Գործատուն օգտագործում է հարցազրույցը՝ հասկանալու համար, թե ինչպիսի հմտություններ ու խառնվածք ունես, որքանով ես համապատասխանում տվյալ հաստիքին և ընկերության մշակույթին, արժեհամակարգին։
Ի՞նչ է պետք հարցազրույցը գլուխ բերելու համար։ Առաջին հերթին պետք է հասկանալ, թե հարցազրույցների ինչ տեսակներ կան։
Ավանդական կամ կառուցվածքային հարցազրույց
Հարցազրույցի ամենատարածված տեսակն ավանդականն է․ այն երկխոսություն է թեկանծուի և գործատուի միջև և կառուցվում է հարցուպատասխանի տրամաբանությամբ։
Ինչպե՞ս նախապատրաստվել և հաղթահարել
- Գործատուի մասին տեղեկատվություն հավաքել
- Պատրաստել ինքնաներկայացնող կարճ ելույթ
- Հմտությունների մասին պատմելիս բերել օրինակներ՝ ինչ խնդրի դեպքում ինչ ես ձեռնարկել
- Չքննարկել նախորդ աշխատավայրը, նախկին ղեկավարին, միայն դրական արձագանքել նրանց վերաբերյալ
- Ընտրել և տեսքի բերել այն հագուստը, որով ներկայանալու ես
- Նախորդող երեկոն հանգիստ անցկացնել, լավ քնել
Հեռախոսով հարցազրույց
Բովանդակային առումով սա սովորական հարցազրույց է, բայց սահմանափակում է թե՛ գործատուին, թե՛ թեկնածուին։ Հնարավոր չէ օգտագործել մարմնի լեզուն, դիմախաղը, հագուստը․ տպավորություն կարելի է գործել բացառապես խոսքով և ձայնով։
Ինչպե՞ս նախապատրաստվել և հաղթահարել
- Պատրաստել պարզ, հակիճ ու բովանդակալից տեքստ՝ շեշտը դնելով փորձի, հմտությունների վրա
- Օրինակներ բերել, թե ինչ խնդիրներ ինչպես ես հաղթահարել
- Եթե զանգի վերաբերյալ նախնական պայմանավորվածություն չի եղել, և քեզ այդ պահին անհարմար է խոսել, խնդրիր հետաձգել հարցազրույցը
- Աշխատիր ձայնի վրա, խոսիր մի փոքր դանդաղ, մտածված, ավարտին հասցրու միտքդ, նախադասությունները մի ձգձգիր և ուշադրություն դարձրու խոսքի տրամաբանությանը, մտքից միտք մի թռչիր
- Նախապես մտածիր այն մասին, թե որտեղ ես պատասխանելու հեռախոսազանգերին․ անաղմուկ սենյակը կլինի լավագույն ընտրությունը
Խմբային հարցազրույց
Այսպիսի հարցազրույցը տեղի է ունենում ընկերության ներկայացուցչի և մի քանի թեկնածուների միջև։ Հարցազրույցի առանձնահատկությունն այն է, որ գործատուն ուշադրությունը չի կենտրոնացնում մեկ թեկնածուի վրա, և պետք է որոշակի մրցակցության մեջ լինել մյուս թեկնածուների հետ։ Հաճախ լինում են խմբային հանձնարարություններ։
Ինչպե՞ս նախապատրաստվել և հաղթահարել
- Կարևոր է հիշել, որ խմբային հարցազրույցի ժամանակ գնահատվում է ոչ միայն շփումը գործատուի, այլ նաև մյուս թեկնածուների հետ։ Նրանց դիտարկիր որպես ապագա գործընկեր, անգամ մի փոքր թշնամանքը նկատելի կլինի և քո մասին բացասական կարծիք կստեղծի
- Հանձնարարությունների կատարման ժամանակ ևս ցուցաբերիր թիմային մոտեցում, եթե ունես լիդերի հատկանիշներ, փորձիր դառնալ խմբի լիդերը
Բարիդրացիական հարաբերություններ պահպանիր ցանկացած իրավիճակում
Պանելային հարցազրույց
Պանելային հարցազրույցն անց է կացվում մեկ թեկնածուի և ընկերության մի քանի ներկայացուցիչների միջև․ նրանք կարող են լինել ղեկավարը, HR-ը, բաժնի վարիչներ կամ team lead-եր և այլն։
Ինչպե՞ս նախապատրաստվել և հաղթահարել
- Փորձիր հիշել ներկաների անունները և դիմել այդպես
- Խոսելիս նայիր և դիմիր բոլորին, մի սևեռիր ուշադրությունդ միայն մեկի վրա
- Կարող են դիտմամբ ստեղծվել սթրեսային իրավիճակներ, քեզ հավասարակշռված և զուստ դրսևորիր
- Մի փորձիր բոլորին դուր գալ, շողոքորթներին ոչ ոք չի սիրում
Հարցազրույց տեսակապով
Տեսակապով հարցազրույցի ժամանակ շատ կարևոր է նաև հոգ տանել սենյակի մասին կամ առնվազն սենյակի այն հատվածի, որը տեսանելի կլինի գործատուին։ Թափթփված սենյակն ու տնական հագուստը կարծես հուշում են գործատուին, որ այդքան էլ հետաքրքրված չես աշխատանքով կամ պարզապես անտարբեր ես մանրուքների հանդեպ, իսկ դա միանշանակ բացասական կնկարագրի քեզ։
Ինչպե՞ս նախապատրաստվել և հաղթահարել
- Նախապես ստուգիր սարքավորումները՝ տեսախցիկը, բարձրախոսը պետք է լավ աշխատեն և չստեղծեն ավելորդ խոչընդոտներ
- Սենյակը տեսքի բեր
- Հոգ տար այն մասին, որ քեզ չընդհատեն տան անդամները, եթե տանից ես զրուցելու։
- Երեխաները, կենդանիները չպետք է հայտվեն հարցազրույցի կեսից և շեղեն քո ուշադրությունը
- Տեսախցիկի դիրքը․ գործատուն պետք է տեսնի քո երեսը, իրանը, այն շատ մոտ կամ շատ հեռու մի տեղադրիր
- Հագնվիր այնպես, ինչպես կհագնվեիր ավանդական հարցազրույցի ժամանակ
- Տեխնիկական խնդիրների դեպքում մի քանի րոպե դադար խնդրիր
- Նայիր տեսախցիկին, այդպես կենդանի շփման տպավորություն է ստեղծվում
- Մի շեղիր ուշադրությունդ այլ նամակների, տեսահոլովակների վրա, կենտրոնացիր բացառապես հարցազրույցի վրա:
Անկախ հարցազրույցի տեսակից՝ դու պետք է առանցքում պահես քո գիտելիքը, փորձը, հմտությունները։ Սեփական առավելությունների և թերությունների մասին օբյեկտիվ պատկերացումը զինում է քեզ և օգնում հաղթահարել ցանկացած հարցազրույց։