Ինչպես գրել արդյունքների վրա հիմնված ռեզյումե
Հարուստ փորձի վերաբերյալ պնդումների փոխարեն ռեզյումեում հստակ արդյունքներ ներկայացնելն ավելի է մեծացնում աշխատանքի առաջարկ ստանալու ձեր հնարավորությունները։ Հենց այդ պատճառով էլ մեր այսօրվա բլոգում կանդրադառնանք հարցին, թե ինչպես կազմել արդյունքների վրա հիմնված ռեզյումե և կդիտարկենք կոնկրետ օրինակներ։
Նախ նշենք, որ արդյունքների վրա հիմնված ռեզյումեն կենտրոնանում է քանակական ձեռքբերումների վրա, այլ ոչ թե անորոշ հայտարարությունների, որոնք այնքան էլ համոզիչ չեն հնչում: Նման ռեզյումեն թույլ է տալիս չափել ձեր հաջողությունը աշխատանքում՝ օգտագործելով հատուկ քանակական տվյալներ, որոնք ցույց են տալիս, թե ինչ եք արել: Իհարկե, ոչ բոլոր հաստիքների համար կարող է նպատակահարմար լինել արդյունքների վրա հիմնված ռեզյումե կազմելը։ Ուստի մտածեք ձեր աշխատանքի բնույթի մասին, և եթե այն հնարավորություն է տալիս ձեր հաջողությունները ներկայացնել թվային տվյալներով, սկսեք փոխել ձեր ռեզյումեն հենց այսօր։
Արդյունքների վրա հիմնված ռեզյումե ստեղծելու առաջին քայլը ձեր ընթացիկ ռեզյումեն վերանայելն է: Մտածեք ռեզյումեում տոկոսներ, աշխատած ժամեր, կնքված գործարքների արժեքներ ներառելու մասին։ Ձեր կատարած առաջադրանքները թվարկելու փոխարեն ներկայացրեք արդյունքներ։ Օրինակ, «Վերահսկել թիմի աշխատանքը» ձևակերպումը փոխարինեք արդյունք ներկայացնող նմանատիպ նախադասությամբ․ «Վերահսկել 20 աշխատակիցներից բաղկացած թիմի աշխատանքը»։ Հավելեք նաև ձեր գործունեության դրական արդյունքը, օրինակ․ «Աշխատակիցների միջև առաջադրանքների պատվիրակման արդյունքում արդյունավետության բարձրացում՝ 25%-ով»:
Դիտարկենք ևս մեկ օրինակ։ «Հաղորդակցության բարելավմանն ուղղված հավելվածների ներդրում» հայտարարության փոխարեն գրեք․ «4 հավելվածների ներդրում՝ ընկերության բոլոր 15 ստորաբաժանումների հաղորդակցությանն աջակցելու նպատակով, որի արդյունքում հաղորդակցության որակը բարելավվել է 10%-ով»։
Հիշեք՝ անորոշ հայտարարությունները չեն օգնում գործատուին գնահատել ձեր մասնագիտական որակները: Դրանք պարզապես նշում են, թե ինչ եք արել, իսկ ձեր նպատակը պետք է լինի ցույց տալը, թե ինչպես են ձեր գործողությունները օգնել ընկերությանը հասնել հաջողության։
Արդյունքների մասին կարող եք նշել ինչպես ռեզյումեի՝ աշխատանքային փորձի կամ ձեռքբերումների վերաբերյալ բաժիններում, այնպես էլ ձեր մասին հակիրճ տեղեկատվության մեջ, որը շատերը նախընտրում են ներառել իրենց ռեզյումեի հենց սկզբի մասում։ Օրինակ․ «Ես ավելի քան 5 տարվա փորձ ունեցող վաճառքի մասնագետ եմ, ում հաջողվել է 10%-ով գերազանցել ընկերության տարեկան վաճառքների ցուցանիշը»։
Կհետաքրքրեն նաև