Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Խորհուրդներ դիմորդներին

Սոցիալական ցանցերն ու աշխատանքը

13.05.2020 | 2806 դիտում

Ժամանակակից աշխարհում դժվար է պատկերացնել ընկերություն, որը ներկայացված չէ սոցիալական որևէ հարթակում, ինչպես նաև շատ հազվադեպ են հանդիպում մարդիկ, ովքեր չունեն էջ որևէ սոցիալական ցանցում։ Ամբողջ աշխարհում ընդունված պրակտիկա է, երբ գործատուն կամ ՄՌ մասնագետը որոնում են աշխատանքի թեկնածուներին սոցիալական ցանցերում՝ նրա մասին հավելյալ տեղեկություններ ունենալու նպատակով։ Տեղեկություններից զատ՝ սոցիալական էջը շատ բան է ասում տիրոջ մասին։

«Odgers Berndtson» հավաքագրման ընկերությունը առանձնացրել է խորհուրդներ, թե ինչպես վերահսկել սոցիալական ցանցը և թույլ չտալ, որպեսզի այն վատ ազդի քո իմիջի վրա։

 

  • Որոնի՛ր քեզ համացանցում

Ամենայն հավանականությամբ, դու փորձել ես քեզ որոնել համացանցում։ Սա շատ կարևոր է, քանի որ որոնման արդյունքները հասանելի են ինչպես քեզ, այնպես էլ ապագա գործատուներին։ Լավ սովորություն կլինի կես տարին մեկ անգամ որոնել սեփական անունը համացանցում։ Այդպես դու կկարողանաս հսկել՝ ինչ են գրում քո մասին, ինչ տեղեկատվություն է հասանելի մյուս մարդկանց։

Քո մասին ոչ այդքան բարենպաստ նյութերն, օրինակ՝ քո մասնակցությամբ գործնական տհաճ միջադեպերը, կարող են քո մասին վատ տպավորություն ստեղծել, բայց համապատասխան միջադեպը  պարզաբանող նյութը կարող է ամեն ինչ ուղղել։

 

  • Գիտակցված գրառումներ

Սոցիալական ցանցի կարգավորումներում ընտրիր, թե ինչ լսարանի համար ես գրառում կատարում։ Այստեղ լավագույն տարբերակը ոսկե միջինն է, քանի որ ծայրահեղությունները վանող են՝ ամբողջովին փակ կամ ամեն ինչ հանրությանը հասանելի դարձնող էջերը կարող են բացասական ազդեցություն ունենալ։ 

Ինչ վերաբերում է գրառումների բովանդակությանը, առհասարակ, խորհուրդ է տրվում խուսափել վիճելի բովանդակությամբ տեքստերից ու պատկերներից։ Ծաղրական տեսանյութերը, սփամը, միանման լուսանկարները խոսում են այն մասին, որ դրանք հրապարակողն ու տարածողը չունի տարրական մեդիագրագիտություն։ Իսկ քաղաքական թեմաներով գրառումները կարելի է սահմանափակել քանակի առումով, այսպես թե այնպես համացանցը ողողված է ֆեյսբուքյան քաղաքական գործիչներով, նրանց շարքերը լրացնելն իմաստ չունի։

 

  • Լուսնակարների նրբություն

Ոչինչ չի կարող քեզ խանգարել լինել դասախոս, բայց ազատ ժամանակդ անցկացնել փաբերում ու գիշերային ակումբներում։ Սա բացառապես քո անձնական կյանքն է, բայց այդպիսի ժամանցային լուսանկարները չպետք է լինեն հանրության հասանելիության շրջանակում։

Գլխավոր լուսանկարի ընտրությունը շատ կարևոր է․ անցել է շունիկ-փիսիկների լուսանկար տեղադրելու ժամանակաշրջանը, պետք չէ թաքնվել համացանցային նկարների հետևում։

Սելֆիների հանդեպ սերը պետք է փոքր-ինչ զսպել՝ տուրք չտալով միանման դիրքով, միանման դեմքի արտահայտությամբ լուսանկարների շքահանդես ստեղծելուն սոցիալական ցանցում։

 

 

  • Ագրեսիվ վարք

Ոչ մեկի համար նորություն չէ, որ այսօր համացանցում, մանավորապես ֆեյսբուքյան տիրույթում, շատ սուր է կանգնած ագրեսիվության և ատելության քարոզի հարցը։ Սա, իհարկե, հիմնականում քաղաքական ենթատեքստ ունի, բայց առաջացնում է լուրջ մտավախություններ։ Միմյանց հասցեին ուղղված վիրավորանքները, սպառնալիքները, հայհոյանքները դարձել են առօրյայի մի մաս, բայց դա պետք է կանգնեցնել։ Երբ մասնագետն է իրեն նման վարքագիծ թույլ տալիս, դա միանշանակ բացասաբար է ազդում նրա իմիջի վրա և կարող է դառնալ հիմնավոր պատճառ՝ աշխատանքի չընդունելու համար․ ոչ ոքի պետք չեն ագրեսիվ ու անհավասարակշիռ աշխատակիցներ։

 

  • Տեղեկատվության բացակայություն

Եթե դու սահմանափակել ես քո մասին ամբողջ տեղեկատվությունը, կարող է տպավորություն լինել, որ թաքցնելու բան ունես։ Ավելորդ թյուրըմբռնումները կարելի է բացառել սոցիալական հարթակներում զուսպ ու գրագետ ներկայացվածությամբ։

 

  • Հարաբերություններ գործընկերների հետ

Քո գործընկերների հետ կազմակերպիր քննարկումներ, տեղադրիր նրանց հետաքրքրող կոնտենտ, ինչը հնարավորություն կտա ստեղծել փոքրիկ նեթվորքինգ։

 

Լավագույն սոցիալական ցանցը

Ո՞ր սոցիալական ցանցն ընտրել․ այս հարցը շատ ակտուալ է, քանի որ սոցիալական ցանցերի թիվը գնալով աճում է։ Գործնական կերպարի համար ամենահամապատասխանը կլինի LinkedIn-ը, որի տարածվածությունն անընդհատ աճում է։ Լրացրո’ւ LinkedIn-ը, պարբերաբար թարմացրո’ւ տեղեկատվությունը։ 

LinkedIn-ում կարելի է տեղադրել ոչ միայն տեղեկատվություն, այլ նաև ցույց տալ մասնագիտական գիտելիքները՝ հրապարակելով հոդվածներ, վերլուծություններ կամ հանգամանորեն ներկայացնելով սեփական մասնագիտական կարծիքը այս կամ այն հարցի վերաբերյալ։

Սոցիալական ցանցերը մտել են մեր առօրյա և չեն պատրաստվում լքել այն։ Ամբողջ տեղեկատվությունը, որ կա այնտեղ, կարող է և՛ օգնել մեզ, և՛ վնասել, այդ իսկ պատճառով պետք է զուսպ լինել և լուրջ մոտենալ այդ հարթակներին։

Կհետաքրքրեն նաև