Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Խորհուրդներ դիմորդներին

Ինչպե՞ս են աշխատանք գտնում երիտասարդները ԲՈւՀ-ն ավարտելուց հետո

29.03.2018 | 4127 դիտում

2016-2017 ուսումնական տարում հանրապետության 63 բարձրագույն պետական և ոչ պետական ուսումնական հաստատությունների   և 12 մասնաճյուղերի  բարձրագույն կրթության առաջին ՝ բակալավրի  աստիճանն ավարտել են 19 036 ուսանող:  Նրանցից մի մասն աշխատում է ընտրած մասնագիտությամբ, մյուսներն  էլ  փնտրում են այլընտրանքային տարբերակներ սեփական գիտելիքներն օգտագործելու կամ պարզապես գումար վաստակելու համար: Երիտասարդները սեփական փորձով են պատմում ինչպե՞ս և ինչու՞ են  սկսել աշխատել իրենց մասնագիտությամբ կամ  հակառակը:

Արտակ  Խաչատրյանն  ավարտել է ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետը: Որոշ ժամանակ մասնագիտական փորձ ձեռք բերելուց և տարբեր բնույթի կամավորական աշխատանքներ անելուց հետո ինքնակենսագրական է ներկայացրել և  այժմ  դասավանդում է Դիլիջանի կենտրոնական դպրոցում: Նրա խոսքով  աշխատանք փնտրող երիտասարդները պետք է գործատուին ներկայանան մասնագիտության հանդեպ  նորարար մոտեցումներով և մտահաղացումներով:

Երիտասարդ իրավաբան Մարին  նույնպես աշխատում է սեփական մասնագիտությամբ: Նրան ևս ընտրել են  ինքնակենսագրականի միջոցով: Մարին նշում է, որ իր մասնագիտության կարևոր առանձնահատկություններից  է փորձը և ապագա իրավաբաններին խորհուրդ տալիս տեսական գիտելիքներ ստանալուն զուգահեռ աշխատել կամավորական հիմունքներով:

Մեր աշխատաշուկայի վերաբերյալ  այս  ցանկալի պատկերի հակառակ կողմն, իհարկե ևս կա:

Սպասարկման ոլորտի աշխատակիցների գերակշիռ մասը երիտասարդներն են, որոնցից շատերն ունեն բարձրագույն մասնագիտական կրթություն. նրանցից մեկն էլ տնտեսագետ Լիլիթն է: Սովորելուն զուգահեռ աշխատել է սրճարաններից մեկում և ավարտելուց հետո  երկար ժամանակ է չի կարողանում գործ գտնել: Լիլիթի խոսքով գործատուները փորձ են պահանջում, որն ինքը  չունի: Շարունակում է աշխատել սրճարանում և իր մասնագիտությամբ աշխատանք այլևս չի փնտրում:

Բուհական մասնագիտական կրթությամբ չի աշխատում նաև քաղաքագետ Անուշը: Կրթությունն ավարտելուց հետո դիմահարդարման դասընթացներ է անցել և այժմ աշխատաում է այդ որորտում: Անուշն ընտրել է իր սիրելի աշխատանքը, որի միջոցով այսօր կարողանում է վաստակել: Չի բացառում, որ հետագայում կզբաղվի քաղաքագիտությամբ, բայց այժմ զբաղվում է իր խոսքով արդի գործով:

Ըստ կատարված հարցումների,  մասնագիտական կրթությանը համապատասխան աշխատող շատ երիտասարդների հաջողության   հիմնական գրավականներն են նախաձեռնողականությունը,  ոլորտին տիրապետելու ճկունությունը, փորձի կուտակումը՝ կամավորական սկզբունքով, իսկ հակառակի պատճառը, աշխատաշուկայում տվյալ գործի սուղ լինելուց բացի, կարող է լինել նաև  սուբյեկտիվ:

Հեղինակ՝ Էլեն Աղաջանյան

Կհետաքրքրեն նաև