի նկատմամբ հետաքրքրության վերահաստատում

✓ Արձագանքի սպասելու մասին նշում

✓ Շնորհակալական խոսք

✓ Դրական տոն

✓ Գործնական նամակագրությանը բնորոշ եզրափակում


 

3 հաղորդագրություն, որոնք կարող եք ուղարկել հարցազրույցից հետո

 

Շնորհակալական նամակ

Հարցազրույցից 1 օր անց կարող եք ուղարկել ձեր առաջին նամակը՝ շնորհակալություն հայտնելով հավաքագրման մասնագետին հատկացված ժամանակի համար։ Նամակը պետք է լինի հակիրճ․ նպատակը պարզապես շնորհակալություն հայտնելն է։ Ներառեք մեկ գործոն, որից ամենաշատն եք տպավորվել հարցազրույցի ընթացքում։ 

 

Օրինակ՝ 

 

Հարգելի՛ [հավաքագրման մասնագետի անունը],

 

Շնորհակալ եմ երեկ ինձ հարցազրույցի հրավիրելու և իմ փորձով և հմտություններով կիսվելու հնարավորություն տալու համար։ Շատ տպավորված եմ հատկապես կազմակերպության կողմից աշխատակիցների մասնագիտական աճի նպատակով իրականացվող ծրագրերով։ Ուրախ կլինեմ, եթե ինձ կազմակերպության աշխատակիցներից մեկը դառնալու հնարավորություն ընձեռվի։

 

Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում տրամադրված ժամանակի համար։ Սպասում եմ ձեր արձագանքին։

 

Հարգանքով՝

[Ձեր անունը և ազգանունը]


 

Թեկնածության դիտարկման կարգավիճակի վերաբերյալ նամակ

Այսպիսի հաղորդագրություն ուղարկում եք գործատուի նշած վերջնաժամկետի լրանալուց հետո կամ հարցազրույցից 7 աշխատանքային օր անց։ Նպատակը տեղեկանալն է, թե ինչ կարգավիճակում է ձեր թեկնածության քննարկումը։ 

 

Բովանդակությունը նման է շնորհակալական նամակին։ Արտահայտեք ձեր հետաքրքրությունը հաստիքի նկատմամբ, որևէ դրական բան ընդգծեք կազմակերպության մասին և հարցրեք՝ կա՞ արդյոք որևէ լրացուցիչ տեղեկատվություն, որը կարող եք տրամադրել: Նշեք, որ սպասում եք պատասխանի։

 

Օրինակ՝

 

Հարգելի՛ [հավաքագրման մասնագետի անունը],

 

Գրում եմ Ձեզ՝ [ամսաթիվ]-ին [հաստիքի անվանում] պաշտոնի համար հարցազրույցի հետ կապված։ Կցանկանայի տեղեկանալ, թե արդյոք կան նորություններ՝ իմ թեկնածության դիտարկման կարգավիճակի վերաբերյալ։ Շատ տպավորված եմ [ընկերության անվանումը] ընկերության առաքելությամբ  և արժեհամակարգով և անչափ ոգևորված՝ Ձեր թիմին միանալու հեռանկարով։ Համոզված եմ, որ իմ փորձը և գիտելիքները լիովին բավարարում են այս պաշտոնում արդյունավետ աշխատելու համար։ Եթե լրացուցիչ տեղեկատվության կարիք լինի, խնդրում եմ ինձ հետ կապ հաստատել։

 

Շնորհակալություն եմ հայտնում իմ թեկնածությունը դիտարկելու և հարցազրույցին մասնակցելու հնարավորություն ընձեռելու համար։ Սիրով կսպասեմ Ձեր արձագանքին։

 

Հարգանքով՝

[Ձեր անունը և ազգանունը]

 

 

Հետադարձ կապի նամակ

Եթե կարծում եք, որ հարցազրույցը լավ է անցել, բայց, այնուամենայնիվ, մերժում եք ստացել, ապա կարող եք պատասխան նամակով կարծիք խնդրել։ Ոչ բոլոր հավաքագրողները ժամանակ կհատկացնեն ձեզ պատասխանելու համար, սակայն պետք է փորձել, քանի որ հնարավոր է ստանաք արժեքավոր այնպիսի կարծիք, որը հետագայում ձեզ համար օգտակար լինի։

 

Դարձյալ եղեք հակիրճ։ Մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնեք՝ տրամադրված ժամանակի համար: Նշեք, որ հարցազրույցը ձեզ համար դրական փորձ էր և այժմ կցանկանայիք ստանալ որոշակի կառուցողական կարծիք այն մասին, թե ինչն է պատճառ հանդիսացել մերժման համար, որպեսզի հաջորդ անգամ աշխատանքի դիմելիս կարողանաք բարելավել ձեր հմտությունները։ 

 

Օրինակ՝

 

Հարգելի՛ [հավաքագրման մասնագետի անունը],

 

Շնորհակալություն եմ հայտնում [հաստիքի անվանումը] պաշտոնի համար իմ թեկնածությունը դիտարկելու և հարցազրույցի հրավիրելու համար։ 

 

Ափսոսում եմ, որ Ձեր կազմակերպությունում աշխատելու հնարավորություն չստացա։ Ձեզ գրում եմ որոշակի կառուցողական կարծիք ստանալու խնդրանքով։ Ես անընդհատ ձգտում եմ բարելավել և կատարելագործել իմ հմտություններն ու որակավորումները: Լսելով ձեզանից, թե որոնք էին իմ գիտելիքների և հմտությունների բացերը, որոնց պատճառով ես չստացա կազմակերպությունում աշխատելու հնարավորություն, դուք կօգնեք ինձ այլ աշխատանքային հնարավորությունների դիմելու համար բարելավել դրանք։

 

Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում հատկացված ժամանակ համար։ Ձեր կարծիքը մեծապես կնպաստի իմ մասնագիտական աճին։

 

Հարգանքով՝

[Ձեր անունը և ազգանունը]

 

Շարունակեք աշխատանքի որոնումները

Եթե հարցազրույցից հետո ուղարկված ձեր նամակին տևական ժամանակ արձագանք չեք ստանում, ապա հարկավոր է շարունակել աշխատանք փնտրելը։ Կան կարծիքներ, որ առաջին նամակին պատասխան չստանալով, կարող եք ուղարկել երկրորդը, որը թեև նույն նամակի կրկնությունը չէ, սակայն բովանդակային առումով նման է նախորդին։ Եթե երկրորդ նամակը ևս մնում է անպատասխան, ապա ձեզ ոչինչ չի մնում, բացի այլ աշխատանքի հնարավորություններ որոնելուց։

 

Նկատի ունեցեք, որ նույնիսկ այն հարցազրույցները, որոնք ձեր կարծիքով հիանալի են անցել, միշտ չէ, որ ավարտվում են աշխատանքի առաջարկով: Մինչ հիասթափվելը, սակայն, մտածեք՝ արդյո՞ք աշխատելը մի ընկերությունում, որը չի հետևողական չէ թեկնածուների հետ շփման հարցում, հետևողական կլինի մնացած բոլոր հարցերում։ Բարեբախտաբար, կան բազմաթիվ ընկերություններ, որոնք առաջնահերթություն են տալիս հավաքագրման գործընթացում թեկնածուների հետ հաղորդակցմանը։ Նման կազմակերպությունում աշխատելու հնարավորություն ստանալն ավելի լավ հնարավորություն կլինի ձեզ համար։

 

Կհետաքրքրեն նաև