Աշխատաշուկան 2025-ին․ զարգամցան միտումները և հաջողելու գրավականը
Մարդ-տեխնոլոգիաներ հավասարակշռություն
Տեխնոլոգիաների արագ զարգացումը կշարունակվի՝ ստիպելով ընկերություններին վերանայել մարդկանց և համակարգիչների աշխատանքների ինտեգրումը։ Ներկայումս ավելի ու ավելի շատ գործընթացներ են ավտոմատացվում։ ԱՄՆ-ում իրականացված ուսումնասիրություններից մեկը ցույց է տվել, որ ընկերությունների 85%-ը արագացրել է բիզնեսի թվայնացումը, իսկ 67%-ն արագացրել է ավտոմատացման և արհեստական բանականության օգտագործումը: Սա նշանակում է, որ ընկերությունները պետք է վերապատրաստեն աշխատակիցներին՝ նոր առաջադրանքների և պարտականությունների կատարման համար:
Ընդլայնված աշխարհագրություն
Պայմանավորված հեռավար և հիբրիդային ձևաչափի աշխատանքներով՝ տարբեր քաղաքներից, անգամ երկրներից աշխատակիցներ հավաքագրելն ունի ինչպես իր դրական կողմերն, այնպես էլ մարտահրավերները։ Մի կողմից առաջարկելով աննախադեպ ճկունություն, մյուս կողմից այս ձևաչափերը ստեղծում են խնդիրներ թիմերը կառավարող մենեջերների համար։ Ընկերություններից պահանջվում են ջանքեր՝ ստեղծելու և պահպանելու աշխատանքային հատուկ մշակույթ՝ ժամային տարբեր գոտիներով և այլ տարբերություններով պայմանավորված։
Աշխատակիցների բարեկեցության ապահովում
Շարունակվում են հրապարակվել տարբեր հետազոտություններ, որոնք ներկայացնում են աշխատանք-անձնական կյանք հավասարակշռության վերաբերյալ մտահոգիչ տվյալներ։ ԱՄՆ-ում անցկացված նմանատիպ հետազոտություններից մեկի համաձայն՝ աշխատակիցների 43%-ն իրեն մասնագիտական այրման մեջ է զգում, իսկ 37%-ն այնքան ծանրաբեռնված է, որ դա ազդում է արդյունավետ աշխատելու նրանց ունակության վրա: Կազմակերպությունները պետք է գիտակցեն, որ աշխատակիցների բարեկեցությունն ավելի լավ բիզնես արդյունքների հասնելու համար անհրաժեշտ պայման է։
Ամուր և ճկուն թիմերի կառուցում
Առաջադեմ ընկերություններն արդեն այսօր փորձում են ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ առաջնահերթություն է տրվում թիմակիցների աճին և հարմարվողականությանը: Արագ տեխնոլոգիական փոփոխություններին հարմարվելն այլևս անհրաժեշտություն է: Կազմակերպությունները, որոնք խթանում են մշակույթը, որտեղ ձախողումը դիտվում է որպես ուսուցման հնարավորություն, պատրաստ կլինեն հարմարվելու և աճելու շարունակական ուսուցման և փորձերի միջոցով:
Հմտությունները կարևոր են
Ամբողջ աշխարհում մեծանում է այն ընկերությունների թիվը, որոնք աշխատանքի են ընդունում թեկնածուներին՝ հիմնվելով նրանց հմտությունների գնահատման վրա։ Սա նաև ենթադրում է, որ կազմակերպությունները պետք է խրախուսեն շարունակական ուսուցումն ու զարգացումը:
Ձեզ կհետաքրքրեն