Get our free app. It won't take up space on your device

Ինչպես ճիշտ արձագանքել քննադատությանը աշխատավայրում

Քննադատությունն աշխատանքի անխուսափելի մասն է։ Երբ ինչ-որ բան չի համապատասխանում սպասումներին, մենք հաճախ արձագանքում ենք զգացմունքային կերպով՝ պաշտպանվում ենք, սկսում ենք արդարանալ կամ պարզապես պարփակվում մեր մեջ։ Սակայն քննադատությանը ճիշտ մոտենալը հասուն մասնագետի կարևոր հմտություններից մեկն է։ Այն օգնում է սովորել սխալներից, պահպանել առողջ մթնոլորտ թիմում և աճել մասնագիտորեն։

Ինչպե՞ս անել, որ քննադատությունը դառնա ոչ թե սթրեսի աղբյուր, այլ զարգացման հնարավորություն․ այս մասին է մեր այսօրվա բլոգը։

 

Նախ կանգ առեք

Թեկուզ քննադատությունը հնչում է խիստ կամ անարդար, մի պատասխանեք անմիջապես։ Կանգ առեք, շնչեք խորն ու հանգիստ, և եթե պետք է արձագանքել՝ պարզապես ասեք.
«Ես ձեզ լսում եմ»։ Զգացմունքները բնական են, բայց կարևոր է նախ լսել, հետո արձագանքել։

 

Լսեք մինչև վերջ

Մի ընդհատեք, մի փորձեք բողոքել կամ հակառակը պնդել։ Թողեք զրուցակիցն ավարտի իր միտքը, անգամ եթե համաձայն չեք։ Հաճախ նույնիսկ կոշտ ձևակերպումների մեջ կարող է թաքնված լինել ռացիոնալ խորհուրդ կամ փաստ, որը արժե նկատել։

 

 

Ճշտեք, եթե չեք հասկացել

Եթե քննադատությունը հնչում է անորոշ, օրինակ՝ «Դու ամեն ինչ սխալ արեցիր», «Պետք է ավելի լավ անեիր», հարցրեք. «Ի՞նչն է կոնկրետ սխալ արվել», «Ի՞նչ արդյունք էիք ակնկալում», «Կարո՞ղ եք օրինակ բերել»։
Սա տեղափոխում է խոսակցությունը զգացմունքներից դեպի կառուցողական դաշտ։

 

Տարանջատեք ձևը և բովանդակությունը

Մարդը կարող է խոսել կոպիտ, բայց ասել կարևոր բան։ Օրինակ՝ «Դու էլի ուշացրել ես հաշվետվությունը»։ Հաճելի չէ սա լսելը, բայց բովանդակությունը հստակ է՝ ժամկետները պահպանված չեն։ Ուշադրություն դարձրեք հենց բուն խնդիրին, ոչ թե ներկայացման ձևին։

 

Ընդունեք սխալը, եթե այն իսկապես կա

Սա ոչ թե թուլություն է, այլ՝ հասունություն։ Պարզ ու հանգիստ ասեք. «Այո, ճիշտ եք, այս մասը չեմ ստուգել», «Շնորհակալ եմ, որ նկատեցիք։ Կուղղեմ»։ Այս մոտեցումը բարձրացնում է վստահությունը և վկայում է պատասխանատվության մասին։

 

 

Մի՛ արդարացեք, այլ բացատրեք

Արդարացումները հնչում են այնպես, կարծես փորձում եք խուսափել պատասխանատվությունից։ Հանգիստ ներկայացրեք ձեր դիրքորոշումը և հիմնավորեք այն։ Բացատրությունները պետք է լինեն ազնիվ ու բովանդակային, խուսափեք «դա իմ գործը չէ» կամ «ինձ ոչ ոք չէր զգուշացրել» արտահայտություններից։

You may also like