Get our free app. It won't take up space on your device

Ինչպես հարցնել պաշտոնի բարձրացման հնարավորությունների մասին հարցազրույցի ժամանակ

Հարցազրույցը միայն գործատուի համար չէ, այն ձեր հնարավորությունն է՝ տալու այն բոլոր հարցերը, որոնք կարևոր են ձեզ համար՝ այդ թվում կապված ձեր մասնագիտական երկարաժամկետ նպատակների հետ։ Այդպիսի հարցերից մեկն էլ մասնագիտական աճին է վերաբերում։ Այսօրվա մեր բլոգում կներկայացնենք, թե ինչպես հարցնել տվյալ պաշտոնում առաջխաղացման հնարավորությունների մասին հարցազրույցի ընթացքում։

 

Ինչու է կարևոր այս հարցը

Պաշտոնի բարձրացման մասին հարցնելը ցույց է տալիս, որ դուք մտածում եք երկարաժամկետ համագործակցության մասին, ձգտում եք զարգանալ և պատրաստ եք ինքներդ ներդրում ունենալ ընկերության աճի մեջ։ Գործատուների մեծ մասը դրական է վերաբերվում այն թեկնածուներին, որոնք կարիերային նպատակներ ունեն և ցանկանում են առաջ գնալ։

 

 

Որն է հարցնելու համար լավագույն պահը

Այս թեմային անդրադառնալու լավագույն պահը հարցազրույցի վերջն է, երբ ձեզ հնարավորություն են տալիս հարցեր ուղղել։ Այդպես դուք նախ լսում եք պաշտոնի և թիմի մասին հիմնական տեղեկությունը, այնուհետև խոսում զարգացման հեռանկարների մասին։

 

Ինչպես ձևակերպել հարցը

Անմիջապես «Ե՞րբ կարող եմ պաշտոնի բարձրացում ստանալ» հարցնելու փոխարեն ընտրեք ավելի նուրբ և պրոֆեսիոնալ տարբերակներ, օրինակ, «Ինչպիսի՞ զարգացման և առաջխաղացման հնարավորություններ կան այս պաշտոնում», «Ինչպե՞ս է ընկերությունը աջակցում աշխատակիցների կարիերային աճին», «Ի՞նչ հմտություններ կամ արդյունքներ են սովորաբար անհրաժեշտ հաջորդ մակարդակին անցնելու համար», «Կա՞ արդյոք հստակ ձևավորված կարիերայի ճանապարհ այս պաշտոնի համար»
Այս ձևակերպումները ցույց են տալիս, որ դուք պատրաստ եք աշխատել և զարգանալ, ոչ թե պարզապես սպասում եք պաշտոնի բարձրացման։

 

 

Ինչի վրա ուշադրություն դարձնել պատասխանը լսելիս

Գործատուի պատասխանը կարող է շատ բան պատմել ընկերության մշակույթի մասին։ Ուշադրություն դարձրեք, թե կա՞ն արդյոք հստակ աճի մեխանիզմներ, նշվո՞ւմ են կոնկրետ օրինակներ, խոսվո՞ւմ է աշխատակիցների վերապատրաստման մասին։ Եթե պատասխանները ընդհանուր են և անորոշ, հնարավոր է՝ աճի հնարավորությունները սահմանափակ լինեն կամ առհասարակ բացակայեն։

 

Պաշտոնի բարձրացման հնարավորությունների մասին հարցնելը ոչ թե համարձակություն է, այլ գիտակցված մոտեցում սեփական կարիերային։ Ճիշտ ձևակերպված հարցը ցույց է տալիս ձեր լրջությունը, մոտիվացիան և երկարաժամկետ մտածողությունը։ Հենց այս հատկություններն են գործատուները փնտրում իրենց ապագա թիմակիցների մեջ։

You may also like