Կարևորելով աշխատակիցներին․ ի՞նչ անել, որ թիմակիցները գնահատված զգան
Այն աշխատակիցներն, ովքեր իրենց գնահատված են զգում, որպես կանոն, ունենում են անհատական և թիմային աշխատանքի արդյունավետության բարձր ցուցանիշներ, որոնց շնորհիվ կազմակերպությունը կարող է հասնել իր բիզնես նպատակներին: Իրենց գործատուից գոհ աշխատակիցները ստեղծում են առողջ աշխատանքային միջավայր, մոտիվացված են, և քիչ է հավանականությունը, որ փնտրեն այլ զբաղվածություն:
Կան բազմաթիվ եղանակներ՝ աշխատակիցներին ցույց տալու համար, որ նկատում և գնահատում եք նրանց ջանքերը՝ սկսած ֆինանսական խրախուսանքներից մինչև որոշումների կայացման գործընթացում նրանց կարծիքը հաշվի առնելը։
Աշխատակիցների խրախուսման ծրագրեր ներդրեք
Աշխատակիցների խրախուսման ծրագրերը հիանալի միջոց են ողջ տարվա ընթացքում թիմերի և անհատների աշխատանքը գնահատելու համար:
Դրանք կարող են տարբեր ձևաչափերով իրականացվել՝ պայմանավորված ընկերության մշակույթով, արժեքներով և նպատակներով։ Այդ ծրագրերը կարող են լինել ոչ պաշտոնական բնույթի, ինչպիսիք են բանավոր երախտագիտություն հայտնելը կամ գրավոր շնորհակալական խոսք ուղարկելը։ Ընկերությունները կարող են իրենց կողմից պաշտոնապես հաստատված այնպիսի ծրագրեր իրականացնել, ինչպիսիք են մրցանակաբաշխությունները, թիմի կողմից հատկացվող մրցանակը, ամսվա լավագույն աշխատակցի կոչման շնորհումը և այլն։
Նման ծրագրեր ներդնելիս կարևոր է ապահովել, որ դրանք լինեն արդար և թափանցիկ, ինչպես նաև իրականացվեն հետևողականորեն։ Կարևոր է նաև նման ծրագրերի արդյունավետության պարբերական չափումը և գնահատումը։
Վարձատրեք բարձր կատարողականի համար
Ժամանակի ընթացքում ձեր աշխատակիցները զարգանում են, ձեռք բերում նոր հմտություններ և դառնում ավելի փորձառու, հետևաբար նաև ավելի արժեքավոր մասնագետներ։ Կարևոր է գնահատել թիմակիցների առաջընթացը և «պարգևատրել» նրանց ջանքերը, օրինակ՝ բարձրացնելով աշխատավարձը կամ հատկացնելով բոնուսներ։
Գնահատեք աշխատակիցների արժանիքները և համապատասխան պարգևատրումներ հատկացրեք՝ հիմնվելով նրանց կատարողականի և արձանագրած արդյունքների վրա։ Այդպիսով դուք ցույց եք տալիս, որ աշխատավարձի բարձրացումները և խրախուսական պարգևավճարները կատարում եք աշխատակիցների աճին զուգընթաց։ Միաժամանակ ցանկալի չէ թեկուզ մոտիվացնելու նպատակով բոնուսներ հատկացնել այն աշխատակիցներին, ովքեր աչքի չեն ընկել արդյունավետությամբ։ Այդպիսով կնպաստեք ընկերության ներսում առողջ մթնոլորտի և վստահության ձևավորմանը, որտեղ բոլորը գիտեն, որ պարգևատրվելու են ըստ իրենց կատարած աշխատանքի։