Ի՞նչն է զայրացնում գործատուին

17.09.2020 105 դիտում

Ի՞նչը կարող է ձախողել այդքան սպասված հարցազրույցը: Սեփական սխալների վրա սովորելը շահավետ տարբերակ չի այս դեպքում, քանի որ առաջին տպավորություն ստեղծելու համար երկրորդ հնարավորություն հավանաբար չես ունենա: Արի ծանոթանանք մի քանի հատկանիշների, որոնք ամենից շատն են զայրացնում գործատուներին:

Չափից դուրս անմիջականություն ու մտերմություն

Քո ընտանեկան պատմությունները, հոբբիներն ու զբաղմունքները գործատուի հետ զրույցի թեմաների լավագույն ընտրությունը չեն:

Փորձի՛ր վերլուծել հարցազրույցը գործատուի տեսանկյունից:

Գործատուին առավել հետաքրքրում են քո մասնագիտական գիտելիքները և դրանց օգտակարությունը կազմակերպության համար: Պատմիր քո մասնագիտական ձեռքբերումների, աշխատանքային փորձի, որակավորումների մասին, իսկ անձնական կյանքի մասին զրույցները կսպասեն քեզ ընկերների կամ հարազատների հետ սուրճի սեղանի մոտ:

Գրագետ և արդյունավետ հաղորդակցվելու հմտությունը անհրաժեշտ և ուշադրության արժանի որակ է: 

Սխալ ընտրված հագուստ

Արտաքին տեսքը հզոր հոգեբանական գործիք է առաջին տպավորություն ստեղծելու համար: Փորձիր այն ճիշտ կիրառել:

Քո ամենանորաձև հագուստները կխանգարեն ճիշտ տպավորություն թողնելուն: Այստեղ նախապատվությունը պետք է տալ ավելի հանգիստ և հասարակ, միևնույն ժամանակ՝ գործնական և կոկիկ տեսքին: Հետևիր նաև հագուստի գույների ընտրությանն ու համադրությանը: Շատ վառ ու ճչացող գույները, եթե անգամ վերջիններս համապատասխանում են նորաձևության վերջին ստանդարտներին, ճիշտ չեն ընկալվի գործատուի կողմից: Ընտրիր ավելի բնական և ներդաշնակ գույներ, իսկ չափավոր և նուրբ զարդերն ու շպարը կօգնեն ավելի ներկայանանալի տեսք ունենալ: Չ՞է որ ամեն մի մանրուք պատմում է քո անձի մասին:

Հիշի՛ր, որ հարցազրույցը նպատակին հասնելու (այս դեպքում՝ աշխատանքի ընդունվելու) միջոց է, այլ ոչ թե ինքնադրսևորվելու տարբերակ:

Լրջություն

Անտեղի անմիջականությունից խուսափելու համար պետք չէ դիմել մյուս ծայրահեղությանը: Չափից դուրս սառը և շատ լուրջ հայացքն ու պահվածքը չեն աշխատի քո օգտին: Արհեստական ժեստերն ու միմիկաները հեշտ նկատելի են գործատուի կողմից: 

Թեթև ժպիտն ու դեմքի հանգիստ արտահայտությունը կստեղծեն ավելի դրական կարծիք:

Անպարտաճանաչություն

Ի՞նչ կպատմի քո մասին առաջին իսկ հանդիպմանն ուշանալը։ Գործատուի համար դա կարմիր ազդանշանն է: Դժվար թե նա ցանկանա աշխատանքի ընդունել ոչ պարտաճանաչ աշխատակցի: Եթե անգամ շատ կարևոր կամ անսպասելի դեպքեր են տեղի ունեցել, կարող ես մեղմել իրավիճակը՝ նախապես զանգահարելով և տեղեկացնելով այդ մասին, իսկ տեղ հասնելուն պես չմոռանաս ներողություն խնդրել և փորձել հակիրճ բացատրություն տալ:

Ուշադիր եղի՛ր, առաջին տպավորությունը փոխելը շատ ժամանակ և ջանքեր է պահանջում:

Սուտ

Յուրաքանչյուր սուտ մի օր բացահայտվում է, մի կարծիր, որ երկար կթաքցնես այն: Եթե այնքան էլ լավ չես տիրապետում տվյալ աշխատանքի համար պահանջվող կարևոր հմտություններից որևէ մեկին, ավելի լավ է անկեղծորեն խոստովանել այդ մասին: Գործատուն պատրաստ կլինի քեզ սովորելու հնարավորություն տալ, եթե ազնիվ մոտեցում ցուցաբերես: Սուտն ու կեղծիքը նպատակին հասնելու լավագույն միջոցը չեն: Այստեղ նաև տեղին է հիշեցնել, որ քո ներկայացրած CV-ն պետք է համապատասխանի իրականությանը, որպեսզի ստիպած չլինես ստեղծված իրավիճակից դուրս գալու համար ստել:

Գործատուի համար մարդկային որակները մասնագիտական հմտությունների պես կարևոր են և միշտ ուշադրության կենտրոնում են։ Եթե մասնագիտական գիտելիքները կարելի է զարգացնել և կատարելագործել ժամանակի ընթացքում, ապա անձնային հատկանիշներն այդքան էլ հեշտ չէ փոփոխել։

Զինվի՛ր լավագույն որակներով, շտկիր թերությունները և վաղ թե ուշ կունենաս քո երազած աշխատանքը:

Հաջողություն ենք մաղթում: