Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Բիզնես և մարքեթինգ

Աշխատաշուկան 2024-ին․ զարգացման 5 միտումներ, որոնք անհնար է անտեսել

17.12.2023 | 5350 դիտում

Աշխատաշուկան անընդհատ փոփոխվում է, և որքան զարգանում են տեխնոլոգիաներն, այնքան ավելի արագ։ Եթե ոչ վաղ անցյալում աշխատանք ասելով հասկանում էինք աշխատավայրում ժամը 9-ից մինչև 6-ը գտնվելը, իսկ նախորդ սերնդի համար ամբողջ կյանքում միևնույն կազմակերպությունում աշխատելը բավականին հաճախ հանդիպող երևույթ կարող էր լինել, ապա այսօր այս պատկերը էական փոփոխություններ է կրել։

 

Իսկ ի՞նչ ակնկալել հաջորդ տարի աշխատաշուկայում և ո՞ր միտումները կլինեն գերակշռող․ այս մասին է մեր այսօրվա բլոգը։

 

AI տեխնոլոգիաներ

 

 

Բեկումնային փոփոխություններ բերող տեխնոլոգիաների, մասնավորապես արհեստական բանականության (AI) ազդեցությունը կզգացվի ավելի քան երբևէ, քանի որ վերջիններիս ինտեգրման արագությունն ամբողջ աշխարհում մեծանում է։

 

Անշուշտ հիշում եք արհեստական բանականությամբ օժտված համակարգերի, մասնավորապես ChatGPT-ի հրապարակումից հետո ծավալված տագնապալի քննարկումներն այն մասին, որ նման տեխնոլոգիաները եկել են փոխարինելու մարդկանց։ Թեև շատ արագ նման տեսակետները հերքվեցին, սակայն մի բան այս պահին հստակ է՝ AI-ը չի փոխարինի աշխատակիցներին, սակայն այն մարդիկ, ովքեր կարող են օգտագործել AI-ը, կփոխարինեն նրանց, ովքեր չեն կարող դրանք կիրառել։

 

Արհեստական բանականության գործիքներն արագ զարգանում են՝ առաջարկելով լուծումներ, որոնք կարող են մեծացնել արդյունավետությունը գրեթե ցանկացած ոլորտում՝ տարբեր առաջադրանքներ կատարելիս: Պետք է հիշել, որ արհեստական բանականությամբ օժտված գործիքներ կիրառելիս նախ անհրաժեշտ է հասկանալ սահմանափակումները և իմանալ, թե որտեղ կարող են դրանք օգտագործվել և որտեղ է հարկավոր մարդու անմիջական մոտեցումը։

 

Job.am-ը ևս մշտապես կիրառում է նորագույն տեխնոլոգիաները՝ աշխատանք փնտրողների և մասնագետներ որոնողների միջև հնարավորինս արդյունավետ կապ ապահովելու նպատակով։ Անցնող տարում ներկայացրինք արհեստական բանականությամբ օժտված մեր գործիքակազմը, որն այժմ կատարելագործման փուլում է և հաջորդ տարի օգտատերերին կներկայանա ավելի հզորացված տարբերակով։

 

Աշխատանքի թվայնացում

 

 

Ակնկալվում է, որ 2024 թվականին կշարունակվեն աշխատաշուկայի վրա այնպիսի միտումների ազդեցությունները, որոնց ականատեսն ենք լինում վերջին տարիներին և որոնք մեծապես կապված են տեխնոլոգիական առաջընթացի հետ։ Ենթադրվում է, որ տարբեր ոլորտներում շարունակվող թվայնացման գործընթացը կազդի բոլորի վրա, նույնիսկ նրանց, ովքեր գործունեություն չեն ծավալում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում և ի պաշտոնե չեն իրականացնում դրանց հետ կապված գործառույթներ։

 

Տվյալահեն աշխատանք

 

 

Սա ենթադրում է տվյալների և վերլուծությունների լայնածավալ օգտագործում որոշումների կայացման, կատարողականի բարելավման և արդյունավետության բարձրացման նպատակով: Այն ներառում է տվյալ ոլորտի հետ կապված տարբեր աղբյուրներից տվյալների հավաքագրում, վերլուծություն և օգտագործում՝ թվային գործիքների լայն կիրառմամբ: 

 

Նախատեսվում է, որ գալիք տարում տվյալահեն մոտեցումը ավելի լայն տարածում կգտնի ամենատարբեր ոլորտներում։ Բացառություն չի լինի նաև HR ոլորտը։ Նման միտումներին ի պատասխան e-hr.am հարթակը մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետներին ներկայացնում է իր գործիքակազմը, որի շնորհիվ կարելի է հեշտությամբ ապահովել հավաքագրման ոլորտում տվյալահեն որոշումների կայացման հնարավորությունները։ Հարթակը ոչ միայն ավտոմատացված գործիքակազմի միջոցով պարզեցնում է HR գործընթացներն, այլև հնարավորություն է տալիս չափել և գնահատել հավաքագրման գործընթացները և օգտագործել ստացված վիճակագրական տվյալները՝ մարդկային ռեսուրսների կառավարման ռազմավարություններն օպտիմալացնելու նպատակով։

 

Աշխատավայրի ապակենտրոնացում

 

 

Մի քանի տարի առաջ հեռավար աշխատանքը մեզանից շատերի համար պարտադիր ձևաչափ դարձավ, իսկ այսօր շատ հաճախ մենք կարող ենք ընտրել՝ հեռավար ենք ուզում աշխատել, թե ոչ։ 

 

Այսօր արդեն իսկ շատ կազմակերպություններ տաղանդներին աշխատանքի ձևաչափի ընտրության հնարավորություն են տալիս։ Յուրաքանչյուր անձի համար աշխատանքի հարմարավետ պայմանները խիստ սուբյեկտիվ են։ Կան մարդիկ, ովքեր կենտրոնանում են միայն գրասենյակում՝ շրջապատված աշխատանքային միջավայրով, իսկ ուրիշները կարող են առավելագույն արդյունավետությամբ աշխատել նաև տնից՝ այդպես իրենց ավելի հարմարավետ զգալով և չծախսելով ավելորդ ժամանակ աշխատավայր հասնելու համար։ 

 

Չնայած հեռավար աշխատանքի բոլոր առավելություններին, այն ունի նաև որոշակի թերություններ։ Այդ պատճառով էլ, թերևս, կանխատեսումների համաձայն՝ 2024 թվականին մեզանից շատերը կընտրեն հիբրիդային աշխատանքային ձևաչափը՝ համատեղելով դեմ առ դեմ աշխատանքային միջավայրի ընձեռած համագործակցության հնարավորությունները և հեռավար աշխատանքի ճկունությունը։

 

Գործատուի բրենդ

 

 

Կազմակերպությունները հասկանում են, որ այսօր հաճախորդների հետ դրական հարաբերությունների հաստատման և պահպանման համար առանցքային դեր ունի իմիջը: Նույն կերպ, նրանք այժմ ավելի ու ավելի են կարևորում նաև իրենց՝ գործատուի իմիջը։ Միայն բարձր աշխատավարձը բավարար չէ լավագույն մասնագետներին կազմակերպությունում երկարաժամկետ ներգրավելու համար։ Հոգատարությունն աշխատակիցների նկատմամբ և նրանց՝ աշխատանք-անձնական կյանք հավասարակշռության կարևորումն ու այդ ուղղությամբ իրականացվող ծրագրերը, ինչպես նաև մասնագիտական աճի հեռանկարների ապահովումը մի քանիսն են այն քայլերից, որոնք ավելի կկարևորվեն գալիք տարում։

 

2024 թվականին աշխատաշուկան աչքի կընկնի դինամիկ զարգացումներով, որոնց պատրաստ լինելը հավասարապես կարևոր է ինչպես աշխատանք փնտրողների, այնպես էլ գործատուների համար: Այս միտումներին հարմարվելը հնարավորություն է տալիս անհատներին և կազմակերպություններին զարգանալ արագ փոխակերպվող մասնագիտական միջավայրում։

 

Կհետաքրքրեն նաև