Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ի՞նչ է աշխատանքային անվտանգությունը և ինչո՞ւ է այն արդիական

Աշխատանքային անվտանգության նպատակը աշխատողների առողջության ու բարեկեցության ապահովումն է, դժբախտ պատահարների և մասնագիտական հիվանդությունների ռիսկերի նվազեցումը: Ժամանակակից փոփոխվող աշխատաշուկայում դրա նշանակությունը միայն ավելանում է՝ պայմանավորված նոր տեխնոլոգիաների, աշխատանքի ավտոմատացման, հեռավար աշխատանքի, կլիմայական փոփոխությունների և մի շարք այլ գործոնների ազդեցությամբ:


Աշխատանքային անվտանգությունը ենթադրում է աշխատավայրում ռիսկերի կառավարում՝ պաշտպանելով աշխատողներին վնասվածքներից, հիվանդություններից և մահացությունից: Այս խնդիրը արդիական է հատկապես այն պայմաններում, երբ աշխատաշուկան փոխվում է, ավելանում են նոր մասնագիտություններ, իսկ տեխնոլոգիական զարգացումները պահանջում են նոր մոտեցումներ աշխատանքի կազմակերպման և վերահսկման հարցերում։

 

 

Ինչո՞ւ է աշխատանքային անվտանգության ապահովումն արդիական

Անդրադառնանք մի քանի հիմնական պատճառների, թե ինչու է աշխատանքային անվտանգության ապահովման հարցը ներկայումս ավելի ու ավելի կարևոր դառնում։

 

Աշխատանքային վնասվածքների և մասնագիտական հիվանդությունների աճ

Վերջին տասնամյակներում աշխատանքի բնույթի փոփոխությունները մեծացրել են որոշակի հիվանդությունների ռիսկը՝ ներառյալ մկանային-կմախքային խանգարումները, սթրեսի արդյունքում առաջացող առողջական խնդիրները, ինչպես նաև քիմիական ու կենսաբանական ռիսկերը որոշ ոլորտներում:

 

Տեխնոլոգիական զարգացումներ և նոր վտանգներ

Ավտոմատացման և թվայնացման աճը հանգեցրել է նոր վտանգների՝ կապված ռոբոտների հետ փոխգործակցության, տվյալների անվտանգության և աշխատողների հոգեբանական առողջության հետ: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է վերանայել ավանդական մոտեցումները և ներդնել աշխատանքային անվտանգության նոր չափանիշներ:

 

 

Իրավական և տնտեսական ասպեկտներ

Աշխատանքային անվտանգության խախտումներն ունեն ոչ միայն սոցիալական, այլև տնտեսական հետևանքներ. ընկերությունները կրում են բարձր տուգանքներ, աշխատողներն ունենում են երկարատև անաշխատունակություն, իսկ կառավարությունները բախվում են լրացուցիչ բյուջետային ծախսերի: Համաձայն ԵՄ անվտանգության և առողջության գործակալության տվյալների՝ անվտանգ աշխատատեղերը կարող են բարձրացնել արտադրողականությունը մինչև 20%:

 

Այսպիսով, աշխատանքային անվտանգության արդիականությունը պայմանավորված է աշխատաշուկայի և տեխնոլոգիաների անընդհատ փոփոխությամբ, առողջապահական նոր մարտահրավերներով և իրավական պահանջների խստացմամբ: Հետևաբար, անհրաժեշտ է մշակել նոր մոտեցումներ, կրթական ծրագրեր և արդյունավետ վերահսկողական մեխանիզմներ՝ աշխատողների անվտանգությունն ապահովելու համար։ 

 

Լիանա Խաչատրյան  ՀԱԱՀ-ի տեխնիկական գիտությունների թեկնածու դոցենտ(Տ.Գ.Թ. դոց.)աշխատանքի անվտանգության փորձագետ

Ձեզ կհետաքրքրեն