Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
խորհուրդներ դիմորդներին

Ինչպես բանակցել աշխատավարձի չափի շուրջ

20.01.2024 | 6569 դիտում

Պատկերացրեք՝ ձեզ հաջողվել է հաղթահարել հարցազրույցի փուլը և գործատուն առաջարկում է աշխատանք։ Այժմ պետք է պարզել ամենակարևոր հարցերից մեկը՝ աշխատավարձի չափը։ Այսպիսով, գործատուն ներկայացնում է աշխատավարձի այն չափը, որը նախատեսել է տվյալ հաստիքի համար և այժմ պատրաստ է լսել ձեզ։ Եթե կարծում եք, որ առաջարկվող վարձատրությունը չի համապատասխանում ձեր կրթությանը, փորձին և հմտություններին, կարող եք ավելի բարձր աշխատավարձի համար բանակցել: 

 

Մեր այսօրվա բլոգում առանձնացրել ենք մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն ձեզ նախապատրաստվել աշխատավարձի շուրջ բանակցություններին։ 

 

 

Գնահատեք ձեր փորձը և կարողությունները

Կարևոր է, որ մինչ աշխատավարձի շուրջ բանակցությունների գործընթացը սկսելը դուք հստակ իմանաք, թե ձեր աշխատանքով ինչպիսի արժեք եք առաջարկում գործատուին։ Անդրադառնանք այն գործոններին, որոնք պետք է ինքներդ գնահատեք․

 

Աշխատանքային փորձ։ Եթե աշխատանքի նկարագրության մեջ նշված է, որ գործատուն պահանջում է 3-5 տարվա փորձ, և դուք ավելի երկար եք աշխատել ոլորտում, ապա կարող եք բանակցել ավելի բարձր աշխատավարձի համար։

 

Կրթության մակարդակ։ Ոլորտին համապատասխան բակալավրի, մագիստրոսի, ասպիրանտուրայի կամ այլ կրթական աստիճանը ձեզ դիրքավորում է որպես ավելի գիտակ և պահանջված աշխատակցի, ինչն էլ կարող է ազդել ձեր աշխատանքի փոխհատուցման վրա՝ կախված ոլորտից և պաշտոնից, որը ստանձնելու եք:

 

Կարիերայի աստիճան։ Կրտսեր, միջին կամ ավագ մասնագետ լինելն այն գործոնն է, որն ուղղակիորեն ազդում է աշխատավարձի չափի վրա։ 

 

Հմտություններ։ Եթե տիրապետում եք այնպիսի տեխնիկական հմտությունների, որոնք անհրաժեշտ են տվյալ հաստիքում աշխատելու համար, ապա դա կարող է հիմք հանդիսանալ, որ որպես ավելի մրցունակ թեկնածու հավակնեք ավելի բարձր աշխատավարձի։

 

 

Սերտիֆիկացում։ Գործատուն կարող է պահանջել, որ դուք ունենաք հատուկ հմտություններ, որոնց առկայության մասին վկայում են ձեր անցած սերտիֆիկացված կրթական ծրագրերը։ Գործատուի պահանջած ոլորտում սերտիֆիկացում ունենալը ևս մեկ պատճառ է ավելի մեծ փոխհատուցում պահանջելու համար: 

 

Ընդհանուր առմամբ հիշեք, որ ամեն անգամ, երբ ցանկանաք բանակցել աշխատավարձի վերաբերյալ, ինքներդ ձեզ ազնվորեն պատասխանեք այն հարցին, թե ինչու եք արժեքավոր աշխատակից և հիմնավորեք ձեր պատասխանը՝ հաշվի առնելով վերոնշյալ գործոնները։

 

Ուսումնասիրեք աշխատաշուկան

Միջազգային աշխատաշուկայում ընդունված աշխատավարձի չափը կարող է երբեմն շատ կտրուկ տարբերվել այն աշխատավարձից, որը սովորաբար տվյալ հաստիքի համար վճարում են մեր երկրում։ Փորձեք պարզել, թե ներկայումս որքան է կազմում տվյալ ոլորտում տվյալ հաստիքի համար վճարվող միջին աշխատավարձը։ Շուկայական միջին աշխատավարձի իմացությունը կարող եք  նաև օգտագործվել որպես ավելի բարձր աշխատավարձի հավակնելու ձեր պահանջների հիմնավորում: Նկատի ունեցեք նաև, որ նույն պաշտոնի համար վճարվող աշխատավարձը կարող է տարբերվել մայրաքաղաքում և մարզերում։

