Job.am Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ինչպե՞ս պատրաստվել հարցազրույցին

26.01.2021 1289 դիտում

Շատերիս համար աշխատանքային հարցազրույցը կարևոր, բայց խիստ հուզումնալից երևույթ է։ Հուզմունքը շատանում է, եթե երկար եք աշխատանք փնտրել և հիմա հաջողությունից Ձեզ բաժանում է ընդամենը մեկ քայլ։

Իհարկե, աշխատանքային հարցազրույցը տարբեր տեսակի է լինում, դրանք երբեմն անց են կացնում ՄՌԿ մասնագետները, երբեմն՝ հենց տնօրենները։ Անկախ այն բանից, թե ով է «զրուցակիցը» հարցազրույցի ընթացքում, պետք է պահպանել զգոնությունն ու հավասարակշռությունը՝ հետևելով մի շարք պարզ կանոնների, որոնք կօգնեն հաղթահարել հարցազրույցը և ունենալ դրական արդյունք։

Եվ այսպես, եկեք ծանոթանանք այդ խորհուրդներին։

Checklist-ի կազմում


Հաստիքին դիմելիս, վստահ ենք, մանրամասն ծանոթացել եք պահանջներին։ Հիմա դրանց կրկին վերադառնալու ամենաճիշտ ժամանակն է։ Մինչ հարցազրույցը նորից ուսումնասիրե՛ք պահանջները, կազմե՛ք թեմաների checklist և ամբողջացրե՛ք՝ ինչ թեկնածու է պետք տվյալ ընկերությանը։ Այսպիսի մոտեցման շնորհիվ կկարողանաք ճիշտ շեշտադրումներ անել և պատմել Ձեր կրթության ու փորձի կարևոր կետերի մասին՝ մի կողմ թողնելով ավելորդ և ոչ կարևոր տեղեկատվությունը։ Օրինակ՝ դիմել եք անգլերենի բարձր մակարդակի իմացություն պահանջող հաստիքի, շատ կարևոր է պատմել հենց այդ փորձառության մասին, ոչ թե լուսանկարների Ձեր շնորհանդեսի։

Ուսումնասիրություններ


Ավելորդ չենք համարի կրկնել, թե որքան կարևոր է պոտենցիալ գործատուի մասին մանրամասն տեղեկատվության ուսումնասիրությունը։ Վստա՛հ եղեք, որ Ձեզ հարցնելու են, թե ի՞նչ գիտեք ընկերության մասին։ Համաձայնեք, որ կմկմոցն ու անտեղյակ հայացքը միանշանակ վատ տպավորություն կթողնեն, չէ՞ որ հետաքրքրված թեկնածուն պետք է իմանա, թե ու՞ր է դիմում։ Բացի դա՝ ընկերության մասին գիտելիքները թույլ կտան ճիշտ հարցեր տալ։ Ընկերությունների գերակշռող մասն ունի կայք կամ առնվազն ներկայացված է սոցիալական ցանցերում։ Ծանոթացե՛ք հասանելի տեղեկատվությանը՝ ամբողջապես պատկերացնելով այն ընկերությունը, որտեղ պատրաստվում եք աշխատել։

Հիմնական թեմաներ


Հարցազրույցների ժամանակ հարցերը հիմնականում կրկնվում են։ Մեր նախորդ նյութերից մեկում անդրադարձել ենք հաճախ հանդիպող հարցերին։ Դրանք վերաբերում են նախորդ աշխատանքից հեռանալուն, ինքնաներկայացմանը, ուժեղ և թույլ կողմերին։ Փորձե՛ք մտովի պատասխանել այդ հարցերին, որպեսզի թույլ կողմի մասին հարցը Ձեզ չշփոթեցնի։

Ակնկալիքներ


Մեծ հավանականությամբ՝ Ձեզ կհարցնեն ակնկալվող աշխատավարձի ու աշխատանքի անցնելու հնարավոր ժամկետների մասին։ Աշխատավարձի մասին խոսելիս հաշվի առեք շուկայական միջին աշխատավարձն ու այն, թե որքանո՞վ են Ձեր մասնագիտական հմտությունները համապատասխանում հաստիքին։ Կարևոր դեր է խաղում նաև փորձը․ սկսնակ մասնագետը չպետք է ակնկալի վարձատրվել այնքան, որքան տարիների փորձ ունեցողը։ Ինչ վերաբերում է ժամկետներին, դրանք պետք է համաձայնեցնել գործատուի հետ, եթե ունեք ընթացիկ աշխատանք։ Աշխատանքային պայմանագրերին համաձայն՝ կողմերն ունեն որոշակի պարտավորություններ, ծանոթացե՛ք այդ մանրամասներին՝ տհաճ միջադեպերից խուսափելու նպատակով։

Ներգրավվածություն


Շատ կարևոր է ցույց տալ, որ հետաքրքրված եք աշխատանքով ու ընկերությամբ։ Մի՛ սահմանափակվեք միայն պատասխաններով, ՄՌ մասնագետները նշում են, որ շատ կարևոր են համարում թեկնածուի հարցերն աշխատանքի վերաբերյալ։ Հարցրե՛ք այն, ինչ Ձեզ իսկապես հուզում է՝ հիշելով համապատասխանության մասին։ Եթե հարցազրույցի շատ փուլեր են լինելու, պետք չէ հենց առաջինի ժամանակ հարցնել վճարվող արձակուրդի մասին։ Պահեք այդպիսի հարցերն ավելի առարկայական քննարկումների համար։

Մի՛ վախեցեք


Հարցազրույցը քննություն չէ, այստեղ չկան միանշանակ ճիշտ կամ սխալ պատասխաններ։ Դուք պատասխանում եք այնպես, ինչպես մտածում եք, և դա շատ լավ է։ Պետք չէ անընդհատ մտքում պտտել հարցեր և փորձել գտնել դրանց ամենասրամիտ պատասխանները։ Լարվածությունը միայն կխանգարի, փորձեք հանգիստ ու հավասարակշռված լինել։

Անկեղծություն


Կարևոր է հենց սկզբից հասկանալ՝ համապատասխանո՞ւմ եք հաստիքին ու աշխատանքային մթնոլորտին, թե՞ ոչ։ Դրա համար պետք է առավելագույնս անկեղծ լինել ՄՌ մասնագետի հետ, հակառակ դեպքում մեծ է վտանգը, որ կհայտնվեք Ձեզ չհամապատասխանող միջավայրում և մեծ սթրես կապրեք։ Կարևոր է հիշել նաև ընդհանուր տրամադրվածության մասին․ եղե՛ք բարյացակամ, ժպտերես, անկեղծ՝ համեմելով այդ ամենը թեթև հումորով։ Ոչ ոք չի սիրում գործ ունենալ «ծանր» մարդկանց հետ։

Ինչպես տեսնում եք, խորհուրդները պարզից էլ պարզ են։ Փորձը ցույց է տալիս, որ անգամ իմպրովիզացիայի սիրահարներն, այնուամենայնիվ, նախընտրում են պատրաստվել հարցազրույցներին՝ այդպիսով ամրապնդելով ինքնավստահությունը, ինչն էլ բերում է լավ արդյունքների։

SHARE: