3 միֆ Digital մասնագիտությունների մասին, որոնց հավատում են սկսնակները

29.06.2020 363 դիտում

  • Կարելի է արագ հարստանալ


Կյանքում արագ հարստանալ հնարավոր է՝ մասնակցելով վիճակախաղերի ու լոտոների։ Ինչ վերաբերում է աշխատանքին, ապա ցանկացած ոլորտում պետք է քրտնաջան աշխատել, կրթվել, կատարելագործվել, նոր որակավորումներ ստանալ, քանի որ աշխարհի դինամիկ զարգացման հրամայականը հենց դա է։

Digital ոլորտի վերաբերյալ սխալ պատկերացումները կապված են գովազդվող կերպարների հետ՝ գեղեցիկ երիտասարները կայանում են digital ոլորտում և միանգամից հարստանում։ Մարդկանց մեջ պտտվում է այն ասույթը, որ այսօր գումարը միայն digital ոլորտում է։ Այսպիսի կարծրատիպերն աղավաղում են իրականությունը։ Նախ՝ digital ոլորտում աշխատողները հիմնականում կախված են իրենց համակարգչից, ինչը վնասում է առողջությանը, և գերհոգնած են, ուստի գեղեցիկ գովազդային կերպարների հետ հիմնականում կապ չունեն։

Digital-ում գործում է մեկ մոդել՝ ուսուցում, ցածր վարձատրվող աշխատանք ու փորձի կուտակում, սխալների ուղղում, գործնական գիտելիքների պաշարի հարստացում, ինքնակատարելագործում։ Այս մոդելի վերջում սպասում է հաջողությունը։

 

  • Աշխատանքը ազատ գրաֆիկով է


Նախ՝ հստակ տարանջատենք ազատ գրաֆիկ և հեռավար աշխատանք հասկացությունները։ Ազատ գրաֆիկով աշխատում են ֆրիլանսերները, ովքեր աշխատում են պրոյեկտների վրա, կցված չեն մեկ հիմնական ընկերության, աշխատում են պատվիրատուի հետ համաձայնեցրած գրաֆիկով։

Հեռավար աշխատանքի դեպքում աշխատակիցները շարունակում են աշխատանքի մեջ լինել աշխատանքային սովորական ժամերի, աշխատում են մեկ կամ երկու ընկերության հետ և համարվում են լիարժեք աշխատակից։

Գովազդներում շատ ենք հանդիպում, որ digital ոլորտի մասնագետներն աշխատում են հեքիաթային կղզիներից, աշխատանքի ընդմիջումների ժամանակ լողում են օվկիանոսում և համեղ մրգեր համտեսում։ Այս գեղեցիկ պատկերը հիմնականում կապ չունի իրականության հետ, քանի որ մասնագետները հաճախ աշխատում են քնի ու հանգստի փոխարեն, ուր մնաց օվկիանոս վայելելը։

Ինչ վերաբերում է ֆրիլանս աշխատանքին, ապա այն շատ առավելություններ ունի, բայց լի է դժվարություններով և անկայուն է․

  • Չկան սոցիալական երաշխիքներ՝ կենսաթոշակային վճարումներ ոչ ոք չի անում, աշխատանքային ստաժ չի գրանցվում
  • Հանդիպում են խարդախ հաճախորդներ, որոնք աշխատանքի կատարումից հետո չեն վճարում գումարը
  • Անկանոն աշխատանքային օր
  • Գործնական քննարկումների, արտաքին մոտիվացիայի, շփումների բացակայություն

Բացի դա՝ ֆրիլանսերի համար շատ բարդ է լինում ստանալ մեծ պրոյեկտ, որը հենց լինում է խոշոր եկամտի աղբյուր։ Ֆրիլանսերներին հիմնականում դիմում են մանր ընթացիկ գործերի համար։

 

  • Digital-ը երիտասարդների համար է


Այս կարծիքին են հիմնականում ավելի ավագ սերունդների ներկայացուցիչները։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ նրանց համակարգիչներին, համացանցին ծանոթացել են արդեն հասուն տարիքում, որպես կանոն՝ բարդությամբ յուրացրել նոր տեխնոլոգիաները։ Երիտասարդները փոքրուց կիրառում են ժամանակակից տեխնոլոգիաներ և ավելի հեշտ են աշխատում նոր գործիքների հետ։

Այդուհանդերձ, digital-ում չկա տարիքային խտրականություն․ եթե մասնագետը հմուտ է, փորձառու, ապա նա կգտնի իր տեղը անգամ երիտասարդներից բաղկացած թիմում։

 

Ի՞նչ է digital-ն իրականում

Իրականում digital մասնագիտությունները շատ քիչ բանով են տարբերվում այլ ոլորտներից։ Աշխատանքը երբեմն հետաքրքիր է ու դինամիկ, երբեմն՝ ոչ այնքան։ Ծանրաբեռնվածությունը նույնն է, վարձատրությունը ևս շատ մեծ տարբերություն չունի։ Շփումները տարբեր մասնագետների, տարբեր հաճախորդների հետ կարող են լինել և՛ հաճելի, և՛ ոչ այնքան։

Միակ բանը, որ դարձնում է թվային մասնագիտությունները յուրահատուկ, զարգացման աննախադեպ տեմպն է։ Այստեղ ամեն ինչ ամեն օր փոխվում է, ծանոթ մեթոդները հնանում են և առաջ են գալիս նորերը։ Այս ամենը ստիպում է լինել ակտիվ, ուշադիր, ձեռքը զարկերակի վրա պահած։ Digital-ում պետք է սովորել և երբեք կանգ չառնել արդեն իմացածի վրա։