Job.am Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ինչպե՞ս հաղթահարել վախը և պատրաստվել հանրային ելույթին

16.04.2021 610 դիտում

🔲 Փոքր տարիքից սկսած՝ մենք առերեսվում ենք հանրային ելույթ ունենալու խնդրին։ Մանկապարտեզում ու դպրոցում մենք պետք է արտասանեինք կամ դաս պատմեինք ընկերների ներկայությամբ, և դա բավականին բարդ ու էմոցիոնալ գործ էր թվում։ Ելույթ ունենալու անհրաժեշտությունն ուղեկցում է մեզ նաև համալսարանում։

Հետո, երբ մենք արդեն անցնում ենք աշխատանքի, հաճախ ստեղծվում են իրավիճակներ, երբ պետք է լինում գործընկերների բազմության մոտ ներկայացնել նոր գաղափար կամ կարծիք հայտնել։ Որոշ մասնագիտությունների դեպքում էլ ելույթներն անընդհատ են։

Եվ քանի որ բոլոր մարդիկ տարբեր են, ոմանց համար ելույթը հաճելի ու սիրելի գործ է, իսկ ոմանք սարսափում են այն մտքից, որ պետք է ուրիշ մարդկանց մոտ ինչ-որ բան բարձրաձայն ասեն։ Սա լավ կամ վատ չէ, պարզապես նախընտրության հարց է։

Ինչպե՞ս հաղթահարել հանրային ելույթի վախը

🟦 Մի փորձեք հանգստանալ ամեն գնով
Ընդունված է կարծել, որ պետք է անպայման հանգստանալ, սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ բռնի հանգստացումը, հակառակը, ավելի է վատացնում վիճակը։ Ավելի լավ է ինքներդ ձեզ խոստովանեք, որ հուզվում եք։ Ի դեպ, դա կարող եք անել նաև ելույթի սկզբում, նորմալ է ուժեղ էմոցիաներ ունենալը, դրանից պետք չէ ամաչել։ Խոստովանության միջոցով հուզմունքն ստանում է դրական կոնտեքստ ու չի խանգարում ձեզ։

🟦 Թեթև սպորտը կարող է օգնել
Եթե կարողանաք օրն այնպես կարգավորել, որ ելույթից առաջ թեթև մարզումներ լինեն, ապա հուզմունքի մասին կարող եք մոռանալ։ Մարզումը կօգնի թուլանալ և հանգստանալ, այն օգնում է հաղթահարել նյարդային լարվածությունը։ 

🟦 Նախապատրաստական աշխատանքներ տարեք
Լավ ելույթի գրավականը պատրաստված լինելն է։ Ասում են՝ Չերչիլն իր ելույթի ամեն րոպեն փորձում էր մեկ ժամ։ Սա, իհարկե, չի նշանակում, որ դուք էլ եք պարտավոր այդքան ժամանակ ծախսել, բայց նախապես մի քանի անգամ փորձելով ու ելույթը վարժ իմանալով կարող եք ոչ միայն հաղթահարել հուզմունքը, այլ նաև լավ արդյունք ունենալ։

🟦 Ձայնագրեք ելույթը
Գիտենք, սեփական ելույթի ձայնագրություն լսելն այդքան էլ հաճելի զբաղմունք չէ, բայց այն կօգնի տեսնել սխալները և շտկել դրանք։

🟦 Հետևեք շնչառությանը
Ըստ Քոուչ Քրիստին Շեֆերի՝ եթե կարողանաք ղեկավարել շնչառությունը, կկարողանաք ղեկավարել նաև այն, ինչ ասում եք։ Ելույթին նախապատրաստվելիս առաջին հերթին հղկեք շնչառությունը՝ շնչեք խորը և հանգիստ։ Դա կօգնի կենտրոնանալ և կարգավորել շնչառությունը։

🟦 Հայացքը լսարանին
Հուզմունքը կարող է առաջանալ նաև այն պատճառով, որ դուք չեք զգում ձեզ տվյալ պահին տվյալ տեղում, այլ ինչ-որ անկշռության մեջ եք։ Իրականության հետ կապը պահելու համար շատ կարևոր է հայացքով կապի մեջ լինել լսարանի հետ, նայել լսողների աչքերին։

Ինչպե՞ս պատրաստվել հանրային ելույթին

Հանրային ելույթը հաջողելու համար կան նախապատրաստական կարևոր կետեր, որոնց հետևելը կօգնի ձեզ ունենալ ցանկալի արդյունք։

🔷 Թեմայի ուսումնասիրություն
Որքան լավ ու խորապես գիտեք թեման, այնքան ավելի լավ ելույթ կունենաք, քանի որ չեք ընկճվի չիմացության և հարցերից վախենալու պատճառով։ Ուսումնասիրեք տարբեր աղբյուրներ, մասնագիտական կարծիքներ։

🔷 Շնորհանդեսի պատրաստում
Շնորհանդեսները կամ նույն պրեզենտացիաները ժամանակակից ելույթի անբաժան մասն են, այնպես որ ուշադիր եղեք դրանք պատրաստելիս։ Հաշվի առեք տեխնիկական առանձնահատկությունները, փորձեք չծանրաբեռնել սլայդերը մեծածավալ տեքստով, նախապատվությունը տվեք վիզուալ բացատրություններին։

🔷 Արտաքին տեսք
Ի՞նչ հագնել․ այս հարցի պատասխանը մեծապես կախված է այն բանից, թե ինչ լսարանի մոտ եք ելույթ ունենում, ինչ թեմայով և ինչպիսին է ընդհանուր կոնտեքստը։ Ցանկացած պարագայում հաշվի առեք հարմարությունը։ Չմոռանաք հաշվի առնել նաև ելույթի վայրի ջերմաստիճանը, որպեսզի ավելորդ անհարմարություններ չառաջանան։

Ելույթի մասին խոսելիս կցանկանայինք նաև ձեր ուշադրությունը դարձնել մեկ շատ կարևոր կետի՝ լսարանը դրական է տրամադրված, նրանք մեծամասամբ սպասում են ձեր խոսքին և չեն նկատի, եթե ելույթը կատարյալ չլինի։ Ձեր հանդեպ խստությունը միայն ձեր ուղեղում է, մի շտապեք լինել ամենախիստ քննադատը և ավելի թեթև մոտեցեք ելույթին։

Վստահ ենք, որ այս գիտելիքների շնորհիվ դուք կկարողանաք փարատել վախը և ունենալ իսկապես հաջողված և ձեր ակնկալիքները բավարարող ելույթ։

SHARE: