Ինչու է դժվար «ոչ» ասելը աշխատավայրում և ինչպես սովորել դա անել
«Կարո՞ղ ես նաև սա անել», «Կարո՞ղ ես այս անգամ մի փոքր երկար մնալ», «Շատ արագ է պետք, կկարողանա՞ս հասցնել»։ Աշխատանքի ընթացքում նման հարցեր գրեթե բոլորս էլ լսում ենք։ Եվ երբեմն ամենադժվար մասը ոչ թե այդ գործն անելն է, այլ պատասխանելը՝ «ոչ, չեմ կարող»։
Շատերի համար «ոչ» ասելը թվում է կոպիտ, ոչ համագործակցային կամ նույնիսկ վտանգավոր, հատկապես եթե նոր եք սկսել աշխատել ընկերությունում, ուզում եք լավ տպավորություն թողնել կամ պարզապես չեք ցանկանում հիասթափեցնել գործընկերներին ու ղեկավարին։
Բայց աշխատանքում ամեն ինչին «այո» ասելը միշտ չէ, որ ձեզ դարձնում է լավ աշխատակից։
Մենք հաճախ մտածում ենք, որ «ոչ» ասելը նշանակում է հրաժարվել մարդուն օգնելուց։ Իրականում դուք կարող եք հրաժարվել կոնկրետ խնդրանքից, ոչ թե մարդուն օգնելուց։
«Ոչ» ասելը չի նշանակում՝ «ես չեմ ուզում աշխատել»։ Ենթադրենք՝ ձեր գործընկերը խնդրում է օգնել մեկ այլ առաջադրանքի հարցում, բայց դուք արդեն ունեք երեքը, որոնք պետք է ավարտեք մինչ օրվա ավարտը։ Կարող եք պարզապես ասել․ «Այս պահին արդեն ունեմ մի քանի առաջնահերթ առաջադրանք։ Եթե սա ավելի հրատապ է, կարող ենք որոշել՝ դրանցից որը տեղափոխել ավելի ուշ»։
Դուք չեք ասում՝ «չեմ ուզում»։ Դուք բացատրում եք ձեր հնարավորությունների սահմանը և միաժամանակ առաջարկում լուծում։
Սովորեք տարբերել «չեմ ուզում»-ը և «չեմ կարող»-ը։ Եթե ձեզ առաջարկում են լրացուցիչ առաջադրանք, որը պարզապես հետաքրքիր չէ, բայց ունեք բավարար ժամանակ և այն մտնում է ձեր պարտականությունների շրջանակի մեջ, գուցե արժե վերանայել առաջնահերթությունները և աշխատել այդ առաջադրանքի վրա, բայց եթե դրա պատճառով չեք հասցնելու ձեր արդեն ստանձնած պարտականությունները, «ոչ» ասելը կարող է ավելի պատասխանատու մոտեցում լինել։
Ի վերջո, երբ ամեն ինչին համաձայնում եք, բայց հետո ոչինչ չեք հասցնում ժամանակին, դա ավելի վատ արդյունք է, քան սկզբում սահմանը հստակեցնելը։ Աշխատավայրում սահմաններ դնելը չի նշանակում ավելի քիչ նվիրված լինել աշխատանքին։ Երբեմն ճիշտ ժամանակին ասված «ոչ»-ը հենց այն է, ինչ թույլ է տալիս ձեր «այո»-ները ավելի արժեքավոր դարձնել։
You may also like