Get our free app. It won't take up space on your device

Ինչպես վերադառնալ աշխատանքի ամանորյա տոներից հետո

Ամանորյա տոները միշտ անցնում են շատ արագ․ ընտանեկան ջերմ միջավայր, մտերիմների հետ հանդիպումներ, երկար ուշ գիշերներ և լիակատար հեռացում աշխատանքային ռեժիմից։ Եվ ահա գալիս է առաջին աշխատանքային օրը, երբ թվում է, թե մտովի դեռ արձակուրդում ենք։ Այս զգացողությունը շատերին է ծանոթ։ Այսօր պատրաստել ենք մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն վերադառնալ աշխատանքային ռեժիմին՝ առանց սթրեսի։

 

Սկսեք ոչ կտրուկ

Մի փորձեք առաջին իսկ օրն անցնել 100% ծանրաբեռնվածության։ Թույլ տվեք ինքներդ ձեզ կամաց-կամաց անցնել գործերին՝ սկսելով պարզ առաջադրանքներից, պլանավորելով առաջիկա կարևոր անելիքները։

 

 

Վերականգնեք քնի ռեժիմը

Տոների ընթացքում քնի ժամերը հաճախ խառնվում են, իսկ աշխատանքային արդյունավետության և առհասարակ առողջ ապրելակերպի հիմքում լավ քունն է։ Փորձեք մի քանի օր շուտ քնել, արթնանալ նույն ժամին և սահմանել կայուն ռեժիմ։ Քնի որակը անմիջապես կազդի ձեր կենտրոնացման կարողության և տրամադրության վրա։

 

Ստեղծեք հաճելի աշխատանքային միջավայր

Փոքր բաները մեծ դեր ունեն՝ կոկիկ դասավորված աշխատասեղան, սուրճի սիրելի բաժակ, հաճելի երաժշտություն կամ նոր նոթատետր։ Դրանք օգնում են դրական զգացողությամբ վերադառնալ աշխատանքի։

 

 

Վերանայեք նպատակները

Նոր տարին լավ առիթ է վերագնահատելու առաջնահերթությունները։ Ի՞նչ եք ուզում փոխել աշխատանքում, ի՞նչ հմտություններ զարգացնել, ի՞նչ նպատակների հասնել առաջիկա ամիսներին։ Նույնիսկ կարճ գրավոր նշումները կարող են տալ հստակ ուղղություն և մոտիվացիա։

 

Մի մոռացեք ֆիզիկական ակտիվության մասին

Ֆիզիկական ակտիվությունը լավագույն միջոցներից մեկն է՝ էներգիան վերականգնելու համար։ Կարճ զբոսանքները, մարզումները կամ նույնիսկ աշխատանքի ընթացքում փոքր ընդմիջումները կօգնեն ակտիվացնել մարմինն ու մտքերը։

You may also like