Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Խորհուրդներ գործատուներին

Ինչպե՞ս ղեկավարել ՏՏ թիմը

16.07.2020 | 2711 դիտում

Ահա մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն ճիշտ կողմնորոշել ՏՏ թիմը կառավարելու հարցում։ 

Քոուչ՝ ղեկավարի փոխարեն

ՏՏ թիմի անդամները նախընտրում են ազատությունը և չեն կարողանում արդյունավետ աշխատել, երբ հանդիպում են բյուրոկրատական համակարգի և հիերարխիկ բուրգերի։ Այս ոլորտի ներկայացուցիչների համար շատ կարևոր է ազատ մթնոլորտը, աշխատանքի համար նպաստավոր պայմանները․ դրանց շնորհիվ նրանք մեծ արդյունավետությամբ են աշխատում։

Լավագույն լուծումը թիմերի ձևավորումն է․ դա հնարավորություն է տալիս ճիշտ բաշխել ռեսուրսները և կազմակերպել աշխատանքը։ Քոուչ-ղեկավարից պահանջվում է հստակ սահմանել նպատակները, տալ նկարագիրները և թույլ տալ թիմերին անցնել աշխատանքի՝ պարբերաբար վերահսկելով ընթացքը և համադրելով այն գործողությունների պլանի հետ։ Պետք չէ ձևացնել, թե խորապես պատկերացնում ես նրանց աշխատանքը, այդպես կորում է մասնագետների վստահությունը, քանի որ չկա ոչինչ ավելի ապամոտիվացնող, քան իրեն մասնագետ երևակայող ղեկավարը։

Բարդ և իմաստավորված առաջադրանքներ

ՏՏ ոլորտի մասնագետների համար կարևոր է իմանալ, որ իրենց աշխատանքն օգտակար է։ Նրանք պետք է հստակ իմանան, թե ինչու են կատարում այս կամ այն առաջադրանքը․ սա քմահաճություն չէ, այլ անհրաժեշտություն։ Երբ ծրագրավորողների թիմը պատկերացնում է, թե ինչի համար է աշխատում, կարողանում է էլ ավելի արդյունավետ աշխատել՝ հստակ իմանալով պրոդուկտի նպատակը, լսարանի կարիքները և առաջարկվող լուծումները։ Բացի դա՝ երբ նրանք տեղյակ են պրոդուկտի նպատակից, կարողանում են լիարժեք գործարկել իրենց նորարար միտքը և ստեղծագործական ներուժը։

Կապ պրոյեկտի հետ

Կարևոր է, որ ՏՏ թիմը կապ հաստատի պրոյեկտի հետ․ այդպես մեծանում է մոտիվացիան և որպես վերջնարդյունք՝ որակը։ Կապի ձևավորման համար պետք է մանրամասն պատկերացնել, թե ինչ հետաքրքրություններ ու նպատակներ ունի ՏՏ թիմի յուրաքանչյուր անդամ։ Այս տվյալների հիման վրա հաջողվում է արդյունավետ բաշխել առաջադրանքները և ստանալ առավելագույն օգուտ։

ՏՏ ոլորտի մասնագետների համար կարևոր մոտիվացիա է նրանց պրոֆեսիոնալիզմի ընդունումը։ Այստեղ հարցը միայն գումարը կամ պաշտոնը չէ, նրանք պետք է ապացուցեն իրենց և մյուսներին, որ կարողանում են լուծել բարդ խնդիրներ և իրականացնել համապատասխան նախագծեր։ Այսպիսի թիմերի մարտունակությունը բարձր պահելու համար պետք է նրանց բարդ, հետաքրքիր ու անլուծելի թվացող առաջադրանքներ տալ։

Անհատական մոտեցում

Այստեղ կարևոր է նշել, որ անհատական մոտեցում պետք է բոլոր ոլորտներում, քանի որ չկա մեկ ընդհանուր մոտեցում, որը կբավարարի և կմոտիվացնի բոլորին։ Մեկի համար կարևոր է պաշտոնի բարձրացումը, մյուսին գոհացնում է միայն դրամական պարգևատրումը։ Սա է պատճառը, որ պետք է ուշադիր ուսումնասիրել բոլոր թիմակիցներին, նրանց պահանջներն ու կարիքները և առաջնորդվել անհատական մոտեցմամբ, հակառակ դեպքում պետք չէ սպասել լավ արդյունքի։ Փորձի՛ր տալ ամեն թիմակցին այն, ինչի կարիքը նա իսկապես ունի, և կշահես նրա վստահությունը, ներդրումն ու արդյունավետությունը։

Սրանք մի քանի պարզ, ուղղորդող խորհուրդներ էին, որոնք հնարավորություն են տալիս ճիշտ կազմակերպել աշխատանքը ՏՏ թիմերի հետ և ճշգրիտ հաշվի առնել և օգտագործել նրանց մասնագիտական առանձնահատկությունները։

Կհետաքրքրեն նաև