Նշե՞լ ակնկալվող աշխատավարձի չափը ռեզյումեում, թե՞ ոչ
Ռեզյումե կազմելիս թեկնածուները հաճախ կանգնում են հարցի առաջ՝ նշե՞լ ակնկալած աշխատավարձի չափը, թե՞ թողնել այն հարցազրույցի փուլին։ Ճիշտ որոշումը կախված է ոչ միայն ոլորտից ու աշխատաշուկայի իրավիճակից, այլև հենց ձեր նպատակներից։
Մեր այսօրվա բլոգում կքննարկենք, թե երբ է աշխատավարձը նշելը օգտակար, իսկ երբ՝ ոչ և ինչպես անել դա ճիշտ, եթե որոշում եք նշել։
Երբ արժե նշել աշխատավարձը ռեզյումեում
Կան իրավիճակներ, երբ աշխատավարձի ակնկալիքը ռեզյումեում ավելացնելը կարող է արագացնել կամ հեշտացնել հավաքագրման գործընթացը։ Օրինակ, երբ դիմում եք մեծ մրցակցություն ունեցող, ստանդարտ աշխատավարձով պաշտոնների համար։ Նման դեպքերում աշխատավարձերը հաճախ ունեն հստակ սահմաններ, ու գործատուն արագ հասկանում է՝ համապատասխանո՞ւմ եք արդյոք իր նախատեսած բյուջեին։
Աշխատավարձը նշելն օգնում է նաև խուսափել «անհամապատասխան» առաջարկներից և ավելորդ զրույցներից։ Եթե ունեք հստակ սահման, որից ցածր չեք պատրաստվում առաջարկ ընդունել, ապա ճիշտ կլինի նշել աշխատավարձի ակնակալիքը։
Երբ է ավելի նպատակահարմար չնշել աշխատավարձի չափ
Կան ոլորտներ և իրավիճակներ, որտեղ աշխատավարձը չնշելը ավելի խելամիտ քայլ է, օրինակ, երբ դիմում եք ստեղծագործական և բարձր օղակի պաշտոնի համար։ Հաճախ մենեջերների, մարքեթոլոգների, UX/UI դիզայներների, ծրագրավորողների, բովանդակության մասնագետների աշխատավարձը կախված է փորձից, պատասխանատվության շրջանակներից, նախագծերի բարդությունից։ Այս պարագայում լավ է խոսել վարձատրության մասին հարցազրույցի ընթացքում։
Աշխատավարձի մասին պետք չէ նշել նաև այն դեպքում, երբ փոխում եք ոլորտը կամ չունեք հստակ պատկերացում շուկայի մասին։ Սխալ թիվը կարող է ձեզ թերագնահատել կամ հակառակը՝ անմիջապես դուրս թողնել մրցակցությունից։
Ինչ անել, եթե չեք ուզում հստակ թիվ նշել
Եթե խուսափում եք հստակ թիվ նշելուց, ապա օգտագործեք ավելի ճկուն ձևակերպումներ։ Օրինակ՝ «Աշխատավարձը՝ ըստ պայմանավորվածության» կամ «Պատրաստ եմ քննարկել՝ ըստ աշխատանքի ծավալի»։ Եթե որոշում եք գրել հստակ թիվ, ապա նշեք միջակայք, ոչ թե մեկ թիվ, օրինակ՝ 250․000-300․000 դրամ։ Հիշեք՝ ձեր նշած թիվը պետք է հիմնվի ձեր հմտությունների և շուկայի միջին ցուցանիշների վրա։
You may also like