Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Խորհուրդներ դիմորդներին

Առաջին տպավորությունը՝ CV-ով

19.11.2019 | 5672 դիտում

Այսօր, երբ հաղթանակել է համացանցը, աշխատանքի հայտարարություններն էլ են դարձել առցանց։ Երբեմն անգամ զանգելու փաստն է բացառվում՝ ծանոթանում ես հայտարարությանը, ուղարկում ես CV-դ, ստանում պատասխան մեյլը՝ հարցազրույցն այսինչ օրն է, այսինչ ժամին, կից էլ՝ քարտեզի վրա նշված հասցեն։


Այս իրավիճակում շատ կարևոր են հենց CV-ները, քանի որ հանդիսանում են առաջին տպավորություն թողնելու գործիք։

Մենք հավաքել ենք մի քանի գործնական խորհուրդներ, թե ինչպես է պետք կազմել ճիշտ CV։ Ի դեպ, կարող եք օգտվել Job.am-ի ռեզյումեի անվճար օրինակներից.


Ֆայլի անունը և ֆորմատը

Ուղղակի CV գրել բավական չէ, պատկերացնո՞ւմ եք՝ քանի այդպիսի անունով նամակ է ստանում գործատուն։


Լավագույն տարբերակը՝ նշել Ձեր անուն-ազգանունը և նոր միայն՝ CV, օրինակ՝ Պողոս Պետրոսյան CV։ Սա արդեն իսկ շատ բան կասի Ձեր մասին, չէ՞ որ հաշվի եք առել դիմացինի հարմարությունը։


Ինչ վերաբերում է ֆորմատին, խորհուրդ կտանք ընտրել pdf-ը, քանի որ մյուս ֆորմատները որոշակի բարդություններ են ստեղծում ընթերցելիս, օրինակ word-ում մեկ պատահական շարժում՝ տառ է գրվում, տող է փոխվում։ Ազատե՛ք գործատուին ավելորդ անհարմարություններից։

 

Տեխնիկական մաս


CV-ի տեքստը պետք է լինի նույն տառատեսակով, նույն չափի տառերով, տողերը հավասար լինեն, անթիվ-անհամար բացատներ չլինեն, չակերտները՝ հայերեն,  մի խոսքով՝ պատկերացրեք, որ նորից դիպլոմային աշխատանք եք հանձնում, ու հանձնաժողովը կարող է նման վրիպակների համար միավոր հանել։ CV-ի դեպքում էլ է դա այդպես աշխատում։

Խորհուրդ կտանք չբարդացնել և պահպանել հետևյալ օրինաչափությունը՝ տառատեսակը՝ sylfaen, չափը՝ 12, միջտողային հեռավորությունը՝ 1․15։ Այս կանոններով ձեր տեքստը կլինի պարզ և ընթեռնելի։


Լուսանկար

Սելֆիները, խմբային, կիսամերկ լուսանկարները պետք է բացառել։ Ցանկալի չեն նաև անձնագրային լուսանկարները, քանի որ քչերն են դրանց վրա լավ ստացվում։ 


Միշտ ունեցեք Ձեր ներկա տեսքին համապատասխան 1-3 լուսանկար՝ լավ լուսավորությամբ, բաց ֆոնին, պարզ հագուստով, պարզ դիմահարդարմամբ, և ըստ տրամադրության՝ դրանցից մեկը տեղադրեք CV-ում։ 


Հիշեք, որ վաղ երիտասարդության լուսանկարները շփոթություն կառաջացնեն, եթե միջին տարիքի եք արդեն։ Կամ՝ լուսանկարում շիկահեր էիք, իսկ հիմա նախընտրում եք սևը։ Այնպես արեք, որ գործատուն տեսնի նույն մարդուն, ում լուսանկարը տեսել էր CV-ի մեջ։ 