 

 

Ձևակերպեք ձեր ասելիքի հիմնական կետերը

Պատրաստ եղեք պատասխանելու մի քանի հարցերի։ Օրինակ, եթե գործատուն հարցնի, թե ինչո՞ւ եք կարծում, որ արժանի եք ավելի բարձր աշխատավարձի, քան ինքն է առաջարկում։ Համաձայնեք՝ համոզիչ չի հնչի, եթե ուղղակի խնդրեք ավելի բարձր աշխատավարձ, փոխարենը հիմնավորեք ձեր խնդրանքը։ Այդ նպատակով պատրաստեք առնվազն երկու հիմնավոր պատճառ, թե ինչու եք ավելի բարձր վարձատրվելու հարցով դիմում և հստակ ձևակերպեք դրանք։ 

 

Հիմնավորումների շարքում կարող եք ներկայացնել այն արդյունքները, որոնք ունեցել եք նախորդ աշխատավայրում։ Հնարավորության դեպքում փորձեք ներկայացնել դրանք թվերով, օրինակ՝ եռամսյակում ավելացրել եք վաճառքների թիվը 20%-ով։ Կամ կարող եք ասել, որ ավելի շատ տարիների փորձ ունեք, քան գործատուն նշել է որպես նվազագույն պահանջ: Անդրադարձեք սերտիֆիկացված ծրագրերին, որոնք հաջողությամբ ավարտել եք, եթե դրանց արդյունքում ձեռք բերած հմտությունները պատրաստ եք կիրառել նոր պաշտոնում աշխատելիս։

 

 

Ճկուն եղեք

Նույնիսկ եթե գործատուն ի վիճակի չէ տրամադրել ձեր ուզած չափի աշխատավարձ, նա կարող է առաջարկել փոխհատուցման այլ ձևեր: Պատրաստ եղեք դիտարկել այլընտրանքներ այնպիսի իրավիճակներում, երբ գործատուն անմիջապես տեղեկացնում է ձեզ, որ չի կարող ավելի բարձր աշխատավարձ առաջարկել:  Օրինակ, դուք կարող եք բանակցել՝ կապված լրացուցիչ արձակուրդի օրերի կամ հիբրիդային ձևաչափով՝ տնից աշխատելու հնարավորության հետ: Որոշ դեպքերում այն առավելությունները, որոնք գործատուն կարող է առաջարկել աշխատավարձը բարձրացնելու փոխարեն կարող են ոչ պակաս արժեքավոր լինել։ Սահմանեք ձեզ համար այն առավելությունները, որոնք առաջարկելու դեպքում պատրաստ եք փոխզիջման գնալ աշխատավարձի հարցում։

 

Վստահ եղեք

Որպեսզի ձեր խոսքը հնչի համոզիչ կերպով, պետք է վստահորեն շարադրեք ձեր մտքերը։ Վստահությունը պետք է հիմնված լինի ձեր կարողությունների և որակների  հնարավորինս օբյեկտիվ գնահատման վրա, այլապես այն կարող է դիտարկվել որպես ամբարտավանություն, և գործատուն պարզապես կմտածի, որ չափազանց մեծ կարծիք ունեք ինքներդ ձեր մասին: 

 

Եթե ձեզ բավականաչափ վստահ չեք զգում, հնարավոր է փորձեք երկար բացատրություններ տալ կամ անդադար ներողություն խնդրեք ձեր հարցերի համար, որոնք կվնասեն բանակցությունների հաջող ավարտին։ Փոխարենը, վստահորեն նշեք ձեր պահանջած աշխատավարձը՝ հիմնավորումները ներկայացնելով հնարավորինս համառոտ և հստակ ձևով։

 

Այսպիսով, աշխատավարձի վերաբերյալ գործատուի հետ զրուցելուց առաջ մտածեք վերոնշյալ գործոնների մասին և լրջորեն նախապատրաստվեք նրա հետ քննարկմանը։

 

Կհետաքրքրեն նաև