Կարիերայի աճն առանց պաշտոնի փոփոխության․ ինչպե՞ս զարգանալ նույն դերում
Կարիերայի զարգացումը շատերի համար կապվում է նոր պաշտոնի և ավելի բարձր աշխատավարձի հետ։ Սակայն մասնագիտական աճը պարտադիր չէ, որ միշտ արտահայտվի պաշտոնի անվան փոփոխությամբ։ Հնարավոր է երկար ժամանակ մնալ նույն դերում և միաժամանակ զգալիորեն ընդլայնել գիտելիքներն ու պատասխանատվությունը։
Կարիերայի զարգացումը վերլուծելու գործում առաջին քայլը սեփական դերի սահմանները վերանայելն է։ Ի՞նչ խնդիրներ եք կարողանում լուծել այսօր, որոնք աշխատանքի սկզբում դեռ չէիք կարողանում։ Որո՞նք են այն գործընթացները, որոնց մասին ավելի խորքային պատկերացում ունեք։ Այս հարցերի պատասխանները կարող են ցույց տալ ձեր իրական առաջընթացը։
Նույն պաշտոնում զարգանալու ձևերից մեկը նոր հմտություններ ձեռք բերելն է։ Դրանք կարող են կապված լինել ձեր հիմնական մասնագիտության հետ կամ լրացնել այն։ Օրինակ՝ բովանդակության մասնագետը կարող է զարգացնել SEO-ի, վերլուծության կամ UX-ի գիտելիքները, իսկ վաճառքի մասնագետը՝ տվյալների վերլուծության կամ CRM գործիքների կիրառման հմտությունները։
Աճի մեկ այլ հնարավորություն է ավելի բարդ խնդիրների և նախագծերի վրա աշխատելը։ Եթե նախկինում պատասխանատու էիք միայն ձեր առաջադրանքների համար, կարող եք աստիճանաբար ներգրավվել ավելի լայն գործընթացներում՝ համագործակցելով այլ թիմերի հետ կամ ստանձնելով կոնկրետ նախագծի համակարգումը։
Կարևոր է նաև նախաձեռնողականությունը։ Երբ նկատում եք գործընթաց, որը կարելի է բարելավել, կարող եք ոչ միայն բարձրաձայնել խնդիրը, այլև առաջարկել հնարավոր լուծում։ Նույնիսկ փոքր փոփոխությունը կարող է ցույց տալ, որ դուք մտածում եք ոչ միայն ձեր առաջադրանքների, այլև ընդհանուր աշխատանքի արդյունավետության մասին։
Մասնագիտական աճի հարցում կարևոր դեր ունի նաև feedback-ը։ Ղեկավարից կամ գործընկերներից պարբերաբար կարծիք ստանալը կարող է օգնել հասկանալ՝ որոնք են ձեր ուժեղ կողմերը և որ ուղղություններով դեռ կարելի է զարգանալ։ Իսկ ստացած feedback-ը օգտակար է վերածել կոնկրետ գործողությունների։
Եթե ձեր նպատակը պաշտոնի բարձրացումն է, ապա պետք է հասկանալ նաև, թե ինչ հմտություններ և արդյունքներ են անհրաժեշտ հաջորդ մակարդակին հասնելու համար։ Բայց նույնիսկ այդ դեպքում աճը սկսվում է ներկայիս դերում։
You may also like