Տեղեկություններ


Դուք կարող եք մասնակցած լինել քաղաքի բոլոր թրեյնինգներին, վերապատրաստումներին, ինթերնշիփերին, բայց ամբողջ ինֆորմացիան պետք չէ շարադրել CV-ի մեջ։ Կողմնորոշվեք ըստ այն հաստիքի, որին դիմում եք։ 


Եթե դիմում եք հաշվապահի հաստիքի համար, մի նշեք, որ երեք անգամ մասնակցել եք SMM դասընթացների, քանի որ այդ տեղեկատվությունն ավելորդ է, այն չի օգնում, չի ընդգծում Ձեր առավելությունները՝ որպես հաշվապահ։ 


Մանրամասնեք


Եթե նույն հաստիքով արդեն աշխատել եք, մի փոքր նկարագրեք, թե կոնկրետ ինչ գործառույթներ եք արել։ Դա ցույց կտա, որ լավ եք պատկերացնում, թե ինչ է Ձեզնից պահանջվում։


Սուտը դուրս է գալիս ջրի երես


Երբեք մի ստեք Ձեր հմտությունների մասին, քանի որ բացի տգեղ լինելուց՝ դա շատ արագ կարելի է ստուգել։ Հիմնականում, հարցազրույցին հաջորդում է թեստը՝ ստուգելու համար, թե արդյոք համապատասխան գիտելիքներ ունեք։ 

Մի վատնեք ոչ Ձեր, ոչ էլ գործատուի ժամանակը, եթե չեք համապատասխանում հաստիքին։


Հետադարձ կապ


CV-ում նշեք Ձեզ հետ կապի դուրս գալու մի քանի տարբերակ՝ հեռախոսահամար, էլ․ փոստ, ֆեյսբուքյան էջի հղում։ Վերջինը կարող եք անել միայն այն դեպքում, եթե վստահ եք, որ Ձեր սոցիալական ցանցում ամեն ինչ կարգին է։ Եթե Ձեր պատը լցրել եք անհամ հումորներով ու կասկածելի նորություններով, ավելի լավ է խուսափեք դա նշելուց։ Իսկ ավելի լավ է՝ պահպանեք սոցիալական մեդիայի հիգիենան ու մեդիագրագիտության կանոնները։


Մի քանի խոսք


Աշխատեք դատարկ նամակ չուղարկել գործատուին։ Նամակը ստացողն էլ է մարդ, շատ լավ կլինի ողջունել նրան, շնորհակալություն հայտնել և ևս մեկ անգամ նշել Ձեր կոնտակտային տվյալները։ 


Եթե հայտարարության մեջ նշված է՝ գրել մի քանի տող, թե ինչու եք ուզում այստեղ աշխատել կամ նմանատիպ մի բան, սա ամենահարմար տարբերակն է դա անելու։ Գրագետ շփումը, անգամ եթե չես տեսնում կամ չես էլ տեսնելու մարդուն, դրական կխոսի Ձեր մասին։


Ինչո՞վ եք ուղարկում


Էլ․ փոստն ևս  հմտություններ ունի։ Առհասարակ, էլ․ փոստ բացելուց նշեք Ձեր անունը, ազգանունը, անհրաժեշտության դեպքում՝ ծննդյան տարեթիվը, պետք չէ անհասկանալի անուններ դնել։ Անգամ եթե 2000-ականների սկզբին մեղք եք գործել և բացել եք krasavchik777@mail.ru կամ pupushaxjik111@bk.ru փոստերը, նեղություն քաշեք, նորը բացեք։ Նման անունով փոստերը ոչ միայն վստահություն չեն ներշնչում, այլև մի լավ ծիծաղեցնում են ընթերցողին։


Հույս ունենք, որ մեր խորհուրդները օգտակար եղան, և Դուք շտկեցիք այն սխալները, որոնք մինչև հիմա թույլ էիք տվել CV կազմելիս։ 


Մաղթում ենք գտնել Ձեր սրտի աշխատանքը:

Կհետաքրքրեն նաև