PR մանագետների պահանջարկը Հայաստանում

10.04.2018 2571 դիտում

Երկու տասնամյակ առաջ քչերին կհետաքրքրեր սեփական բիզնեսի, կազմակերպության գրագետ ու ճիշտ PR-ը, սակայն այսօր շատերը սկսել են գնահատել PR մասնագետների կատարած աշխատանքն իրենց գործի կայացման ու զարգացման համար:

PR  դաշտի ձևավորման, մասնագետների պահանջարկի և համապատասխան որակների մասին զրուցել ենք  «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ի նախագահ, հասարակական գործիչ, լրագրող Աստղիկ Ավետիսյանի հետ:

 

-Տիկին Ավետիսյան, PR-ը, լինելով բավական նոր ոլորտ Հայաստանում, որքանո՞վ է հետաքրքրում երիտասարդներին:

-Պետք է ասեմ , որ Հայաստանի անկախությունից հետո ձևավորվեց  PR  մշակույթը, և սկսեցին ի հայտ գալ մասնագետներ, սակայն նրանք չունեին համապատասխան կրթություն՝ լրագրողներ էին, հաղորդակցության ոլորտում փորձ ունեցողներ կամ մարքեթինգով զբաղվող մարդիկ:Հետո, իհարկե,  ստեղծվեց մասնագիտական դաշտ.սկզբում հետաքրքրվողների ակտիվությունը քիչ էր, սակայն այսօր շատերն են ցանկանում զբաղվել PR-ով, այն բավական  ժամանակակից մասնագիտություն է դարձել և դրա պահանջարկը երիտասարդների շրջանում իսկապես մեծ է. օրինակ՝ ատամնաբույժ տղան հետաքրքրվում է PR-ով  և հետագայում օգտագործում այդ հմտությունները ճիշտ ինքնաներկայացման համար:

-Մասնագիտական դաշտի ստեղծման կարևորագույն նախդրյալը թերևս  որակյալ կրթությունն է. Ձեր կարծիքով այսօր այն ապահովված է երիտասարդ մասնագետներ պատրաստելու համար:

-Այո, օրինակ՝  ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետն ունի համապատասխան ուղղվածությամբ մագիստրատուրա և պատրաստում է մասնագետներ, որոնք ուսանելու տարիներից արդեն աշխատում և ոլորտում մրցունակ են դառնում: Սա բավականին լավ ցուցիշ է և փաստում է, որ այս մասնագիտության զարգացումը մեծ թափ է ստանում:

-Հատկապես PR մասնագետների դեպքում գործատուները շատ են կարևորում փորձի առկայությունը. ինչպե՞ս երիտասարդները լրացնեն դրա բացը այս ոլորտում:

-Այսօր կան  լավ ձևավորված ինստիտուտներ, որոնք հնարավորություն են տալիս լրացնել փորձի պակասը. օրինակ՝ «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ն 6-12 ամսով հնարավորություն է տալիս երիտասարդներին ձեռք բերել պրակտիկ փորձ և մասնագիտական հմտություններ:Համալսարանական կրթության մեջ ևս կիրառվում է ոչ ֆորմալ կրթության մոդելը. այսինքն գերակշռում են պրակտիկ աշխատանքները,սակայն դրան զուգահեռ կան կառույցներ,որտեղ կարելի է փորձ ձեռք բերել:

-Որպես PR մասնագետ, ի՞նչ խորհուրդներ կտաք աշխատանք փնտրող երիտասարդներին՝ գործատուներին լավագույնս ներկայանալու համար:

- Մասնագիտական մի հետաքրքիր միտք կա. մուտք գործելուց հետո 21 վայրկյանի ընթացքում եթե կարողանաս ազդեցություն գործել, ապա կհաղթահարես հարցազրույցը: Թերևս ամենակարևորը հետաքրքիր մուտքն է. պետք է լինել վստահ, պատրաստված, բարեհամբույր:Շատ կարևոր է հստակ ձևակերպել սեփական անձի մասին մասնագիտական տեղեկատվությունը:Հագուստը, մազերը ևս շատ կարևոր են. ամեն ինչ պետք է լինի կոկիկ, համեստ, ոչ այդքան աչքի ընկնող, քանի որ դա կարող է շեղել մասնագիտական որակների  ճիշտ գնահատման ժամանակ:

-Մենք խոսեցինք աշխատանք փնտրող կողմի մասին, կցանկանայի հարցնել՝ ի՞նչ խնդիրների և դժվարությունների կարող են հանդիպել գործատուները՝ մասնագետների որոնման  ճանապարհին:

-Մեծագույն խնդիրը, որին ես առնչվել եմ՝ որպես գործատու, եղել է այն, որ աշխատանք փնտրող նույնիսկ գրագետ մարդիկ չունեն նախաձեռնողականություն, պահանջվող հմտություններ. գուցե խնդիրը ուսումնառության տարիներից է գալիս, այսինքն բուհերը պատրաստում են մասնագետներ, որոնք չունեն ստեղծագործ միտք:Բավական լավ ինքնակենսագրականով մարդիկ կոնկրետ իրավիճակում չեն կարողանում արդարացնել իրենց:Այս խնդրից խուսափելու համար խորհուրդ եմ տալիս երիտասարդներին զբաղվել կամավորությամբ:Իմ օրինակով կարող եմ ասել, որ կամավորական աշխատանքը տալիս է լավ շրջապատ, ընկերներ, ինչի արդյունքում ես կարողացել եմ գտնել իմ գործը:

Կամավորական աշխատանքը իսկապես լայն դռներ է բացում: