Get our free app. It won't take up space on your device

Ինչպե՞ս պատասխանել «Որո՞նք են ձեր կարիերայի երկարաժամկետ նպատակները» հարցին

Սա այն հարցերից է, որոնց հարկավոր է պատրաստվել մինչ հարցազրույցի գնալը՝ ուսումնասիրելով ընկերությունը և որոշելով, թե արդյոք ձեր ձգտումներին կարող եք հասնել տվյալ կազմակերպությունում: Մեր այսօրվա բլոգում կքննարկենք, թե ինչպես պատասխանել հարցին՝ ընդգծելով, որ ձեր մասնագիտական նպատակները և ընկերության տեսլականը համընկնում են։

 

Նախ առանձնացրեք ձեր երկարաժամկետ կարիերայի նպատակներից մի քանիսը։ Հարցազրուցավարի հետ քննարկեք այնպիսիները, որոնք առնչվում են տվյալ աշխատանքին: Դա կօգնի նրան հասկանալ, թե ինչպես են ձեր կարիերայի նպատակները համընկնում ընկերության նպատակների հետ, որպեսզի նրանք կարողանան որոշել, թե արդյոք դուք լավ եք համապատասխանում առաջարկվող պաշտոնին:

 

 

Հարցազրուցավարները սովորաբար ցանկանում են լսել ոչ միայն ձեր ձգտումների մասին, այլև իմանալ, թե ինչպես եք նախատեսում հասնել ձեր նպատակներին: Համառոտ ուրվագծեք այն քայլերը, որոնք պատրաստվում եք ձեռնարկել ձեր նպատակներին հասնելու համար, օրինակ՝ դասընթացի մասնակցել, նոր ծրագրային ապահովում ուսումնասիրել, որը թույլ կտա ձեր աշխատանքն ավելի արդյունավետ կատարել։ 

 

Եթե ներկայումս քայլեր եք կատարում ձեր երկարաժամկետ նպատակների իրագործման ուղղությամբ, կարող եք հակիրճ ներկայացնել, թե արդեն իսկ ինչ ձեռքբերումներ ունեք այդ ճանապարհին և ինչ կոնկրետ գործողություններ եք պլանավորում ապագայում։ 

 

 

Որպես երկարաժամկետ նպատակ, կարող եք առանձնացնել աշխատանքի հետ կապված նոր հմտություն սովորելու ձեր ցանկությունը։ Դա կարող է ձեզ դիրքավորել որպես ինքնակատարելագործման ձգտող մարդ: Փորձեք կենտրոնանալ համապատասխան հմտության վրա և բացատրել, ոչ միայն այն, թե ինչպես եք նախատեսում այն ձեռք բերել, այլև ինչպիսի ժամկետներում։

 

Եվ վերջապես, ներկայացրեք, թե ձեր նպատակները ինչ օգուտ կարող են տալ ընկերությանը։ Օրինակ, եթե ​​հասկանում եք, որ կազմակերպությունը բարձր է գնահատում թիմային աշխատանքը, ընդգծեք թիմերի հետ սերտ համագործակցելու նոր մեթոդների և տեխնիկաների հանդեպ ձեր հետաքրքրությունը: Իհարկե, պետք չէ նաև մոռանալ, որ ձեր նպատակները պետք է իրատեսական լինեն։

You may also like