Get our free app. It won't take up space on your device
խորհուրդներ դիմորդներին

Արդյունավետ թիմերին բնորոշ 5 սովորություն

3/9/2024 | 4811 views

Բարձր արդյունավետությամբ աշխատող պրոֆեսիոնալների թիմ ձևավորելը դյուրին գործ չէ։ Եթե ցանկանում եք բարելավել ձեր թիմի աշխատանքի որակը, ապա պետք է պատրաստ լինեք գործուն քայլեր ձեռնարկելու, որոնք, առաջին հերթին, դրական ազդեցություն կունենան թիմի ներսում հաղորդակցության խթանման վրա։

 

Մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետներից շատերը կհամաձայնեն, որ երբեմն դա ավելի դժվար կարող է լինել, քան թվում է առաջին հայացքից։ 

 

Այսպիսով, ինչպե՞ս ձևավորել արդյունավետ թիմեր, որոնց աշխատանքի որակից է կախված բիզնեսի հաջողությունը․ այս մասին է մեր այսօրվա բլոգը։

 

 

Օբյեկտիվ հետադարձ կապ

Ազնվությունը և թափանցիկությունը իսկապես լավագույն քաղաքականությունն է, որը շատ կարևոր է առողջ մասնագիտական հարաբերություններ կառուցելու գործում: Ընկերության ղեկավարների և մենեջերների կողմից տրամադրված հետադարձ կապը, անկախ նրանից, թե դուք ընդգծում եք ուժեղ, թե թույլ կողմերը, չեն ունենա դրական ազդեցություն, եթե ձեր աշխատակիցները ձեզ չեն վստահում, հատկապես, եթե նրանք կարծում են, որ բացակայում է թափանցիկությունը։ 

 

Ստեղծեք այնպիսի մշակույթ և ձևավորեք այնպիսի մթնոլորտ, որտեղ ղեկավարությունն անկեղծ և ազնիվ  է աշխատակիցների հետ շփումներում։ Թույլ տվեք ձեր աշխատակիցներին արտահայտել իրենց անհանգստությունները և հիասթափությունները՝ չվախենալով, որ դա կարող է վատ հետևանքներ ունենալ նրանց համար: Ներդրեք գործիքներ, որոնց օգնությամբ կկարողանաք հավաքագրել աշխատակիցների անանուն արձագանքները և կարծիքները, որոնք անանունության պայմաններում ավելի անկեղծ կլինեն:

 

Կառուցեք փոխըմբռնման միջավայր

Աշխատավայրում տարաձայնություններն անխուսափելի են։ Այնուամենայնիվ, երբ մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետներն ապահովում են արդյունավետ հաղորդակցությունն անհատների և թիմերի միջև, հակասությունները դառնում են ավելի հազվադեպ, իսկ լուծումներ գտնելն՝ ավելի հեշտ: Փոխըմբռնման ձևավորումը հիմնարար նշանակություն ունի կոնֆլիկտների հաջող լուծման գործում:

 

 

Այն, թե ինչպես է ընկերությունը լուծում աշխատակիցների և թիմերի միջև վեճերը, վկայում է ընկերության ներսում առողջ մշակույթի առկայության կամ բացակայության մասին։ Լսեք ձեր աշխատակիցներին և ցուցաբերեք անկեղծ հետաքրքրվածություն։ Դա կօգնի գտնել լավագույն լուծումը այն խնդիրների համար, որոնք հակառակ դեպքում կարող էին չբացահայտված մնալ: 


Սահմանեք կոնկրետ նպատակներ և հստակ բաշխեք պարտականությունները

Բարձր արդյունավետությամբ աշխատող թիմերը հստակ պատկերացում ունեն իրենց նպատակների և դրանց հասնելու գործում թիմի յուրաքանչյուր անդամի դերի մասին: Հստակ նպատակների սահմանումը երաշխավորում է, որ բոլորը համահունչ աշխատում են միևնույն արդյունքների ուղղությամբ։ Յուրաքանչյուրի դերի սահմանումը հստակեցնում է պարտականությունները և նվազեցնում շփոթության հավանականությունը: Պարբերաբար վերանայեք և ճշգրտեք նպատակները՝ ըստ անհրաժեշտության, և համոզվեք, որ թիմի ամեն անդամ հասկանում է, թե ինչպես է իր անհատական աշխատանքը նպաստում թիմի ընդհանուր հաջողությանը: Առաջադրանքների թիրախային պատվիրակումը՝ հիմնված թիմակիցների ուժեղ կողմերի և մասնագիտական կարողությունների վրա, ավելի է բարձրացնում արդյունավետությունը:

 

 

Խրախուսեք շարունակական ուսուցումը և զարգացումը

Մրցունակ մնալու և մարտահրավերներին դիմակայելու համար թիմերում պետք է առաջնահերթություն տաք շարունակական ուսուցմանը և զարգացմանը: Խրախուսեք թիմի անդամներին հնարավորություններ գտնել հմտությունների բարելավման համար՝ լինի դա վերապատրաստման ծրագրերի, սեմինարների, կոնֆերանսների կամ անհատական ուսուցման միջոցով: Ստեղծեք այնպիսի  մշակույթ, որը գնահատում է նորարարությունների և նոր տեխնոլոգիաների ու մեթոդների իմացությունը։ Տրամադրեք անհրաժեշտ ռեսուրսներ և աջակցեք աշխատակիցների շարունակական աճին: Ներդրումներ կատարելով թիմի անդամների զարգացման մեջ՝ կազմակերպությունները ոչ միայն ամրապնդում են նրանց անհատական կարողությունները, այլև նպաստում են ընկերության զարգացմանը։

 

Խրախուսեք համագործակցությունը

Վստահությունը արդյունավետ թիմային աշխատանքի հիմքն է, որն էլ նպաստում է թիմի անդամների միջև համագործակցությանը։ Հնարավորություններ ստեղծեք թիմակիցների համար՝ աշխատանքից դուրս միմյանց հետ շփվելու և հաղորդակցվելու համար։ Խրախուսեք միմյանց աջակցելու և համագործակցային մթնոլորտը, որտեղ թիմի անդամները կիսվում են իրենց գաղափարներով, չեն խուսափում հարկ եղած դեպքում օգնություն խնդրել գործընկերներից և փոխադարձաբար իրենց օգնությունն առաջարկել վերջիններիս։

 

 

Այսպիսով, մեր քննարկած սովորությունները ծառայում են որպես հիմնաքար ցանկացած կազմակերպությունում բարձր արդյունավետությամբ աշխատող թիմեր ստեղծելու և պահպանելու համար: Դրանք ոչ միայն բարձրացնում են աշխատանքի արդյունավետությունը, այլև ստեղծում են աջակցող և ներառական միջավայր, որտեղ յուրաքանչյուր անդամ իրեն գնահատված է զգում։

 

You may like