3 կարևոր հարց` աշխատանքը փոխելուց առաջ

08.04.2020 396 դիտում

Մի քանի տարի է՝ աշխատում ես շատ հարգելի կառույցում, քեզ այնտեղ բոլորը ճանաչում են, սիրում են ու դարձել են քեզ ընկեր։ Աշխատավարձից չես դժգոհում, ամեն ինչ կարծես կարգին է, բայց ուզում ես փոխել աշխատանքդ, քանի որ այն չի բավարարում քեզ մասնագիտական առումով։ Ընկերներդ, ամենայն հավանականությամբ, քեզ չեն հասկանում, չէ՞ որ լավ ու կայուն աշխատանք ունես, ի՞նչն է պակաս։

Կամ մեկ այլ սցենար․ երբ ընդունվում էիր ընկերություն աշխատանքի, սկսնակ էիր, համաձայնում էիր բոլոր առաջարկվող պայմաններին։ Անցել է 2-3 տարի, հիմա դու զգում ես, որ քեզ մոտ աշխատանքը շատ լավ է ստացվում, բայց ղեկավարության հետ բանակցությունները մտնում են փակուղի. ինչպես պայմանավորվել էիք ամենասկզբում, այդպես էլ աշխատում ես, ոչ ոք չի պատրաստվում վերանայել քո աշխատավարձը կամ ծանրաբեռնվածությունը։

Իրավիճակները տարբեր են, մարդիկ՝ նույնպես։ Բայց պետք է հիշել մի պարզ բան՝ եթե զգում ես, որ չես ցանկանում աշխատել այդ ընկերությունում կամ այդ հաստիքով, պետք է չվախենաս փոփոխություններից և անես այդ որոշիչ քայլը։

Աշխատանք փոխելը շատ բարդ ընթացք ունի՝ սկսած նոր աշխատանք որոնելուց մինչև ղեկավարությանը որոշմանդ մասին հայտնելը։ Սկզբում անընդհատ հետաձգում ես CV-իդ թարմացումը, հետո երկար մտածում ես՝ դիմե՞լ, թե՞ ոչ, չէ՞ որ վերջին հաշվով ունես աշխատանք։ Այս պահին պետք է հիշել, որ մեր ուղեղը պարզապես պաշտպանում է մեզ․ այդ գործողությունները դուրս են մղելու մեզ կոմֆորտի գոտուց, իսկ ուղեղը փորձում է պահպանել կտրուկ տատանումներից ու փոփոխություններից։

Եթե ունես հոգիդ կրծող մտքեր, բայց տատանվում ես՝ փոխել աշխատանքդ, թե ոչ, ահա 3 հարց, որ պետք է տաս ինքդ քեզ ու առավելագույնս ազնիվ լինես պատասխանների մեջ։

 

 

Ինչո՞ւ ես որոշել փոխել աշխատանքդ


Նախևառաջ պետք է հասկանալ, թե որն է աշխատանքը փոխելու գլխավոր շարժառիթը։ Հնարավոր է՝ քո աշխատանքի արդյունավետության վրա ազդող հանգամանքները կարելի է չեզոքացնել՝ զրուցելով ղեկավարության հետ։ Կամ էլ գլխավոր պատճառը, որը ստիպում է փոխել աշխատանքը, հենց ղեկավարությունն է։ Չենք բացառում նաև մասնագիտական առումով բավարարվածության պակասը։ Երբ բացահայտես քեզ խանգարող հանգամանքը, պարզ կլինի՝ կարելի՞ է այն չեզոքացնել, գտնել փոխզիջումների տարբերակներ, թե՞ միակ ելքն աշխատանքը փոխելն է։

 

Ո՞րն է քո նպատակը


Հաջորդ հարցը կապված է քո նպատակների հետ։ Տարբեր ոլորտներ և տարբեր ընկերություններ ունեն իրենց կանոնները, որոնք պետք է համադրես քո ցանկությունների հետ՝ գտնելով լավագույն տարբերակը։

  • Ո՞ր ոլորտն է քեզ հետաքրքիր
  • Կողմնորոշված ես դեպի մասնավո՞ր, թե՞ պետական սեկտոր
  • Ի՞նչ հաստիք է քեզ գրավում
  • Աշխատանքային ինչպիսի՞ գրաֆիկ ես նախընտրում՝ կայուն, ճկուն, ֆրիլանս
  • Ուզում ես թիմայի՞ն աշխատանք, թե՞ ինքնուրույն

Հարցերը կարելի է շարունակել՝ քեզ համար կարևո՞ր է լինել գրանցված աշխատող, պատրա՞ստ ես աշխատել աշխատաժամերից դուրս, թե՞ ոչ և այսպես շարունակ։

Երբ ունենաս այս հարցերի պատասխանները, պարզ կլինի, թե ինչ ուղղությամբ է պետք շարժվել։

 

Ի՞նչ է պետք անել


Առաջին հերթին պետք է մանրամասն ուսումնասիրել այն աշխատանքը, որին դիմում ես, եթե որոշել ես կտրուկ փոխել մասնագիտությունը։ Հաճախ պատկերացումներն ու իրականությունը չեն համընկնում, ինչն էլ դառնում է աշխատանքը չսիրելու պատճառ։ Զրուցիր մասնագետների հետ, պարզիր բոլոր դրական և բացասական կողմերը՝ հետագա հիասթափությունից խուսափելու համար։

Նույն մասնագիտությամբ աշխատելու համար ավելորդ չի լինի անցնել վերապատրաստումներ, նոր որակավորումներ ստանալ։ Դրանք քեզ ավելի մրցունակ կդարձնեն՝ ազդելով նաև աշխատավարձի չափի վրա։

Եթե որոշել ես նոր ոլորտ թևակոխել, պետք է պատրաստ լինես սկսնակ լինելուն, ինթերնշիփ անցնելուն։ Նոր աշխատանքի առաջին ամիսները դժվար են լինելու, շատ են լինելու սխալներն ու նկատողությունները, որոնք պետք է պատվով ընդունել և հաղթահարել։

Աշխատանք փոխելու համար երբեք ուշ չէ։ Բոլորս ունենք որոշակի պարտավորություններ, հիմնականում՝ ֆինանսական, որոնք թույլ չեն տալիս մեզ ցանկացած պահի կամայական որոշումներ կայացնել։ Այդուհանդերձ, եթե իսկապես զգում ես, որ այլևս չես ցանկանում աշխատել նույն կերպ՝ նույն վայրում, նույն մարդկանց հետ, նույն մասնագիտությամբ, պետք է նախապատրաստվել և գնալ այդ քայլին։

Հիմա, երբ COVID-19 վարակի պատճառով կյանքը կարծես կանգ է առել, դու ունես ազատված ժամանակ, որը պետք է ծախսես կատարելագործվելու վրա։ Այո, դրա մասին բոլորն են ասում։ Եթե որոշել ես փոխել քո աշխատանքը, հիմա լավագույն ժամանակն է նախապատրաստվելու․ ուսումնասիրիր աշխատաշուկան, նոր գիտելիքներ ձեռք բեր՝ անցնելով օնլայն դասընթացներ։ Օգտվի՛ր հնարավորություններից։

Կա մեկ ճշմարտություն՝ աշխատանքը պետք է հաճույք բերի։ Այն խլում է շատ ռեսուրսներ, և գումարից բացի՝ պետք է հոգևոր բավականություն բերի։